
«Անցյալ շաբաթ մեր բանակցություններից հետո մենք խոսեցինք նախագահ [Ռուսաստանի Վլադիմիր] Պուտինի հետ, ինչպես նաև Ուկրաինայի առաջնորդների հետ, այդ թվում՝ նախագահ [Ուկրաինայի Վլադիմիր] Զելենսկու հետ։ Եվ պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել [վերջին խաղաղության առաջարկը]՝ համենայնդեպս այդպես էր մի քանի ժամ առաջ», – ասաց Դոնալդ Թրամփը։
«Նրա [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու] ժողովուրդը սիրում է այն [խաղաղության առաջարկը], բայց նա չի կարդացել այն։ Ռուսաստանը համաձայն է դրա հետ։ Գիտեք, Ռուսաստանը կնախընտրեր ստանալ ամբողջ երկիրը, եթե մտածենք դրա մասին։ Բայց կարծում եմ՝ Ռուսաստանը համաձայն է։ Այնուամենայնիվ, վստահ չեմ, որ Զելենսկին համաձայն է դրա հետ», – հավելեց Թրամփը։
Մինչդեռ, Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 7-ի երեկոյան իր Telegram ալիքում խոսել է նախորդ օրը ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Վիտկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: «Ամերիկացի դեսպանները տեղյակ են Ուկրաինայի հիմնական դիրքորոշումներից, և զրույցը կառուցողական էր, թեև դժվար», – ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով դեսպան Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը «շատ մոտ է» ստորագրմանը, բայց դրա ճակատագիրը կախված է երկու հիմնական հարցերի լուծումից՝ Դոնբասի ապագայից և Զապորոժյեի ատոմակայանի (ԶԱԷԿ) մասին որոշումից: «Եթե մենք լուծենք այդ երկու հարցերը, կարծում եմ՝ մնացած ամեն ինչ բավականին սահուն կլուծվի», – նշել է Քելոգը։
Թրամփի պնդումը, որ Զելենսկին նույնիսկ չի կարդացել իր ծրագիրը, չնայած այն դեմ է Ռուսաստանի կողմից ամբողջ Ուկրաինան գրավելուն, ցույց է տալիս, որ հարցն այժմ կախված է Զելենսկու անձից: Թրամփը ուկրաինացի ժողովրդին ասում է, որ խնդիրը Զելենսկին է։ Եթե չեք ուզում, որ Ռուսաստանը գրավի ամբողջ Ուկրաինան, լուծեք նախագահի հարցը։ Թրամփը չի թաքցնում, որ չի պատրաստվում «համոզել» Պուտինին, բայց կարող է ճնշում գործադրել Զելենսկու վրա։
Զելենսկու ճակատագիրը, իշխանությունը պահելու կամ այն զիջելու նրա կարողությունը, մեծապես կարող է որոշել այլ առաջնորդների ճակատագիրը, ովքեր իրենց երկրները պատերազմի մեջ են ներքաշել կամ դեռևս այնտեղ են պահում։ Նրանց քաղաքական ճակատագրերը անբաժանելիորեն կապված են պատերազմի, կամ «խաղաղության» հետ, ինչպես պատերազմն անվանում են Փաշինյանն ու Ալիևը։ «Պատերազմ-խաղաղություն» իրավիճակից դուրս այս առաջնորդները ոչ մեկին պետք չեն։
Սա հատկապես վերաբերում է Նեթանյահուին, որը երեկ հայտարարեց, որ չի համաձայնվի լքել իշխանությունը նույնիսկ կոռուպցիայի գործով ներման դիմաց։
Սակայն Զելենսկու նախադեպը կարող է հատկապես զգալի ազդեցություն ունենալ Փաշինյանի և Ալիևի վրա, ովքեր կատարել են իրենց առաքելությունը և պետք է հեռանան։ Վաշինգտոնում Թրամփը հարցրեց Ալիևին. «Քանի՞ տարի եք իշխանության գլուխ»։ Ալիևը հպարտորեն պատասխանեց. «22»։ «Օ՜, դա ցույց է տալիս, որ դուք ուժեղ առաջնորդ եք», – ասաց Թրամփը։ Բայց Ալիևը, բնականաբար, սա ընդունեց ոչ թե որպես գովասանք կամ ճանաչում, այլ որպես ակնարկ այն մասին, որ նա չափազանց երկար է պաշտոնավարում։
Այս պահին Թրամփը ակնարկեր է անում Զելենսկուն, բայց նրա նախադեպը վիրուսային կլինի ուրիշների համար։