
«Արցախում մնացել է 5658 հուշարձան, որոնցից 385-ը եկեղեցիներ են, 60-ը՝ վանքեր, մյուսները՝ տարբեր բնույթի հուշարձաննեեր։ Այդ բոլոր մշակութային ժառանգությունը, որը մնացել է Արցախում, վտանգված է։ Հուշարձանները ոչնչացվում են ամեն օր ու ամեն վայրկյան, այս պահին էլ, երբ մենք այստեղ ելույթ ենք ունենում, շատ հնարավոր է, որ հուշարձաններից մեկը եւս ոչնչացվել է»,- Արցախի խորհրդարանի հրավիրած «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։
«Ադրբեջանի քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ երեք ճյուղավորում ունի․ առաջինը՝ ոչնչացում, երեք եկեղեցի արդեն լրիվությամբ ոչնչացրել են։ Երկրորդը՝ այլափոխում, պատմության այլափոխում, երրորդը՝ սեփականաշնորհում, այսինքն՝ ազգային պատկանելության փոփոխություն։ Այդ երեք ուղղությամբ էլ Արցախի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգությունը վտանգված է»,- ասաց նա։
Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ Ադրբեջանը գործում է հիշողության ոչնչացման տեսանկյունից, եւ պատահական չէ, որ Ստեփանակերտի ավերումը սկսել են հենց քաղաքի պատմական կորիզից։ Ստեփանակերտ քաղաքում 6 պատմական թաղամասեր իսպառ ոչնչացվել են։
«Մեկ այլ հանգամանք, որի մասին շատ քիչ է խոսվում, բնակեցման քաղաքականությունն է, երբ Ադրբեջանը շատ ակտիվ տեմպերով ադրբեջանցիներով բնակեցնում է երբեւիցե ադրբեջանական բնակչություն չուենցած բնակավայրերը։ Այդպիսի մեկ տասնյակից ավելի գյուղեր եւ քաղաքներ բնակեցվել են ադրբեջանցիներով, բայց այդ գյուղերն ու քաղաքները ոչ մի ժամանակահատվածում ադրբեջանցի բնակիչ չեն ունեցել»,- ասաց նա։
«Մեր խնդիրը ո՞րն է այսօր՝ ցավոք սրտի, այսօր բախվել ենք այն իրավիճակին, երբ մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվում են միայն հասարակական կազմակերպությունները, իսկ միջազգային ասպարեզում՝ Հայ դատի գրասենյակները։ ՀՀ պետական կառույցները, որոնք ըստ Սահմանադրության տեր են հայկական ժառանգությանն ամբողջ աշխարհում, որեւէ գործուն միջոցներ ձեռնարկելու քաղաքականություն չեն վարում։ Նաեւ չի իրականացվում փաստերի արձանագրում, տեղեկատվական բազաների ստեղծում։ Ես կարող եմ ասել, որ մինչեւ հիմա մենք չունենք ոչ Արցախի պատմամաշակութային հուշարձանների, ոչ կորսյալ 30 թանգարանների հավաքածուների, ոչ մոնումենտալ արվեստի էլեկտրոնային շտեմարաններ»,- ասաց նա։
Ըստ Շահվերդյանի՝ շատ միամիտ կլինի ակնկալել, որ անհատներն ու կազմակերպություններն այս բնագավառում կարող են իրավիճակ փոխել ու ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա։ Արցախի մշակութային ժառանգության պահպանության թիվ մեկ հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն է․ «Եվ ես կարծում եմ, որ մեր բոլոր ջանքերն այսօր պետք է ուղղված լինեն նրան, որ մղենք ՀՀ պատկան մարմիններին՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից Արցախի հարցի վերաբերյալ, զբաղվեն մշակութային ժառանգության պահպանության հարցերով»։