
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Բեռլինում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ իր հանդիպումը սկսվել է։
Զելենսկիի մամուլի ծառայության կողմից հրապարակված լուսանկարներում Ուկրաինայի և Գերմանիայի պատվիրակությունները՝ Զելենսկիի և Մերցի գլխավորությամբ, նստած են մեծ բանակցային սեղանի մի կողմում, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Վիտկոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների գլխավորությամբ, նստած է մյուս կողմում։
Հանդիպումից առաջ Զելենսկին մի շարք կարևոր հայտարարություններ է արել, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն հաջողությամբ համոզում է Ուկրաինայի ղեկավարությանը գնալ Մոսկվայի պահանջած զիջումների։
The Financial Times-ը հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։
Նա պնդում է, որ ցանկացած խաղաղության ծրագիր կենթադրի զիջումներ, բայց Ուկրաինան դեռևս կարիք ունի ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների։
Ուկրաինան քննարկում է իր զորքերը դուրս բերելու, բայց միևնույն ժամանակ Դոնբասում ապառազմականացված գոտի ստեղծելու հնարավորությունը։ Սակայն սա պատրաստի լուծում չէ, այլ ընդամենը տեսական տարբերակ, որը կարող է քննարկվել, գրում է Le Monde-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին։
Նրա խոսքով՝ գաղափարը նախատեսում է ուկրաինական և ռուսական զորքերի հայելային դուրսբերում առաջնագծի երկու կողմերում, ինչպես նաև միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԱՄՆ ներկայացուցիչների պարտադիր ներկայություն։ Նրանք կհետևեն զորքերի տեղաշարժին և կարձանագրեն պայմանավորվածությունները խախտելու ցանկացած փորձ։
Վոլոդիմիր Զելենսկին սահկայն այսօր նշել է, որ Կիևը դեռևս պնդում է ներկայիս առաջնագծի սառեցման վրա, բայց ընդունել է, որ Ռուսաստանը դեմ է այս տարբերակին։ Մոսկվան պնդում է, որ պատերազմը կարող է ավարտվել միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի զինված ուժերը լքեն Դոնեցկի մարզը, նույնիսկ դրա չօկուպացված տարածքները։
«Մեր «մնալ այնտեղ, որտեղ գտնվում ենք» հարցին ի պատասխան՝ ռուսները պատասխանում են, որ մենք պետք է լքենք Դոնբասը, հակառակ դեպքում նրանք միևնույն է կօկուպացնեն այն», – այս կապակցությամբ ասել է Զելենսկին։ «ԱՄՆ-ն ասել է՝ «Եկեք փոխզիջման հասնենք»։ Ռուսական բանակը չի մտնի մեր արևելքի որոշ հատվածներ, իսկ Ուկրաինայի զինված ուժերը դուրս կգան։ Ես չեմ կարծում, որ սա արդար է։ Որովհետև ո՞վ է կառավարելու այս տնտեսական գոտին», – հավելեց Ուկրաինայի նախագահը։
Նա նաև հարցրեց, թե ինչու, եթե ուկրաինական զորքերը նահանջեն, ռուսական բանակը «նույնքան հեռու չի նահանջի օկուպացված տարածքներից»։ «Սա այն հարցն է, որին դեռևս պատասխան չի տրվել», – տարածքային հարցի վերաբերյալ ասաց Զելենսկին։