Ղարաբաղի հարցը փա՞կ է, թե՞ ոչ․ ինչ են փնտրում Արցախի ներկայացուցչյունում

  • 15:04 11.12.2025

Երեկ Համբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ “Ղարաբաղյան հարցը փակված է”։ Դրանից բառացիորեն մի քանի ժամ առաջ Երևանում Արցախի ներկայացուցչյունում կայացած լսումների ժամանակ Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված չէ։ Նա կոչ է արել Հայաստանին շարունակել պայքարը Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացման համար։ Ի պատասխան այսօր առավոտից Քննչական կոմիտեն խուզարկում է Արցախի ներկայացուցչյունը, որտեղ երեկ խոսում էին արցախցիների վերադարձի մասին։ Ընդ որում, վերադարձի մասին խոսելիս արցախցի գործիչները նշվում էին, որ դա տեղի կունենա հարմար պահին, ոչ ի վնաս Հայաստանի անվտանգությանը։

Փաշինյանը կրկնել է, որ Ղարաբաղի հարցը փակ չհամարողները պատերազմ են սադրում, ինչպես նաև “խանգարում են” ՀՀ Կառավարությանը փակել “Արևմտյան Ադրբեջանի” հարցը։ Նա նույնականացնում է արցախցիների՝ Արցախ վերադառնալու և ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցերը, չհիշատակելով նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի տեղահանված մոտ 800 հազ․ հայերի իրավունքները։

«Ես 2025 թվականի օգոստոսի 18-ին իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, որովհետև ես արդեն ասել եմ բաց, հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որովհետև ասում են․ «Բա պիտի վերադառնանք»։ Ես ասել եմ, դա իրատեսական չի», – ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ պետական պարտքի ավելացման հիմնական պատճառներից մեկը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր ժողովրդի կարիքները, մենք այդքան ծախսը անում ենք, որ մարդիկ մնան Հայաստանում, որովհետև եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, մենք նորից կսկսենք Ղարաբաղյան շարժումը»։

«Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, եւ սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անընդհատ Արևմտյան Ադրբեջան, ինչ-որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որը որի պատճառն է, որը պատճառ է և որը հետևանք է։ Բայց ես ասում եմ․ եկեք նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանել նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով  ընդհանրապես բացառել որեւէ կոնֆլիկտային իրավիճակ», – ասաց Փաշինյանը։

«Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան», և այո, ընդունում եմ նա նաեւ, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնենք։ Սա է իմ պատկերացրած ճանապարհը», – նշեց Փաշինյանը։

Փաստացի Փաշինյանն ասում է, որ այլևս Արցախի մասին չպետք է հիշատակվի Հայաստանում, քանի որ դա կլինի “Ադրբեջանի տարածքային ամբողջության” խախտում։ Նա կարծում է, որ եթե Արցախի մասին չխոսենք, կոլդլիկտային իրավիճակ չի լինի։ Նա չի ասում, որ նույնիսկ եթե արցախցիների մասին բոլորը մոռանան, Բաքում միևնուն է Հայաստանը համարելու է “Արևմտյան Ադրբեջան” և ավելի համառ է պահանջելու ադրբեջանցիների վերադարձը, քանի որ այլևս չի վախենա, որ դրա դիմաց Հայաստանը կպահանջի ԱդրԽՍՀ հայության իրավունքների վերականգնումը և արցախցիների վերադարձը։ 

Ինչո՞ւ եք պետական պարտք վերցնում, որ արցախցիները մնան Հայաստանում։ Ասեք, որ նրանք ոչ մի հեռանկար չունեն, քանի որ դուք դեռ խնդիր ունեք 300 հազ․ ադրբեջանցի տեղակայել Հայաստանում, ապահովել նրանց անվտանգությունը և ինքնավարությունը։ Արցախցիներին էլ թող մտածեն, թե ինչ են անելու։