Վրաստանը դեմ է “Զանգեզուրի միջանցքին”, իսկ Հայաստանը խաղում է Բաքվի և Անկարայի խաղը

  • 10:44 09.12.2025

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանը շուտով կսկսի նավթամթերք մատակարարել Հայաստան, բայց կրկին՝ ոչ ուղղակիորեն, այլ Վրաստանի միջոցով։

Բաքուն պնդում է, որ ուղիղ մատակարարումները կարող են սկսվել միայն “Զանգեզուրի միջանցքի” բացման դեպքում, չնայած նույնիսկ առանց դրա, Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ունեն առևտրի համար պատրաստ ճանապարհներ, այդ թվում՝ երկաթուղի։ Սակայն Բաքվին առևտուր չէ պետք Հայաստանի հետ, այլ՝ Երևանի կողմից չվերահսկվող Հայաստանի հարավ, ինչը կհանգեցնի ՀՀ պետականության վերացմանը։

Վրաստանը դեմ է “Զանգեզուրի միջանցքով” Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցությանը։ Չնայած Թբիլիսին արդեն համաձայնել է թույլ տալ ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը մուտք գործել Հայաստան առանց մաքսատուրքի, Բաքուն դժգոհ է վրացական իշխանություններից։

«Վրացական կողմը բազմիցս Թբիլիսիի և Բաթումիի մաքսատներում կանգնեցրել է Եվրոպա ուղևորվող ադրբեջանական տարանցիկ բեռնատարները՝ վարորդներին ենթարկելով անհիմն տուգանքների և կոպիտ վերաբերմունքի։ Նրանց խոսքով՝ մաքսային պաշտոնյաները բացահայտ հայտարարել են. «Տեղափոխեք բեռները ձեր Զանգեզուրի միջանցքով», – գրում են Բաքվի լրատվամիջոցները։

Այն, որ «Զանգեզուրի միջանցքի» նպատակը հաղորդակցությունների բացումը չէ, այլ ուղղակի էքսպանսիան, այլևս ոչ մեկի համար նորություն չէ, այդ թվում՝ Վրաստանում: Այն, որ Բաքուն և Անկարան նույնիսկ այսօր կարող են բացել սահմանները և ապաշրջափակել հաղորդակցությունները, նույնպես անվիճելի է: Սակայն նրանց պետք չեն ճանապարհներ Հայաստանով. նրանք ուզում են ՀՀ պետականության վերացումը: Միայն թե հիմա դա տեղի կունենա ոչ թե ռազմական գործողությունների միջոցով, այլ «խաղաղ ճանապարհով»:

Երևանը շարունակում է խաղալ Բաքվի և Անկարայի խաղը՝ «հեռացնելով» նրանց էքսպանսիայի խոչընդոտները: Մասնավորապես, ինչպես գոհունակությամբ հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները, այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց հեռացնել Արարատ լեռան պատկերը ՀՀ մուտքի վիզայի դրոշմանիշներից, որոշում կայացվեց թողարկել 50,000 դրամանոց թղթադրամներ՝ թարմացված դիզայնով:

«ՀՀ կենտրոնական բանկը հաստատել է, որ թղթադրամից կհեռացվեն երկու ավանդական խորհրդանիշներ՝ Արարատ լեռը և Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի դիմանկարը: Նոր թղթադրամի դիզայնում կլինի Հայաստանի Հանրապետության կառավարության շենքը», – հաղորդում է Բաքուն:

Նրանք նաև ասում են, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են պետական ​​զինանշանի վրա Արարատ լեռան՝ Նոյյան տապանը գագաթին պատկերը փոխարինել Սևանա լճի ուրվագծով։