
Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե ինչո՞ւ է արցախցիների վերադարձի իրավունքը հավասարեցնում այսպես կոչված ադրբեջանցի «փախստականների» կեղծ հարցին։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կատարում քայլեր, որոնք պետք է բխեն ՀՀ, Արցախի ու հայ ժողովրդի շահերից։ Արցախում տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, եւ ՀՀ իշխանությունները Ադրբեջանին միջազգային դատական ատյաններում պատասխանատվության կանչելու փոխարեն փորձում են կոծկել այդ հանցագործությունները։
«Մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է։ Եվ այն, ինչ դուք ասում եք, այդ ճանապարհը մի ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփն առած՝ ընկնենք դռնեդուռ եւ մեծ ու փոքր տերությունների առաջ, ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում, լաց ու կոծով զբաղվենք, որը կբերի նրան, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար։ Եվ միակ սուբյեկտը, որը մեզ չի օգտագործի սեփական նպատակների համար, էդ կլինենք մենք։ Այսինքն՝ այն ճանապարհը, որը դուք ասում եք, դա հայ ժողովրդի եւ Հայաստանի մանրադրամացման ճանապարհն է միջազգային քաղաքականության եւ դիվանագիտական խաղերի մեջ։
Մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք եւ հետեւություններ անենք, որովհետեւ դա մի ճանապարհ է, որը հայ ժողովրդին հարատեւությամբ դատապարտում է նահատակի եւ գոյատեւողի ճակատագրի։ Ես նախկինում էլ ասել եմ, որ մեր կառավարության եւ իմ առաքելությունն այն է, որ հայ ժողովրդին նահատակ դարձնելու տրամաբանությունից դուրս բերենք։ Եվ մենք այսօր հասել ենք դրան բազմաթիվ զոհերի ու զոհողությունների գնով։
Չկան թշնամիներ եւ չկան բարեկամներ։ Կա պետություն իր շահերով, եւ մենք պետք է գնանք այդ պետության շահերի հետեւից։ Հիմա մենք կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում, ո՞վ է շահելու դրանից, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է։ Դուք գիտե՞ք՝ ինչ եք ասում, ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հայ ժողովրդի մնացած մասերի նման հավիտյան դատապարտենք պանդուխտի կարգավիճակի, որ էդ մարդիկ չիմանան՝ ի վերջո իրենք, իրենց թոռները, իրենց ծոռները որտե՞ղ են ապրելու, կա՞ հասցե, թե՞ չկա։ Ես ասում եմ՝ այո, կա հասցե եւ այդ հասցեն Հայաստանի Հանրապետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով։ Մնացածը, ինչ դուք ասում եք, ճանապարհ է, որը, ես՝ որպես ՀՀ վարչապետ, ուղիղ ասում եմ՝ հազիվ այդ գործից մենք ազատվել ենք»,- ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, որ արցախցիների վերադարձի իրավունքը միջազգայնորեն ամրագրված իրավունք է, Արդարադատության միաջզգային դատարանն այդ մասին որոշում ունի, ինչո՞ւ է ինքը փակում այդ հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Շատ լավ, մենք տեսանք՝ այդ միջազգայնորեն գրված ու արձանագրված իրավունքները, որոնք տոնում ենք համազգային մակարդակով, ուրախանում, բայց իրականության մեջ ի՞նչ են բերում։ Մենք էլի տարբեր պայմանագրեր ենք ունեցել՝ Սան Ստեֆանոյի կոնֆերանս, Բեռլինի կոնֆերանս, Սեւրի պայմանագիր, էս դատարանի վճիռ, էն դատարանի վճիռ, էն ինչ փաստաբանն այս ասաց, այն ասաց, փրկվանք։ Ոչ, մենք հրաժարվում ենք էդ ճանապարհից, ուղիղ ասում եմ՝ հրաժարվում ենք այդ ճանապարհից, որովհետեւ դա ճանապարհ է Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակին դատապարտելու։ Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր եւ եղբայրներ, դուք պետք է տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում, ստանաք ՀՀ քաղաքացիություն։ Մենք պետք է հրաժարվենք հացի հետեւից պանդխտելու տրամաբանությունից, որովհետեւ հացն այստեղ է, ՀՀ-ն ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու գործիք է, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»։