
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ գերիներին։
«Այս պատանդները գործնականում մոռացվել են միջազգային հանրության կողմից, չնայած այն հանգամանքին, որ պահվում են մի պետության կողմից, որը վերջին հինգ տարիների ընթացքում երեք անգամ ռազմական գործողություններ է սկսել հայերի դեմ։ Նրանց ազատ արձակումը նախագահի համար մեծ մարդասիրական և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի», – ասվում է X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
Նամակի հեղինակները կարծում են, որ բոլոր հայ գերիների վերադարձը կհաստատի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Թրամփի հայտարարած առաքելությունը։ Լեմկինի ինստիտուտը նշել է, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին։
Հիշեցնենք, որ վերջերս Թրամփի միջնորդությամբ «Եվրոպայի միակ բռնապետ» Ալեքսանդր Լուկաշենկոն ազատ արձակեց հարյուրից ավելի քաղբանտարկյալների, այդ թվում՝ քաղաքական հակառակորդների, որոնք երկարատև բանտարկության մեջ էին։
BBC-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի դատախազությունը պահանջում է ցմահ բանտարկություն Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար և ռուսաստանյան միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի համար։
Բաքվի ռազմական դատարանը քննում է Հայաստանի քաղաքացի Վարդանյանի դեմ քրեական օրենսգրքի 20 լուրջ հոդվածներով առաջադրված մեղադրանքները, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է երկարատև բանտարկություն։ Դրանք ներառում են ագրեսիվ պատերազմ վարելը, խոշտանգումները, ահաբեկչությունը, պատերազմի օրենքների և սովորույթների խախտումը, մարդկանց առևանգման կազմակերպումը և այլն։ Մեղադրանքները ներառում են 1992-1994 թվականների Առաջին Ղարաբաղյան պատերազմի իրադարձություններին վերաբերող մդրվագներ։
Գործարարը հերքում է մեղքը և դատավարությունը որակում քաղաքական։
BBC-ն հիշեցնում է, որ առնվազն 20 հայ պահվում է Բաքվի բանտերում՝ առանց պատշաճ դատավարության, և Երևանը նրանց անվանում է պատանդներ և քաղբանտարկյալներ ադրբեջանական իշխանությունների ձեռքում։
«Այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում դատավարությունները որակեց «բեմադրված», «կոպիտ ընթացակարգային խախտումներով և խոշտանգումների ակնհայտ նշաններով»։ Արտաքին գործերի նախարարությունը հիշատակեց ինչպես չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին, այնպես էլ սովորական ռազմագերիներին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նույնպես հատուկ բանաձևով պահանջեց հայ գերիների ազատ արձակումը», – հաղորդում է BBC-ն։