«Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան մեզ հետ առնչվում է նաեւ Արցախի մասով»

  • 17:10 09.12.2025

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան իր ակունքներով ու գաղափարական հիմքերով առաջին հերթին իր աչքի առջեւ նկատի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Կոնվենցիայի հիմնական մշակողը՝ Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն տերմինն առաջարկելիս որպես նախադեպ է օգտագործել Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոստը։ Այս մասին այսօր «Հայաստանը ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ Վարդան Պողոսյանը։

«Դրա համար այդ կոնվենցիան մեզ համար կարեւոր է, եւ անցյալում դիվանագիտական քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ցեղասպանություն երեւույթը դատապարտվի մարդկության կողմից եւ կիրառվի նաեւ այս կոնվեցիան»։

Նշենք, որ 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան: 2015թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի եւ այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր։

«Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան մեզ հետ առնչվում է նաեւ Արցախի մասով։ Վստահ եմ, որ բոլորդ տեղյակ եք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն համապատասխան փորձագիտական եզրակացություն էր ներկայացրել Արցախում 2023 թվականի սեպտեմբերից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եւ դրանք դիտարկել էր որպես ցեղասպանություն»,- ասաց Վարդան Պողոսյանը։

Նա նշեց, որ այսօր միջազզային հարաբերությունները հեղհեղուկ իրավիճակում են, միջազգային իրավունքը գրեթե դադարել է գործել։ «Թեպետ միջազգային իրավունքն այսօր չի գործում, բայց դրանից չի հետեւում, որ ընդհանրապես չի գործելու։ Հետագայում կարող են ստեղծվել բարենպաստ պայմաններ, որպեսզի այդ իրավունքն իսկապես գործի, ներառյալ՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան»,- ասաց մասնագետը։