Փաշինյանից չէ կախված․ քանի մենք պահանջատեր ենք, արցախյան հարցը փակված չի լինելու

  • 22:21 15.12.2025

«Հիմա սկսվում է մարդաորսը, եւ Հայաստանի կառավարությունը հիմա այդ ճանապարհին է։ Իրենք ժամանակից շուտ են սկսել նախընտրական արշավը եւ կարծես բավականին մեծ ներդրում են անում՝ արցախցիներին իրենց կողմը ներգրավելու համար։ Հենց այնպես չէ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր բան ու գործը թողած՝ արցախցիների խնդիրներով է տառապում։ Կարծում եմ, որ այս հանդիպումները կապված են 2026 թվականի ընտրությունների հետ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը՝ անդրադառալով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հանդիպումներին արցախցիների հետ։

Սայիդա Պողոսյանն ասաց, որ նաեւ շատ պարզեցրել են արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ընդունելու կարգը․ «Մինչեւ այս, շատ դժվար էին տալիս պատասխանը, բայց երեւի մի 20 օր է՝ ավելի արագ է ընթանում այդ գործընթացը»։

Մեր զրուցակիցի խոսքով՝ մյուս կողմից ՀՀ իշխանություններն այս մեթոդով փորձում են ստուգել արցախցիների տրամադրությունները, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փակում է արցախցիների վերադարձի հարցը եւ Ղարաբաղյան շարժումը։ «Իհարկե, հնարավոր է արցախցիների թվում կլինեն մարդիկ, որոնք Փաշինյանի նման կմտածեն, բայց արցախցիների 99 տոկոսը երբեք չի հրաժարվում Արցախ վերադարձի պահանջից։ Փաշինյանից չէ կախված՝ Արցախի հարցը փակված է, թե ոչ։ Քանի մենք պահանջատեր ենք, արցախյան հարցը երբեք փակված չի լինելու»,- ասաց նա։

Սայիդա Պողոսյանն անդրադարձավ նաեւ դեպքին, երբ դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում կազմակերպված լսումների հաջորդ օրը ներկայացուցչությունում խուզարկություն իրականացվեց։ «Ես չեմ բացառում, որ դա շարունակվելու է։ Քանի որ գործ ունենք Փաշինյանի ռեժիմի հետ, մենք պետք է ավելի ամուր լինենք մեր գաղափարներում ու պնդումներում, շարունակենք պահանջատեր լինելը։ Ամենակարեւոր գործոններից մեկն այն է, որ 2026 թվականին Նիկոլի չվերընտրվելը մեզ հնարավորություն կտա Արցախ վերադարձի հարցը կրկին օրակարգ բերել։ Իհարկե, չեմ ասում, որ մեր գեղեցիկ աչքերի համար են մեզ նվիրելու Արցախը, դա պահանջելու է մեծ աշխատանք։ Մի քանի լուծումներ կան Արցախ վերադարձն ապահովելու համար, բայց մենք նաեւ գիտակցում ենք, որ առանց պատերազմի դա հնարավոր չէ»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան