
2023-ի սեպտեմբերի մահաբեր պայթյունից անցել է ավելի քան երկու տարի։ Ցավն օրեցոր ավելանում է, իսկ բոլոր հարցերը մնում են անպատասխան։ Պայթյունից տուժածներին այդպես էլ որևէ կարգավիճակ չի տրվել, ինչպես հարազատներն են ասում ՝ ապրում են իրենց ցավի հետ, անտեսված ու մոռացված։
Աշոտ Էդիկի Հովհաննեսյանը մեկն է այն հարյուրավորներից, որ զոհ է դարձել չարաբաստիկ պայթյունին։
Ավագ դուստրը՝ Մարիամը, չի կարողանում հարմարվել իրականության հետ
– Դեռ չէին սպիացել 2020-ի վերքերը, մարդիկ չէին հասցրել ուշքի գալ, 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում կրկին սկսվեց ռազմական գործողություն, որը մեր ընտանիքի և Արցախի ժողովրդի համար ամենածանր և անտանելի պատերազմն էր։ Մեկ օրվա ընթացքում հարյուրավոր տղաներ զոհվեցին՝ կռվելով իրենց գերազանցող ուժերի դեմ։
2023-ի սեպտեմբերի 20-ին՝ պայմանավորվածության համաձայն, իրականացվեց նոր թշնամանք սեփական ժողովրդի հանդեպ։ Կնքվեց հրադադարի պայմանագիր, որի համաձայն ռազմական դիրքերը բանակայինները պետք է հանձնեին ռուսական զորքերին։ Ոչ ոք չէր գիտակցում, որ նախապատրաստվում է Արցախի հայաթափումը, և օրեր հետո կսկսվի բռնագաղթը։
Այդ օրերը ամենածանր օրերն էին Արցախում։ Մարդիկ չէին ցանկանում թողնել, կարելի է ասել, դարերով ստեղծած տուն ու տեղը։ Առանձնապես ծանր էր տարեցների համար, ովքեր ցանկանում էին վերջին հանգրվանը հայրենի հողում գտնել։
Ամենամեծ խնդիրը վառելիքի բացակայությունն էր։ Լսել էինք, որ խաղապահները գաղտնի վաճառում էին <<ոսկի>> դարձած բենզինը։ Հայրս նույնպես բենզինի փնտրտուքի մեջ էր և մտածում էր՝ ինչպես գտներ գոնե 20 լիտր բենզին, որ կարողանա հասնել մինչև Հակարի կամուրջը։ Սեպտեմբերի 24-ին հայրս մորս ու քրոջս տեղափոխեց Իվանյանի մեր բնակարանը, որ վառելիք գտնելուց հետո նույնպես բռնեն գաղթի ճանապարհը։
Հաջորդ օրը նա հարյուրավոր մարդկանց հետ վառելիքի պահեստում էր։ Տանից դուրս գալու պահին՝ նա չգիտեր, որ վերջին անգամ է տեսնում հարազատներին: Արդեն մթնել էր․ մայրս ու քույրս տանը սպասում էին, իսկ ես կապ չէի կարողանում հաստատել ոչ մեկի հետ, քանի որ կապերը խափանվել էին (գտնվում էի Հայաստանում)։ Սակայն վատ լուրերը շուտ են տեղ հասնում․ խոշոր պայթյունից զոհվել էին հայրս, հորեղբորս փեսան և շատ-շատ բարեկամներ։
Մեր ընտանիքի համար սկսվեց ծանր շրջան։ Սկզբից հորս մարմինը չէինք գտնում ու հույսի մի փոքրիկ շող էինք պահում, սակայն, մի ամիս անց, ԴՆԹ թեստի դրական արդյունքով պարզվեց հորս ինքնությունը և մեզ հայտնեցին, որ կարող ենք վերցնել նրա մասունքները։ Հայրս զոհվեց 54 տարեկան հասակում՝ արժանանալով իր հոր ճակատագրին։
Անցել է երկու տարի։ Մեզ՝ տուժողներիս, կառավարության կողմից այդպես էլ որևէ կարգավիճակ չտրվեց։ Ասես այդ մարդիկ երբեք էլ գոյություն չեն ունեցել։ Ապրում ենք անտեսված և մոռացված։ Չկան մեղավորներ։ Բենզինի պայթյունի հետ կապված ոչ ոք այդպես էլ չպատժվեց, ու մինչև այսօր չենք իմանում պայթյունի իրական պատճառը։
