Քննարկվել է արցախցիների բնակապահովման համար 250 մլն․ վարկը

  • 13:25 16.12.2025

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է նաեւ ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկայի համաձայնագիրը վարերացնելու մասին օրենքի նախագիծը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ծրագիրը նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարային համակարգ Հայաստանում՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը եւ բարեկեցությանը։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի եւ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցների հաշվին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլար վարկ։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմանդրամի կողմից տրամադրվող դրամաշնորհներն էլ կազմում են 16 450 հազար դոլար։

«Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել կառավարության կողմից դեռեւս 2024 թվականին հաստատված Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական աջակցության ծրագիրը։ Հիշեցնեմ, որ պայմաններին բավարարելու դեպքում ընտանիքները կարող են դիմել եւ ստանալ հավաստագրեր, ինչի միջոցով կարող են գնել իրենց նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը՝ իրենց նախընտրած բնակավայրում։ Նշեմ, որ այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել եւ ստացել է բնակարանի հավաստագիր, որոնցից 1631-ը ձեռք են բերել իրենց սեփական տունը կամ բնակարանը»,- ասաց փոխնախարարը։

Վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով, եւ առաջին 10 տարին արտոնյալ ժամկետ է սահմանվում։