
Հայաստանը դիմել է Եվրոպական Միությանը «առաջիկա ընտրություններում արտաքին միջամտության դեմ պայքարին» օժանդակության համար, Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի ստանալ նմանատիպ աջակցություն, ինչպիսին Բրյուսելն ավելի վաղ տրամադրել էր Մոլդովային։ Կալլասը նշել է, որ Եվրամիությունը շուտով կքննարկի ընտրությունների նախապատրաստման փուլում Հայաստանին օգնելու հնարավոր ձևաչափերը։
Հիշեցնենք, որ վերջերս Մոլդովայի ընտրություններում եվրոպամետ կուսակցությունը փոքր առավելությամբ հաղթեց, և փորձագետները նշում են, որ դա ձեռք է բերվել ամենահավանական մրցակիցներին քվեաթերթիկից հեռացնելու միջոցով՝ քվեարկությունից մի քանի օր առաջ։
«Մոլդովական» սցենարն արդեն իսկ համարվում է ամենաարդիականը Հայաստանում․ քննարկումներ են շրջանառվում որոշակի կուսակցությունների, օրինակ՝ ՀՅԴ-ի, ընտրություններին մասնակցելուց զրկվելու հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանի կուսակցության գոյատևմանը «սպառնալիք» ներկայացնող կուսակցությունները, ինչպիսին է Սամվել Կարապետյանի ոիժը, նույնպես, հավանաբար, կզրկվեն ընտրություններից՝ բակց քվեարկությունից առաջ։
Եվրամիությունը նախկինում հայտարարել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանին 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսված են օգտագործել «արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաների և միջամտության դեմ պայքարի» և կիբերանվտանգության ամրապնդման համար։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը նշել է, որ օգնության նպատակն է ամրապնդել հայկական հաստատությունների կարողությունները՝ կանխատեսելու և դրանց արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին։
«Իհարկե, հնարավոր են հիբրիդային հարձակումներ Հայաստանի Հանրապետության դեմ։ Մասնավորապես, դրանք կարող են սպառնալ մեր ժողովրդավարությանը, և կեղծ լուրերի կամ ընտրակաշառքի մեխանիզմների տարբեր ձևեր կարող են օգտագործվել միլիարդավոր դոլարներ ունեցող որոշակի շրջանակների կամ որոշակի երկրների կողմից ընտրությունների վրա ազդելու համար, որոնք չեն ցանկանում ժողովրդավարական ընտրություններ Հայաստանում և ժողովրդին պատկանող կառավարության ընտրություն», – այսօր ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կամ Եվրամիությունը հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանում, Պապոյանը պատասխանել է. «Ես չեմ նշել որևէ երկիր կամ տարածաշրջան։ Ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անհատ, լինի դա նախկին պաշտոնյա, թե այլ երկրի օլիգարխ, եթե նրանք փորձեն ազդել Հայաստանի Հանրապետության ընտրությունների վրա տարբեր միջոցներով, ես կարծում եմ, որ դա ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլև պարտականությունը՝ պաշտպանվել։ Դրա համար ժողովրդավարությունը պետք է ունենա, այո, փող, անհրաժեշտ իշխանություն, գիտելիքներ, և այն պետք է գործի վճռականորեն և նպատակասլաց՝ ճիշտ ժամանակին»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կօգտագործեն ԵՄ-ից վերցրած փողը՝ ընդդիմությանը վարկաբեկելու համար։
«ԵՄ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել Մոլդովային ընտրությունների ժամանակ, այն ժամանակ կուսակցություններ արգելվել են: Պարզվում է, որ Հայաստանի իշխանությունները, և նրանք դա չեն ժխտել, գումար են վերցնում ԵՄ-ից իրենց վերարտադրության համար», – ընդգծեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ասաց, որ «հիբրիդային սպառնալիքների» մասին խոսելիս Հայաստանի իշխանությունները նկատի ունեն Ռուսաստանը։
«Իսկ եթե «սպառնալիքները» չեն գալիս Ռուսաստանից, ապա դրանք հիբրիդայի՞ն են, թե՞ ոչ: Օրինակ՝ Ուկրաինայից», – հարցրեց պատգամավորը՝ հավելելով, որ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) ուղղված հարցումները որևէ հստակ տեղեկատվություն չեն տվել նման սպառնալիքների գոյության մասին։
«Այս կառավարությանը դեմ հանդես եկող յուրաքանչյուրին անվանում են «ռուս լրտեսներ»: Նույնիսկ եկեղեցին, եթե կարծիք է հայտնում, անմիջապես այդպես է պիտակավորվում: Եվ նույն բանն են ասում եվրոպացիներին: Նրանց համար բանտարկյալների հետ կապված խնդիր չկա, Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, Հայաստանի օկուպացված տարածքների խնդիր չկա: Նրանք միայն մեկ խնդիր ունեն՝ գնալ Եվրոպա, պնդել, որ իրենց բոլոր հակառակորդները ռուս գործակալներ են և գումար խնդրել», – հայտարարեց Դանիելյանը։