Վլադիմիր Գալստյան․ երաժշտությունն իմ ամենակարևոր լեզուն է դարձել

  • 15:06 10.12.2025

Վլադիմիր Գալստյանը 16 տարեկան է։ Ծնվել ու մեծացել է Արցախում։ Դեռ փոքրուց էր սիրում երաժշտությունը և ուսմանը զուգահեռ սովորում էր Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։

Արցախի տեղահանությունից հետո Գալստյանների ընտանիքը բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Ընտանիքի հայրը՝ հերոսաբար զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում։

-Մանկությունս անցել է մի միջավայրում, որտեղ ընտանիքը, դպրոցը և մեր համայնքի միասնականությունը ձևավորել են իմ աշխարհայացքը։ Դեռ փոքր տարիքից սիրել եմ երաժշտությունը։ Ծնողներս, իմ մեջ նկատելով երաժշտական ընդունակությունները, ինձ տարել են Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, որտեղ ընդունվել եմ դաշնամուրի բաժինը։ Տարիների ընթացքում երաժշտությունն իմ ամենակարևոր լեզուն է դարձել։

Անգամ Արցախի շրջափակման ժամանակ, երբ դժվարություններ էին առաջացել, ես չէի դադարում հաճախել դպրոց ու անընդհատ նվագում էի։ Այդ ամիսները մեր ընտանիքի համար ծանր էին։ Սակայն չնայած դժվարություններին՝ մենք միասին ուժ էինք գտնում և հաղթահարում ամեն ինչ։ Այդ ժամանակահատվածն ինձ սովորեցրեց գնահատել խաղաղությունն ու համբերությունը։

Բոլորս սպասում էինք կյանքի ճանապարհի բացմանը, սակայն եղավ վատագույնը։ Նորից պատերազմ սկսվեց։ Հայրս, ինչպես միշտ, առաջնագծում էր։ Նա, որ մասնակցել էր արցախյան պատերազմներին և միշտ հրաշքով ողջ մնացել, զոհվեց վերջին պատերազմում։ Իմ հայրը եղել է նվիրված, խիզախ ու պարտքի զգացումով ապրող մարդ։ Նրա մասին խոսելիս միշտ հպարտություն եմ զգում։ Հորս տված խորհուրդները՝ ուժեղ լինել, հավատով առաջ գնալ, երբեք չկորցնել մարդասիրությունը, ամբողջ կյանքում մնալու են ինձ հետ։

Տեղահանությունից և հայրիկիս կորցնելուց հետո մայրիկս դարձավ մեր տան ուժը։ Նա շարունակեց ոտքի կանգնել հանուն մեզ՝ երեխաներիս և հորս հիշատակի։ Նրա համբերությունը, տոկունությունը և սերը ինձ տալիս են այն հենարանը, որով ես ապրում ու զարգանում եմ։

Տեղահանվելուց հետո նոր միջավայրին հարմարվելը, իհարկե,  հեշտ չէր։ Ամեն ինչ նոր էր՝ դպրոցը, մարդիկ, քաղաքը։ Բայց երաժշտությունը դարձավ այն կամուրջը, որը օգնեց նորից գտնել իմ տեղը։ Ես շարունակեցի սովորել, զարգանալ, մասնակցել մրցույթների ու հանդես գալ բեմերում։

Այս երկու տարիների ընթացքում կարողացա ունենալ հաջողություններ, որոնք ինձ ավելի վստահ դարձրեցին։ Սանկտ-Պետերբուրգ այցելելը իմ կյանքի ամենահիշարժան փորձերից էր։ Քաղաքի մշակույթը, ճարտարապետությունը, թանգարաններն ու հատկապես երաժշտական միջավայրը ինձ շատ ոգեշնչեցին։ Այն ինձ հիշեցրեց, որ երաժշտությունն ամենուր ունի իր ուժը։

Այնտեղ մասնակցել եմ մրցույթ-փառատոնի և արժանացել եմ 1-ին պատվավոր տեղը։

Իմ ամենամեծ երազանքը խաղաղ ու ապահով աշխարհն է, որտեղ մարդիկ կարող են ապրել առանց պատերազմների ու վախի։ Անձնական իմ մեծ երազանքն է դառնալ հայտնի դաշնակահար և այնպիսի երաժիշտ, ով իր ստեղծագործություններով կարող է մարդկանց ուժ, հույս ու հանգստություն փոխանցել։

Կարինե Բախշիյան