911, 1–02 և 1–01 հեռախոսահամարների փոխարեն կգործի 112-ը

  • 14:12 11.12.2025

Ոստիկանության և փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների՝ 1–02, 911, 101, փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ–ում առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսում դրական է գնահատվել նաև ՀՀ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։

1–02, 911 և 101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանց ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին և համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, կառավարության նիստում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունները:

Նա հավելեց, որ զանգի սպասարկումը ժամկետային տեսանկյունից կնվազեցվի մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը մինչև 10 րոպե։

Փոխնախարարի խոսքով, այսօր զանգի սպասարկումը մոտ 18 վայրկյան է, իսկ զանգի միջին տևողությունը՝ 23 րոպե, իսկ 25-30 տոկոսի դեպքում ընդհանրապես, չեն հասցնում զանգին պատասխանել, հետո հետադարձ զանգ է կատարվում։