Աշոտ Հովհաննեսյանը ծնվել է 1969 թվականի մարտի 2-ին, Արցախի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում՝ Էդիկ և Վալյա Հովհաննեսյանների ընտանիքում, որը գյուղում հայտնի է որպես Տեր Ըվընեսանց․ արմատները բերդաքաղաք Շուշիից են։ Գերդաստանի նախնիները Շուշիում հոգևորականներ են եղել։ Նրանց մի եղբայրը՝ Հովհաննեսը, իր ընտանիքով տեղափոխվել է Խնձրիստան և աշխատել գյուղի ծխական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Բազմանդամ ընտանիքում կրթությունը շատ հարգված էր։ Աշոտի հայրը՝ Էդիկը, գյուղում հայտնի ու հարգված վարորդներից մեկն էր։ Աշոտը ևս ընտրել էր վարորդի մասնագիտությունը։ Ավարտել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցը, որից հետո աշխատել է Վորոշիլովի անվան սովխոզում՝ որպես վարորդի օգնական։ Շատ–շատերի նման՝ 18 տարին լրանալուց հետո, զորակոչվել է Խորհրդային բանակ ու ծառայությունն անցկացրել ԳԴՀ–ում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Խնձրիստան գյուղի կոլտնտեսությունում՝ որպես վարորդ։
Կինը՝ Նադյան, պատմում է, տրվում հիշողություններին
– Երբ 1988-ին ծնված Արցախյան շարժումը վերածվեց գոյապայքարի, Հովհաննեսյանների ընտանիքի 5 որդիները կամավորագրվեցին և գնացին ռազմի դաշտ։ Յուրաքանչյուր եղբայր հերթով փոխարինում էր խրամատում գտնվող մյուս եղբորը։ 1992 թվականի սեպտեմբերի 24-ին, մի շարք գյուղերի հետ ռմբակոծության և հրետակոծության է ենթարկվում նաև Խնձրիստան գյուղը։ Ծանր մարտեր էին գնում Կիչան-Սրխավանդ կոչվող գյուղերի տարածքում։ Այդտեղից էլ հրետակոծվում է գյուղը, որի ժամանակ զոհվում է ամուսնուս հայրը՝ դեռ չբոլորած 54 տարին։ Ռազմական գործողությունները շարունակվում էին։ Դաժան մարտեր էին գնում Քարագլուխ կոչվող բարձունքում, որտեղ գրեթե ամեն օր զոհեր էին լինում։ Մայիս ամիսն էր։ Հերթական հերթապահության գնաց հորեղբայրը․ պիտի փոխարիներ Աշոտին։ Վերջինս չէր ցանկանում, որ եղբայրն իրեն փոխարինի՝ մտածելով նրա փոքրիկների մասին։ Սակայն ճակատագրից չես փախչի։ Թշնամու թաքնված գնդակից զոհվում է Գարիկը։ Մի ընտանիքում մեկ տարվա մեջ երկու զոհ:
Հաղթանակով ավարտվեց Արցախյան առաջին պատերազմը։ 1994 թվականին մենք ամուսնացանք։ Ունեցանք երկու աղջիկ ու մի տղա, որին կոչեցինք հերոս հորեղբոր անունով։ Տեղափոխվեցինք Ասկերան։ Ծառայության անցանք Արցախի պաշտպանության բանակում։ Մինչև 2023-ի սեպտեմբերի 21-ը աշխատում էի՝ որպես բուժքույր։ Աշոտը շուրջ 25 տարի ծառայել է ՊԲ-ում՝ որպես սպա, ապա անցել զինվորական թոշակի։
Նա մասնակցել է 2016-ի ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Աշոտի մտքով երբեք չէր անցնում թողնել հայրենիքը, սահմանում կռվող որդուն, դստեր ամուսնուն ու հարազատ եղբայրներին, քանի որ լավ գիտեր մայր հողի քաղցրությունն ու արյան գինը։ Իմ ամուսինը մինչև վերջ փորձում էր իր ուժերի ներածին չափ օգնել իր հայրենակիցներին, իր լուման ներդնել Արցախի բարգավաճման համար։ Նա շարունակում էր կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր պաշտպանության առաջին գծում էին։
Ցավոք, այս ընտանիքի ճակատագիրն ունեն հարյուրավոր արցախցի ընտանիքներ, որոնք մինչև 2023-ի սեպտեմբերը բոլորովին այլ կյանքով էին ապրում։ Այժմ նրանց կյանքում մեկտեղվել են ցավ ու մորմոք, անարդար վերաբերմունք, անորոշ ապագա։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