2025 թ. դեկտեմբերի 1-ին մեր գործընկերը՝ Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը, հրապարակեց մի տեսանյութ (
https://www.facebook.com/share/v/1G7FSUvpZ4/), որը նկարահանվել էր Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում։
Տեսանյութում «ադրբեջանական» կողմը ներկայացնում էր այդ գյուղի խաչքարերն իբր «աղվանական ծագման» հուշարձաններ՝ շարունակելով այն քաղաքականությունը, որը միջազգային փորձագետների և ոլորտային մասնագետների լայն շրջանակը գնահատում է որպես պատմամշակութային ժառանգության համակարգված վերագրում և մշակութային ինքնության կեղծում։
Այս գործընթացը նոր երևույթ չէ․ հայկական պատմաճարտարապետական ժառանգության «աղվանականացման» քաղաքականությունը սկիզբ է առել դեռևս 1950-ականների վերջին և հետագայում՝ 1960-ականներից, առավել ուժեղանալով։ Այդ ժամանակներից մինչև այսօր այն վերածվել է պետականորեն համակարգված ռազմավարության, որի բոլոր մակարդակները վերահսկվում են «Ադրբեջանի» իշխանությունների կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։
Քննադատների դիտարկմամբ, այս քաղաքականության առանցքում գտնվում է պատմական փաստերի խեղաթյուրումը, որի հիմնական նպատակն է տարածաշրջանում հայկական մշակութային ներկայությունը հիմնովին ոչնչացնելը։ Նախորդ տասնամյակներում «Ադրբեջանի» գաղափարախոսական հարվածի թիրախը հիմնականում Արցախի, Ուտիքի և Նախիջևանի հայկական հուշարձաններն էին, սակայն 2000-ականներից սկսած քաղաքականության աշխարհագրությունն ընդլայնվեց։ Այն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հարյուրավոր վանքեր ու եկեղեցիներ՝ Էջմիածնի մայր տաճարից մինչև Սևանավանք, Նորավանք, Հաղարծին, Գոշավանք, Տաթև, Հառիճավանք, Գեղարդավանք և այլն։
Նույնօրինակ ակադեմիականորեն չհիմնավորված վերագրումներ կատարվել են նաև Վրաստանի և Արևմտյան Հայաստանի (Հայոց ցեղասպանության հետևանքով Թուրքիայի կողմից բռնազավթված) տարածքներում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ, ներառյալ Աղթամարի Սուրբ Խաչը։ Մտահոգիչ է, որ այս քաղաքականությունը տարածվել է նաև վրացական ժառանգության վրա․ ամենավառ օրինակներից է Դավիթ Գարեջայի վանական համալիրը, որը Բաքվի վարչակարգը ներկայացրել է որպես «աղվանական»։
«Ադրբեջանի» վարչախմբի այս քաղաքականությունը ոչ միայն վտանգում է տարածաշրջանային պատմությունը, այլև ամբողջ Կովկասի մշակութային բազմազանությունը։ Աղվանականացման քաղաքականությունը չի սահմանափակվում միայն սխալ կամ գիտական հիմքեր չունեցող վերագրումներով․ այն ուղեկցվում է նաև մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմամբ։
Սա միջազգային իրավունքի տեսանկյունից դիտվում է որպես կրկնակի խախտում․ նախ՝ ժառանգության իսկության խեղաթյուրում, ապա՝ դրա ֆիզիկական ոչնչացում։ Խաչքարերի ոչնչացումը համարվում է մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։ Մասնավորապես՝ Ջուղայի խաչքարերի ամբողջական վերացումը, որի տարածքում հետագայում կառուցվել է ռազմական հրաձգարան, լայնորեն արձանագրված է անկախ դիտորդների, լուսանկարիչների և մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցներում։
Նույն ճակատագրին են արժանացել նաև Արցախի պատմամշակութային հուշարձանները՝ այդ թվում Հադրութի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (գյուղը հետագայում ոչնչացվել է) , Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը «ադրբեջանական» պետական քարոչամեքենան ներկայացրել է որպես «ուղղափառ» կամ «աղվանական» եկեղեցի և այլ պատմամշակութային հուշարձաններ։
Այս փաստերը, որոնք բազմիցս արձանագրված են անկախ հետազոտողների, միջազգային մամուլի և վավերագրական նյութերի միջոցով, վկայում են համակարգված քաղաքականության մասին, որը նպատակ ունի ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ժխտմանը, այլև տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների բազմաշերտ ինքնության քայքայմանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արցախի ամբողջ քաղաքակրթական ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ։