Այս լսումներով մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր փուլը․ Աշոտ Դանիելյան

  • 20:23 10.12.2025

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանն ասաց, որ Արցախի նախագահի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի հրամանագրով հաստատվել է Արցախի Հանրապետության պետական ինստիտուների պահպանման եւ գոծունեության շարունակականության ապահովման ռազմավարությունը։

«Այն նպատակ ունի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել Արցախի վերադարձն ու պետականության շարունակականությունը։ Այս ռազմավարությունը ծրագրային փաստաթուղթ է, որը ներառում է բարդ աշխատանքների իրականացում բոլոր ուղղություններով, հատկապես, արտաքին հարաբերություններում։ Մենք պետք է լինենք առաջամարտիկները՝ ունենալով Հայաստանի եւ Սփյուռքի կարեւոր աջակցությունը։ Այս լսումներով մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր փուլը»,- հայտարարեց նա։

Աշոտ Դանիելյանն ասաց, որ մասնավորապես ուշադրության կենտրոնում են հետեւյալ հարցերը։

Առաջինը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, Եվրոպայի խորհուրդ։ Նրանք արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման հիմական սկզբունքների հիման վրա։

Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելը՝ առանց ԼՂ ընտրված իշխանությունների հետ որեւէ խորհրդակցությամբ կամ համաձայնությամբ։ Սա այն դեպքում, երբ այս կառույցներն են սահմանել ԼՂ ընտրված ղեկավարության՝ հակամարտության կարգավորման գործընթացին լիարժեք մասնակցելու իրավունքը եւ տարիներ շարունակ տարածաշրջան այցելությունների ժամանակ անպայման հանդիպումներ էին ունենում Արցախի նախագահի եւ այլ բարձաստիճան պաշտոնյաների հետ։ Մինսկի խմբի լուծարումն իրականացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա։ Այդ դիմումը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունն ու էթնիկ զտումը եւ անտեսում է 150 հազար մարդու՝ սեփական հայրենիք վերադառանալու ու ինքնորոշվելու անօտարելի իրավունքը։ Այս որոշումը համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների երկար տարիների ձգտումներին, որոնց համար պարզապես կանաչ լույս վառեցին ՀՀ իշխանությունները։

Երրորդ՝ հակամարտությունը կարգավորված չէ, ներկայիս իրավիճակը ստեղծվել է ռազմական ագերսիայի հետեւանքով՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը։

Չորրորդ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ ինքնորոշման իրավունքն իրացրած ժողովրդի նկատմամբ ռազմական ագրեսիա, էթնիկ զտումներ ու ցեղասպանություն կիրառող պետությունը հանցագործ է եւ միջազգային ատյաններում պետք է ստանա համապատասխան գնահատականներ։

Հինգերորդ՝ մեր գլխավոր նպատակն է իրացնել Արցախի ժողովրդի իրավունքները, վերադառնալ սեփական հայրենիք, անվտանգ ապրել եւ ինքնորոշման հիման վրա որոշել քաղաքական կարգավիճակը։

Վեցերորդ՝ Արցախի ժողովրդի անունից հանդես գալու լիազորություն ունեն միայն Արցախի իշխանությունները։ Անհրաժեշտ ենք համարում համապետական ընտրությունների կազմակերպում, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը։ Պետք է ընտրություններ կազմակերպել առաջին իսկ հնարավորության դեպքում։

Յոթերորդ՝ մենք միշտ ցանկացել ենք խաղաղություն, չնայած բազմիցս ենթարկվել ենք ռազմական ագերսիայի։ Այսօր էլ պատրաստ ենք խաղաղ բանակցություններով լուծել խնդիրները՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։

«Վստահ եմ՝ ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր, հայ ժողովրդի միասնական պայքարի շնորհիվ հաղթահարենք բոլոր դժվարությունները»,- հայատարարեց Աշոտ Դանիելյանը։