Զելենսկու համաձայնությունը ընտրություններին. կդադարեցնի՞ Պուտինը ռազմական գործողությունները

  • 10:24 10.12.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նախագահական ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին և հրապարակավ կոչ է արել Գերագույն ռադայի պատգամավորներին պատրաստել առաջարկներ՝ օրենսդրական փոփոխություններ կատարելու համար, որոնք թույլ կտան քվեարկել ռազմական դրության պայմաններում, հաղորդում է Novyny.LIVE-ը: Դրանից կարճ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Նա խորհուրդ է տվել իր ուկրաինացի գործընկերոջը դրանք կազմակերպել հնարավորինս շուտ։

«Կարճ կպատասխանեմ. ես պատրաստ եմ ընտրություններին: Ես խնդրում եմ ԱՄՆ-ին օգնել ինձ հիմա, գուցե մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, ապահովելու ընտրությունների անվտանգությունը, և այդ դեպքում Ուկրաինան պատրաստ կլինի դրանց հաջորդ 60-90 օրվա ընթացքում», – ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Թրամփը երեկ միանշանակ հայտարարել է, որ ժամանակն է, որ Ուկրաինան անցկացնի նախագահական ընտրություններ: Մինչ այդ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել էր, որ ոչինչ չի ստորագրի Վլադիմիր Զելենսկիի հետ, քանի որ նրան համարում է անօրինական նախագահ։

Հիշեցնենք, որ Զելենսկու հնգամյա ժամկետն ավարտվել է ամիսներ առաջ, սակայն նրա ժամկետը երկարաձգվել է, քանի որ ռազմական դրության պայմաններում ընտրություններ անցկացնելն անհնար էր։ Ռուսաստանը հայտարարել է, որ այս դեպքում նախագահական լիազորությունները պետք է փոխանցվեին Գերագույն ռադայի խոսնակին։

Թրամփի «խաղաղության ծրագիրը» հիմա կախված էր Զելենսկիից, և Թրամփը պահանջել է ընտրություններ՝ նշելով, որ Զելենսկու հաղթանակը չի բացառվում։

«Այժմ Թրամփը կարող է զանգահարել Պուտինին և առաջարկել հրադադար Ուկրաինայի տարածքում մինչև մեր երկրում նախագահական, և հնարավոր է՝ միաժամանակյա խորհրդարանական ընտրությունները։ Եթե ռազմական գործողությունները դադարեցվեն 60-90 օրվա ընթացքում, Ուկրաինան կունենա բոլոր հնարավորությունները անցկացնելու իր ընտրարշավը և ընտրությունները», – նշել է լրագրող Վիտալի Պորտնիկովը։

Պուտինը մինչ օրս չի համաձայնվել ռազմական գործողությունները դադարեցնելուն՝ պնդելով վերջնական խաղաղության պայմանագրի վրա։ Սակայն հիմա Պուտինը կամ պետք է միանա Թրամփի խաղին և դադարեցնի մարտական ​​գործողությունները, կամ ամբողջությամբ մերժի Թրամփի ծրագիրը։