
Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հայտնում է․
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը։
Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն»։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին:
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը:
Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»,-ասված է հայտարարության մեջ։
Սուրբ Էջմիածնում նույն ժամին երկու ժամերգություն է նշանակված։ Սոցցանցերում գրում են, որ բախումներ են հրահրվում, որոնց ընթացքում էլ պետք է “վերջնական լուծվի” եկեղեցի-կառավարություն հակամարտությունը։ Բազմաթիվ անհատներ և խմբեր արդեն հայտարարել են, որ կլինեն այդ ժամերին Էջմիածնում։ Քննարկվում է, որ եթե Կաթողիկոսի ի պաշտպանություն կարող են հազարավոր մարդիկ հավաքվել, ապա նրան հակառակ ուժերի կողմից ՀՀ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն կլինեն։
Հատկապես, որ Կաթողիկոսին այլևս բաց մեղադրում են օտար ուժերին ծառայելու մեջ։
Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակ առաջ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ երեկ հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է․
«Եկել է ժամանակը, որ հանուն բոլորիս պաշտելի Սուրբ Էջմիածնի, այլև Ամենայն հայոց կաթողիկոսության և հավատավոր աշխարհասփյուռ մեր ժողովրդի արտահայտենք հստակ և վճռական դիրքորոշում մեր եկեղեցու առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, չկաշկանդվենք տարատեսակ դժվարությունների և ճնշումների առջև, և, ի սեր Աստծու, կանգնեցնենք Մայ Աթոռի օր ավուր ահագնացող գահավիժումը։ Մայր եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին:
Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով հայ եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը»։
Այդ ֆոնին Հայաստանի «Ռամկվար-Ազատական» ժողովրդավարական կուսակցությունը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումները և ապահովել Հայ Առաքելական Եկեղեցու արտերկրում գտնվող թեմերի հոգևորականների անարգել մուտքը երկիր՝ նախկինում հայտարարված Եպիսկոպոսական ժողովին մասնակցելու համար։
Ավելի վաղ Էջմիածնի Մայր Աթոռը հետաձգել էր ժողովը՝ հղում անելով հոգևորականների վրա ճնշումներին։