
Ազատամարտիկ Թամարա Նազարյանին ճանաչում էին Արցախի Հանրապետության շատ ու շատ բնակավայրերում:
Արցախի տեղահանությունից հետո նա քրոջ աղջկա՝ Նադեժդայի ընտանիքի հետ տեղավորվել է Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Ապրում են վագոն–տնակում։ Թամարա Նազարյանն առ այսօր չի օգտվել արցախցիներին տրվող ոչ մի աջակցությունից, քանի որ հիվանդության պատճառով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ է դուրս եկել Արցախից։ Դիմել է դատարան, իսկ դատն անընդհատ հետաձգվում է։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2026 թվականի հունվարին։
Տեղահանությունից հետո տարեց կինը բուժում է ստացել Արթմեդ վերականգնողական, Վեդու բժշկական կենտրոններում։ Աչքի վիրահատություն է տարել նաև Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։
Զինվոր Թամարան, ինչպես նրան կոչում էին Արցախում, իր երախտագիտությունն է արտահայտում բուժաշխատողներին, հիշում նաև Արցախյան առաջին պատերազմում նրանց կատարածը
-Ուզում եմ շնորհավորել ողջ մոլորակի մարդկության եզակի տոնը՝ գալիք Նոր տարին և իմ շնորհակալությունը հայտնել բուժաշխատողի առաքելությունը պատվով կրողներին։
Ասկերանի շրջանային բուժմիավորման նյարդաբան Լուսինե Ղուկասյանի, Արթմեդ ԲԿ նյարդաբան Արուհի Մաթևոսյանի, Վեդիի հիվանդանոցի նյարդաբան Վահան Վարդանյանի և մի շարք բուժաշխատողների շնորհիվ այսօր ես ողջ եմ։ Ես չեմ կարող մոռանալ այն վերաբերմունքը, որ ստացել եմ այդ մարդկանց կողմից։ Լուսինե Խաչատրյանը ոչ միայն բանիմաց ու հմուտ մասնագետ է, այլ նաև մարդկային ամենավեհ արժեքներով օժտված մարդ։ Մի օր դեղերս վերջացել էին․ խնամակալս մոտս չէր։ Մի կերպ հասնում եմ հիվանդանոց, որ գոնե մի հաբ ընդունեմ, որպեսզի ուշքի գամ։ Բժշկուհի Ղուկասյանն անմիջապես առաջին օգնություն է ցուցաբերում ինձ, ապա ուղեկցում տուն, իսկ որոշ ժամանակ հետո նա դեղատնից դեղեր է առնում և ուղարկում մեր տուն։ Կարող էր չանել, բայց նրա մարդ տեսակն այլ կերպ չէր կարող։
Բժիշկ Վարդանյանին գիտեմ դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից, երբ հերթական վիրավորումս էի ստացել։ 1994 թվականին էր։ Ակնայում շարժական հոսպիտալում Երևանից եկած վիրաբույժն ինձ բուժօգնություն ցուցաբերեց ու ասաց՝ զարմանում եմ այս զինվորի վրա։ Ասես սպասում էր, որ վերքը լավանա ու նետվի մարտի դաշտ։ Այժմ նույն բժիշկը շարունակում է բուժել ինձ։
Այս վերջին ժամանակահատվածում ավելի շատ եմ մտաբերում Արցախյան ազատամարտը, հիշում մարտական ընկերներիս։ Հերթական մարտերի ժամանակ ծանր վիրավորներ կային, որոնց առաջին օգնությունը ցուցաբերում էր Թաթուլ Շեկյանը։ Մի զինվորի վերակենդանացնելուց հետո պարզվեց, որ փրկվածը հակառակորդի կողմից էր։ Բուժակ Շեկյանը, կաշվից դուրս գալով, նրան փրկեց, իսկ մենք երկար ծիծաղում էինք։ Թաթուլը լուրջ ու մտահոգ դեմքով ասում էր՝ ես բժիշկ եմ, իմ գործը մարդուն օգնելն է։ Ինձ համար կարևոր չէ մարդու ազգությունը, կրոնը, դավանանքը։ Ես պետք է փրկեմ։
Թամարա Նազարյանի կյանքի պատմությունը երկար է։
Նա ծնվել է 1939 թվականի մարտի 15-ին Ասկերանի շրջանի Արանզամին գյուղում՝ Արմենակ և Աստղիկ Նազարյանների ընտանքում, որտեղ մեծանում էին յոթ զավակներ։ Ավարտելով Նախիջևանիկի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը և ստացել մաթեմատիկայի ուսուցչի մասնագիտություն: Իր մասնագիտությամբ աշխատել է Աբովյանի շրջանի Գետաշեն գյուղի դպրոցում, ապա Սևանի դպրոցներից մեկում:
1974 թվականին վերադարձել է հարազատ բնօրրան և աշխատանքի անցնել Նախիջևանիկի, հետագայում Խրամորթի միջնակարգ դպրոցներում:
Երբ սկսվեց Ղարաբաղյան Շարժումը, Թամարա Նազարյանը վայր դրեց ուսուցչամատյանը և զենք վերցրեց։ Փառավոր մարտական ուղին, որով նա այսօր հպարտանում է, երկար էր ու դժվարին: Արանզամինի, Նախիջևանիկի, Փրջամալի, Սառնաղբյուրի, Ավդալ–Գյուլափլուի, Ակնայի ազատագրման բոլոր մարտերի մասնակիցն է եղել։ Վիրավորվելուց հետո անգամ նա չէր խուսափել մնալ մարտի դաշտում: Վրեժ ուներ լուծելու․ իրենց գյուղից գերեվարված 12 կանանցից մեկն իր մայրն էր:
-Իմ որոշումն անխախտ էր. մինչև հաղթանակի օրը Հայրենիքի զինվորն էի։ Պարտիզանական ջոկատների կազմում՝ հերթապահություն էի իրականացնում համագյուղացիների հետ, քանի որ թուրքը փորձում էր թափանցել հայկական բնակավայրերը: Հետո անդամագրվեցի Ասկերանի նորաստեղծ գումարտակում: Մասնակցել եմ մի շարք գյուղերի ազատագրման մարտերի, կարողանում էի տիրապետել ռազմական տեխնիկային: Որպես տեղանքի լավ գիտակ՝ ուղեկցում էի հետախույզներին և տանում ճիշտ ուղղությամբ: Միշտ թաքցնում էի տարիքս և շարունակում թշնամու դեմ պայքարը երիտասարդների հետ միասին: Տասնյակ անգամ վիրավորվել եմ ու միշտ վերադարձել ընկերներիս մոտ։
Ոչնչից չէի վախենում, ավելին՝ ինքս էի ուժ հաղորդում ծառայակից ընկերներիս:
Իսկ ո՞ր տղամարդը չէր ոգևորվի այդպիսի համարձակ կնոջ կողքին: Արիասիրտ կինը մեծ հարգանք և հեղինակություն էր վայելում զինակիցների շրջապատում:
Պատերազմի ավարտից հետո Թամարա Նազարյանը կրկին անցավ մանկավարժական իր աշխատանքին: Նա սկսեց կրթել ու դաստիարակել նոր սերունդների՝ նրանց մեջ սերմանելով հայրենասիրության գաղափարներ: Իսկ զինվորական համազգեստն այդպես էլ չհանեց իր հագից ու մինչ այսօր կրում է պատվով ու պատասխանատվությամբ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