
Լիանետա Իշխանյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Նա ուսուցչուհի է։ Արցախի տեղահանությունից հետո ընտանիքով բնակություն են հաստատել Երևան քաղաքում։ Աշխատանքի է անցել քաղաքի մանկապարտեզներից մեկում։ Ինչպես Արցախում, այստեղ ևս սիրով է աշխատում երեխաների հետ։
Հարազատ գյուղի մասին ջերմությամբ է խոսում, կարոտում ամեն մի քարը
-Աշանը շրջանում հայտնի գյուղ էր՝ թե՛ իր մտավորականներով, թե՛ աշխատասեր ժողովրդով։ Մեր գյուղն ուներ բազմաթիվ պատմամշակությաին հուշարձաններ՝ նշանավոր եկեղեցի, մատուռներ, խաչքարեր։ Կային բազմաթիվ աղբյուրներ, որոնք մարդկանց համար կյանքի ակունք էին։
Մեր գյուղը հայտնի էր նաև գինեգործությամբ։ Գրեթե բոլորը գինի էին թորում, ու Աշանի գինին հայտնի էր ողջ Արցախում։ Մեր գյուղը նշանավոր է նաև իր հյուրասիրությամբ։ Աշանում չկար մի ընտանիք, որ իր հարկի տակ տարբեր տեղերից հյուրեր ընդունած չլիներ։ Եվ ոչ մեկն առանց լավ տպավորությունների չէր հեռանում գյուղից։ Շատերը բարեկամացել և մինչև այսօր կապված են իրար հետ։
Մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ։ Աշխատել եմ Աշանի միջնակարգ դպրոցում, որտեղից էլ անցել եմ վաստակած թոշակի։ Երկու տարի աշխատել եմ նաև Ժդանովի շրջանի գյուղերից մեկի ինտերնացիոնալ դպրոցում։
Աշանում ապրել եմ 60 տարի։ Այն ինձ համար աշխարհի ամենահրաշալի վայրն է, որտեղ ամեն ինչ քոնն էր, հարազատ։ Արցախի ամեն տեղն էլ հաճելի է, սակայն մեր գյուղն աննկարագրելի է։ Շատ եմ կարոտում։ Աշանից դուրս իմ կյանքը երբեք չեմ պատկերացրել ու երբեք չեմ մտածել, որ կապրեմ Երևանում։ Ես այն համոզման եմ, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է։ Կտեսնեմ ես այդ բաղձալի օրը, թե ոչ, չգիտեմ, բայց վերադարձ լինելու է։ Աշխարհը չի կարող երկար լուռ մնալ։ Գերտերությունները չեն կարող մեզ հնարավորություն չտալ, որ վերադառնանք ու ապրենք մեր հողում։
Տիկին Լիանետայի հոգին ալեկոծվում է ցավից, երբ խոսում է 44-օրյա պատերազմից
-Ինչպես ցանկացած արցախցի՝ ես ևս ապրել եմ 2 կյանքով՝ պատերազմյան և նախապատերազմյան։ Մինչև պատերազմն սկսվելն այն կարծիքին էինք, որ պետք է ապրենք անկախ ու ազատ երկրում․ աշխարհը պետք է Արցախը ճանաչի որպես առանձին պետական միավոր, ու մենք կապրենք երջանիկ կյանքով և կունենանք աշխարհի մեջ մեզ համար ամենաթանկ ու նվիրական անկյունը։
Սակայն մեր հույսերը չարդարացան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Կիրակի էր․ մարդիկ խաղաղ քնած էին։ Ինչպես միշտ՝ արթնացել ու անցել էի տնային գործերին։ Հավերին էի կերակրում, ու հանկարծ պայթյուներ լսվեցին, ու դրանք շարունակական էին։ Հասկացանք, որ պատերազմ է կրկին։ Իհարկե, վերջին օրերին խոսվում էր, որ սահմանին կուտակումներ կան, վիճակը մի քիչ լարված է։ Սակայն մենք չէինք հավատում, որ աշխարհը թույլ կտա նման բան։ Չէինք հավատում, որ նորից պատերազմ կլինի, որ արցախցին կրկին արյուն, մահ, տառապանք կտեսնի։
Հենց այդ պահին որդիս զանգեց Ստեփանակերտից՝ ասելով, ի՞նչ եք նստել այդտեղ, եկեք Ստեփանակերտ։ Ինքն ու կինը ոստիկանության ծառայողներ էին, պետք է շտապ գնային ծառայության։ Ամուսնուս հետ գնացինք Ստեփանակերտ, որ մեր թոռնիկներին տիրություն անենք։ Կարծում էինք մի քանի օր կտևի, ինչպես 2016-ին։ Սակայն այն ձգվեց 44 օր։ Պատերազմի ողջ ընթացքում ես գտնվում էի Ստեփանակերտում և միայն նոյեմբերի 6-ին դուրս եկա Արցախից։
