
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործողությունների, նաեւ ինքնազոհության շնորհիվ է հաջողվել իրականացնել 120 հազար արցախցիների անվտանգ տեղափոխումը Հայաստան»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել ացրախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ ներկայացնելով մանրամասներ Արցախի ռազմաքաղաքայան ղեկավարության գերեվարման մասին։ Նրա խոսքով՝ իրականությանը չհամապատասխանող եւ կեղծ տեղեկատվություն է տարածվել ադրբեջանական մամուլում, թե գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին ադրեջանական հատուկ ծառայություններին տեղեկություններ է փոխանցել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Երիցյանն ասել է, որ Սամվել Շահրամանյանը երբեւէ որեւէ մեկի գտնվելու վայրի մասին որեւէ տվյալ չի հայտնել։
Ըստ Ռոման Երցյանի՝ ի սկզբանե կար 5 հոգուց բաղկացած ցուցակ, որոնք պետք է ձերբակալվեին եւ հատուկ ծառայությունների կողմից տեղափոխվեին Ադրբեջան։ Այդ 5 հոգանոց ցուցակը փոխանցվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, նրանց թվում էին՝ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը եւ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Եթե Դավիթ Իշխանյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի թեման պարզ է, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ են այդ ցուցակում ներառված եղել Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։ Եթե նրանք, որպես հասարակական գործիչներ կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք էին այնտեղ ներառված, ապա ինչո՞ւ այդ թվում չէին նաեւ Արցախի ազատագրական պայքարին մասնակցած այլ անձինք։ Տրամաբանական չէ Ռուբեն Վարդանյանի եւ Դավիթ Բաբայանի տվյալները կոնկրետ այդ 5 հոգանոց ցուցակում ներառելը։ Եվ երբ Արցախի Հանրապետության նախագահն այս հարցը բարձրացրել է, տեղեկացվել է, որ այդ երկու հոգու մասով կա առանձին ձերբակալելու եւ կալանավորելու վերաբերյալ որոշում»,- նշել է նա։
Ռուբեն Վարդանյանը, տեղեկացված լինելով այս մասին, փորձել է հատել Հակարիի կամուրջը, նրան ուղեկցում էր Դավիթ Մանուկյանը։ Մեքենայի մեջ է եղել նաեւ Դավիթ Մանուկյանի կինը։ Հակարիի կարջին ձերբակալվել ու գերեվարվել են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը եւ Մանուկյանի կինը։ Ըստ Երիցյանի՝ կնոջը բանակցությունների արդյունքում երկու օր հետո հնարավոր է եղել բաց թողնել, բայց Դավիթ Մանուկյանն ու Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել են Բաքու»
«Դավիթ Բաբայանն ու Լեւոն Մնացականյանը եւս չեն փորձել այլընտրանքային ճանապարհներով տեղափոխվել Հայաստան, եւ նրանք եւս ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու։ Կարծում եմ՝ նրանց կողմից այսպիսի գործողություններ ձեռնարկելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանը նախապես տեղեկացրել է՝ եթե այդ անձինք փորձեն ինչ-որ այլընտրանքային ճանապարհներով դիմել փախուստի, ապա 120 արցախցիների՝ ՀՀ տեղափոխելու գործընթացը կխոչընդոտվի։ Դավիթ Բաբայանը կամովին հանձնվել է Ադրբեջանի հատուկ ծառայողներին ոչ թե Շուշիում, այլ Ստեփանակերտ քաղաքում գտնվող Լավանդա կառավարական համալիրում»,- նշել է փաստաբանը։
Ռոման Երիցյանի խոսքով՝ ռուսական զորքի ուղղությամբ 120 հոգանոց խումբ պետք է դուրս գա Արցախից ու տեղափոխվեր Հայաստան։ Նրանց թվում էին նաեւ պաշտոնյաներ։ Սակայն դեռեւս Ստեփանակերտում Արցախի ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանն ու Կարեն Շահրամանյանը ձերբակալվել են եւ տեղափոխվել Կարեն Սարգսյանի բնակության վայր, որն արդեն ծառայում էր որպես ադրբեջանական շտաբ։ Ռուսների ուղեկցությամբ խումբը հասել է Հակարիի կամուրջ, որտեղ ձերբակալվել են նաեւ Արցախի նախկին պետնախարար Արթուր Հարությունյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արարատ Մելքումյանը, Բակո Սահակյանի անվտանգության պետ Նաիրիկ Պողոսյանը եւ Կամո Վարդանյանի վարորդը։ Կայացվել է նրանց ձերբակալելու եւ Բաքու տեղափոխելու որոշում։ Բայց Սամվել Շահրամանյանը խնդրել է, որպեսզի բանակցեն նրանց ազատ արձակելու հարցի շուրջ։ Իսկ ազատ արձակման պայմանն այն է եղել, որ պետք է հայտնեին Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ Դավիթ Իշխանյանի գտնվելու վայրը։
