Եկեղեցում դրոշ դնենք, կառավարաության նիստերին էլ մոմ վառենք

  • 15:11 08.12.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ եկեղեցում ՀՀ պետական օրհներգի հնչեցման եւ դրոշի տեղադրման անհրաժեշտության մասին։

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Սա Սահմանադրությանը հակասող չէ»։

Սրբուհի Գալյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց․ «Դուք միշտ հարցնում եք՝ արդյոք եկեղեցականների գործերին միջամտելը չի նշանակո՞ւմ սահմանադրական կարգի տապալում, դա հասկացանք, որ ոչ։ Հիմա ասում եք՝ արդյոք դրոշ տեղադրելը ճի՞շտ է։ Իսկ ինչ-որ մեկը հերքո՞ւմ է, որ պետության կողմից է հիմնադրվել եկեղեցին եւ ճանաչվել որպես պետական կրոն։ Ես կարծում եմ՝ նպատակը եւ գաղափարը մեր պետականության գիտակցման, պետության ամրության եւ միասնականության գիտակցման մեջ է։ Քանի որ եկեղեցու դերն ընդգծված է Սահմանադրությամբ, ինչո՞ւ չեն կարող եկեղեցում լինել ՀՀ դրոշներ եւ ինչո՞ւ չի կարող հնչել ՀՀ օրհներգը։ Այո, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել»։

Սրբուհի Գալյանը նաեւ ասաց, որ ինքը դեմ չէր լինի, եթե կառավարության նիստերը սկսվեին տերունական աղոթքով։