Սա բնակարանային խնդրի լուծում չէ. կյանքը պայթյունից հետո

  • 23:15 16.12.2025

Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից անցել է ավելի քան երկու տարի, սակայն ողբերգության զոհերի ընտանիքները դեռևս կարգավիճակ չունեն։ Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, մոտ 300-ը՝ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, ևս 22-ը անհետ կորած են։ Անհամար են վիրավորների և նրանց թիվը, ովքեր այդպես էլ չեն կարողացել վերադառնալ բնականոն կյանքի։

Մինչդեռ, Արցախի բնակչության, այդ թվում՝ պայթյունից տուժած փոքր ընտանիքների սոցիալական վիճակը օրեցօր վատթարանում է։ Ողբերգության հետևանքով շատ ընտանիքներ կորցրել են իրենց հիմնական կերակրողներին։ Եվ հիմա, երբ Հայաստանի կառավարությունը միկիոններ է ծախսում Նոր տարվա զարդարանքների, խորհրդարանի անդամների համար բոնուսների և այլ շռայլությունների վրա, այս մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում և հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Նրանք չեն կարողանում վճարել բնակվարձը, իսկ արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագիրով ծիծաղելի գումարներ է տրամադրվում, ինչը դժվարացնում է նույնիսկ մեծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելը, առավել ևս՝ փոքր ընտանիքների համար։

ՀՀ կառավարությունը ներկայացրել է նոր որոշման նախագիծ՝ Արցախից տեղահանված մինչև երեք անձից բաղկացած ընտանիքների վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ: Նախագծի համաձայն՝ աջակցության ծրագիրը կմեկնարկի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ծրագիրը նախատեսում է 120 ամսվա ընթացքում ապահովել երկարաժամկետ մասնակի բնակվարձի փոխհատուցում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40,000 դրամի չափով։

Շատ շահառուներ կարծում են, որ այս որոշման ընդունումը չի լուծի բնակարանային խնդիրը, քանի որ ներկայիս գների պայմաններում, հատկապես Երևանում և մարզկենտրոններում (որտեղ նվազագույն բնակվարձը տատանվում է 140,000-ից 150,000 դրամի սահմաններում), անհնար է լուծել 40,000 դրամով բնակարան վարձակալելու խնդիրը. սա ընդհանուր արժեքի միայն մի փոքր մասն է: Հետևաբար, եթե որոշումն ընդունվի, այս մարդիկ տասը տարի բնակվարձ կտան և, ի վերջո, չեն ստանա սեփականության իրավունք։

Անահիտ Թամրազյանը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է: 2023 թվականի սեպտեմբերի 25-ին նա ականատես է եղել Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի։ Անահիտը, ինչպես բոլոր ականատեսները, այդ օրը տեղի ունեցած ողբերգությունը համեմատում է դժոխքի հետ։

“2023 թվականի սեպտեմբերի 25-ին ես հարևաններիս հետ գնացի վառելիքի պահեստ՝ բենզին բերելու։ Այդ օրվա իրադարձությունների մասին նույնիսկ ամենափոքր հիշողությունը սարսուռ է առաջացնում։ Երբ պայթյունը տեղի ունեցավ, ես և հարևաններս անմիջապես ողբերգության վայրի մոտ էինք։ Լսեցի պայթունի ձայնը և կարծեցի, թե կրկին ադրբեջանական հարձակում է։ Պայթյունն այնքան հզոր էր, որ ալիքը ինձ նետեց փոսի մեջ։ Հարվածից վնասվեց ողնաշարս, և ես երկար ժամանակ ցավ էի զգում դրանից հետո։

Երբ ուշքի եկա, ամեն ինչ ծխի մեջ էր։ Կային շատ վիրավորներ և մահացածներ։ Այրված մարդիկ վազվզում էին շուրջբոլորը՝ սարսափելի գոռալով անտանելի ցավից։ Ես ինչ-որ կերպ վեր կացա և սկսեցի փնտրել հարևաններիս, բայց, ի վերջո, չկարողացա գտնել նրանց։ Հետագայում պարզվեց, որ նրանք մահացել էին պայթյունի հետևանքով։

Հազիվ հասա մեքենային, որտեղ գտնվում էր պայթյունից ծանր այրվածքներ ստացած մի տղա։ Մեզ հաջողվեց ժամանակին նրան հասցնել հիվանդանոց։ Հետո վերադարձա տուն, որտեղ ինձ սպասում էր տարեց մայրս։

Վառելիքի պակասի պատճառով ես և հարազատներս Արցախում մնացինք մինչև սեպտեմբերի 30-ը, որից հետո ավտոբուսով մեկնեցինք Գորիս, իսկ մեկ օր անց գնացինք Ստեփանավան, որտեղ էլ մինչ օրս ապրում ենք։

Սկզբում մեզ հյուրանոց տվեցին, բայց երկու ամիս անց վտարեցին։ Հիմա բնակարան ենք վարձակալում 80,000 դրամով։

Մայրս վերջերս մահացավ, և ես ապրում եմ քրոջս հետ։ Բնակարանային ծրագրից օգտվելն ինձ համար անիրատեսական է, քանի որ ես միայնակ եմ, իսկ արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագիրը չնչին գումարներ է տրամադրում, որոնք բավարար չեն նույնիսկ հողամաս գնելու համար, առավել ևս՝ տուն կամ բնակարան։ Հույս ունեմ, որ նոր տարում ծրագիրը կփոփոխվի, որպեսզի փոքր ընտանիքները կարողանան բնակարան ձեռք բերել։

Եթե պետությունը բնակարան չտրամադրի, մեծ հավանականություն կա, որ փոքր ընտանիքները մի օր պարզապես փողոցում կհայտնվեն։

Ինչ վերաբերում է մինչև երեք հոգուց բաղկացած ընտանիքների համար մասնակի վարձավճարի փոխհատուցման նոր նախագծին, կարծում եմ, որ դա չի լուծի բնակարանային խնդիրը։ Արցախցիների համար բնակարանային խնդրի միակ լուծումը տեսնում եմ նրանց բնակարանով ապահովելու և սեփականության իրավունք տրամադրելու մեջ», – Step1.am-ին ասաց Անահիտը։

Արսեն Աղաջանյան