«Արցախի նախագահը կրկին հանդիպել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ Դավիթ Իշխանյանին ու տեղեկացրել, որ ադրբեջանական հատուկ ծառայողները պահանջ են դրել, որ եթե նրանք չհանձնվեն, ապա ձերբակալված անձինք կտեղափոխվեն Բաքու։ Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը եւ Բակո Սահակյանը միանգամից ասում են, որ թույլ չեն տա, որ իրենց պատճառով ոչ միայն որեւէ պաշտոնյա, այլ որեւէ արցախցի կրի պատասխանատվություն եւ ձերբակալվի ադրբեջանական հատուկ ծառայողների կողմից։ Այդ ժամանակ որոշում է կայացվում, որ նրանք անձամբ կհանդիպեն ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, սակայն նախապես տեղեկացնում են, որ ունեն որոշակի պահանջներ։ Այդ երեք անձանց հետ միասին էր նաեւ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը։ Ընդ որում, Կամո Վարդանյանը բանակցություններին չի ներկայանում։ Բանակցությունները բավականին երկար են տեւում, այդ բանակցությունների փաստով պայմանավորված այն 4 անձինք՝ Կարեն Շահրամանյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Հարությունյանը եւ Արարատ Մելքումյանն ազատ են արձակվում։ Եվ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկսյանը ու Դավիթ Իշխանյանն արդեն որոշում են կայացնում հանձնվել Ադրբեջանի հատուկ ծառայողներին։ Այստեղ մնացել էր մեկ անձի հարց՝ Կամո Վարդանյանի հարցը, եւ Բակո Սահակյանն առաջ է քաշել այն պահանջը, որ հանձնվելու է միայն այն դեպքում, եթե Կամո Վարդանյանին եւս ազատ արձակեն։ Այսինքն՝ ազատության մեջ մնացին Կամո Վարդանյանը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը եւ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու, կալանավորելու կամ Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ նախապես որեւէ որոշում չի եղել»,- ասել է Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանն ինքն է հանդես եկել նախաձեռնությամբ եւ Ադրբեջանի հատուկ ծառայողներին առաջարկել նրանց տանել եւ ցույց տալ իրեն պատկանող կոնյակի գործարանը։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չի ցանկացել Արայիկ Հարությունյանին մենակ թողնել եւ իր վարորդին խնդրել է ուղեկցել նրան։ Բայց կոնյակի գործարանում ձերբակալել են նաեւ Արայիկ Հարությունյանին եւ Սամվել Շահրամանյանի վարորդին։
«Այդ ինֆորմացիան Սամվել Շահրամանյանին հասանելի դառնալուց հետո նա զարմանք է ապրում, քանի որ Արայիկ Հարությունյանի տվյալները չկար նախնական ցուցակում, նրան ձերբակալելու մասին առհասարակ որեւէ խոսակցություն չէր գնում։ Սակայն ադրբեջանական հատուկ ծառայողները պարզաբանել են, որ այդպես էր պետք»,- ասաց նա։
Որոշակի բանակցությունների արդյունքում հաջողվել է ազատ արձակել Սամվել Շահրամանյանի վարորդին, իսկ Արայիկ Հարությունյանը տեղափոխվել է Բաքու։
«Դրանից հետոադրբեջանական հատուկ ծառայություններն ասել են՝ եթե ցանկանում եք Կամո Վարդանյանին ձեզ հետ տեղափոխել, ապա մինչեւ լուսադեմ պետք է ՌԴ կողմից կազմակերպված ուղղաթիռով անհապաղ լքեք Արցախի տարածքը։ Եվ այդպես էլ Կամո Վարդանյանը Սամվել Շահրամանյանի հետ ուղղաթիռով տեղափոխվում են Հայաստան։ Այսինքն՝ նրանց ուղղաթիռով տեղափոխվելն ամենեւին էր նրանց նախաձեռնությունը չէր»,- հավելել է փաստաբանը։