
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը, որ․ «Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, եւ Իրանը կտրականապես դեմ է դրան»։
«Նախ զուգահեռ պետք է ասել, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին։ Դեսպանը կրկնել է, որ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո՝ հավասարության եւ փոխադրաձության սկզբունքներով։ Ոչ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ»,- ասաց Ռուբինյանը։
Նա նշեց, որ մշտապես կապի մեջ են իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում են զարգացումների մասին։
«Հաշվի ենք առնում իրենց զգայնությունները, իրենց շահերը հաշվի առնված են։ Եվ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում՝ Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել են, որ այս նախագիծն իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ՝ սա ուժի մեջ է։ Ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը, մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա։ Մենք կարող ենք ասել հետեւյալը՝ բացառվում է, որ Հայաստանում լինի որեւէ նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնինշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Երկրորդ, մենք հաշվի առնում ենք մեր հարեւանների բոլոր կենսական շահերը, եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում ենք։ Չենք կարծում, որ կա որեւէ անհանգստանալու բան։ Դա ոչ թե Իրանի կարմիր գիծն է, այլ Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,- նշեց Ռուբինյանը։
Ռուսաստանի ներգրավվածությունը TRIPP նախագծում չի քննարկվում, նշեց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանից արձագանք կա, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP երթուղում ռուսական մասնակցությունը։
«Ուրախ ենք, որ պատրաստ են մեզ հետ քննարկում ունենալ։ Ուզում եք, 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան, ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում»,–ասաց նա։