Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն․ Խանդանյան

  • 13:19 16.12.2025

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողվոի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ Իրանից հնչող անհանգստություններին։

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է․ «Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, և Իրանը կտրականապես դեմ է դրան»։

Սարգիս Խանդանյանն ասաց, որ որեւէ նոր մանրամասներ ի հայտ չեն եկել, TRIPP ինչպես կա, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, որոշ առումով նաեւ բիզնես նախագիծ։ Այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որեւէ անվտանգային բաղադրիչ չկա։ Դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը։

«Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, հիշո՞ւմ եք՝ նախագծը նոր էր ներկայացվել, Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով՝ ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են։ Իրանի մեր գործըներների հետ մշտական կապի մեջ ենք, եթե լինում է որեւէ անհանգստություն, Հայաստանն օպերատիվ կերպով արձագանքում է։ Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետեւ նախ Հայաստանը որեւէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակ, որը չի ենթադրում որեւէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ընդհանրապես TRIPP համատեքստում դրա մասին խոսելը նպատակահարմար չէ, որովհետեւ TRIPP-ը ենթակառուցվածքային ծրագիր է»,- ասաց Խանդանյանը։

Անդրադառնալով Ռուսաստանից հնչող հայտարարություններին, թե պատրաստ են քննարկել Թրամփի ուղի նախաձեռնությանը Մոսկվայի հնարավոր մասնակցության հարցը, Սարգիս Խանդանյանն ասաց․ «TRIPP նախագիծը երկկողմ նախագիծ է, Հայաստանի, եւ ԱՄՆ-ի միջեւ են բանակցություններն ընթանում։ Որեւէ կողմի ներգրավման հարցերը հետագայում են քննարկվելու, ինչպես համաձայնագրում է գրված՝ կողմերի համաձայնությամբ, այսինքն՝ կոնսենսուսով»։