44-օրյա պատերազմը, իհարկե, շատ-շատերի հետ միասին տարավ նաև իմ թանկագին եղբորորդուն՝ Արտակին։ Նա մեծ հավատով էր լցված։ Վերջին անգամ երբ տեսա նրան, հավատացնում էր, որ հաղթանակը մերն է լինելու։ Ասում էր՝ թշնամին չի կարող մեզ հաղթել։ Բայց արի ու տես, որ էն գլխից էլ պատերազմի ելքը որոշված էր։ 44-րյա պատերազմում մեր գյուղից նահատակվել են 5 հոգի, որոնցից 4-ը իմ աշակերտներն էին։ Մեկն ընտանիքի մինուճար զավակ էր։ 2020-ից հետո նրանց ընտանիքում տղա ծնվեց ու կրում է հերոս եղբոր անունը։
Նոյեմբերի 6-ին եղբորս կնոջ հետ եկանք Հայաստան ու մինչև նոյեմբերի 28-ը մնացինք այստեղ։ Ոչ մի երկմտություն չկար, որ պետք է հետ վերադառնալ, տեր կանգնել մեր հողին։ Չնայած կնքվել էր ահավոր պայմանագիրը, և գիտեինք, որ արդեն չկար Արցախի զգալի մասը, բայց այնուամենայնիվ հույս, հավատ կար, որ այս անգամ գոնե աշխարհը խուլ ու համր չի մնա։ Եկանք, լծվեցինք աշխատանքի։ Շարունակում էինք արարել, գյուղում մարդիկ տները նորից վերանորոգում էին, ավելի մեծ եռանդով զբաղվում գյուղատնտեսությամբ, ապրում հուսյով ու հավատով։
Շրջափակում, նորից պատերազմ ու տեղահանություն
-Երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, ես չէի կորցնում լավատեսությունս։ Հավատացած էի, որ կբացվի կյանքի ճանապարհը, մտածելով՝ մեր ժողովուրդը ո՞ր մեղքի համար պետք է շարունակի տառապել։ Իհարկե, շրջափակումը ծանր է անդրադարձել արցախցիների վրա։ Չկար մի ընտանիք (խոսքը հասարակ մարդկանց մասին է), որ այդ ահավոր երևույթը չզգար իր մաշկի վրա։
Ճիշտ է, թոշակի անցնելուց հետո ամուսնուս հետ տեղափոխվել ու ապրում էինք Ստեփանակերտում, սակայն շարունակում էինք գյուղում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, ապահովված էինք գյուղմթերքով։ Մսի, կաթնամթերքի, որոշ տեսակի բանջարեղենի խնդիր չկար, սակայն իսպառ բացակայում էին երեխաների սիրած քաղցրավենիքները։ Մենք զգում էինք, որ այս շրջափակումն ազդել է երեխաների հոգեբանության վրա։ Ինչքան էլ քաղցրավենիք էին ուզում ուտել, միևնույն ժամանակ նրանք դարձել էին հասկացող, զուսպ։ Ծանր էր այդ ամենը տեսնելը։ Իսկ շրջափակման վերջն ավելի ահավոր էր։
Սկսվեց սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Թոռնիկներս սովորականի պես գնացել էին դպրոց, տղաս ու հարսս՝ ծառայության։ Ես տան գործեր էի անում ու սպասում, որ ուր որ է կհավաքվեն ճաշելու։ Որդիս, հարսս ու փոքր թոռնիկս տանն էին արդեն, երբ լսվեց առաջին պայթյունը։ Տղաս անմիջապես վազեց ծառայության։
Երեխաները շատ ծանր էին տանում, վախեցած էին։ Իջանք նկուղ։ Այդ ողջ ժամանակաընթացքում, երբ փորձում էի բացել դուռը՝ տեսնելու, թե ինչ է կատարվում դրսում, երեխաները չէին թողնում։ Նրանք չէին ուզում ձայն լսել։ Ամբողջ գիշեր չքնեցին։ Մեծ թոռս սթրեսից ջերմում էր։ Պատերազմն սկսվելու պահին նա դպրոցում էր և ինչպես հետո պարզվեց, մտածում էր, որ իր հետևից ոչ ոք երևի չի գնալու։ Դպրոցից մայրիկին նամակ էր ուղարկել՝ ես քեզ սիրում եմ, մնաս բարով։ Շատ նրբազգաց երեխա է։ Դպրոցից եկավ ու հասկացավ, որ միայնակ չէ, և ծնողը երբեք իր երեխային մենակ չի կարող թողնել։
Սեպտեմբերի 20-ին ասացին՝ զինադադար է։ Էլի էինք հավատում, որ կմնանք մեր հողում։ Ամուսինս գյուղից լոբի էր բերել։ Սկսեցի այն պահածոյացնելու ավանդական աշխատանքները։ Դրսում տեղադրված փայտե վառարանի վրա մեծ սիրով պատրաստեցի իմ պահածոները:
Սակայն լուրեր էին պտտվում, որ պետք է լքենք Արցախը։ Արդեն հնարավոր չէր մնալ․ փողոցներում կրակոցներ էին լսվում։ Ստեփանակերտի վերևի թաղամասերում ապաստանած մեր բարեկամներն ասում էին, որ թշնամու արձակած փամփուշտներն ընկնում են տան բակերը։
Ո՛չ, հնարավորր չէր մնալ, այլապես կկրկնվեր 1915 թվականն ու բոլորս սրի կքաշվեինք։ Սեպտեմբերի 25-ի առավոտյան որոշեցինք, որ պետք է դուրս գանք։ Տղաս չէր ուզում, սակայն տեղի տվեց կնոջ թախանձանքներին, և մենք ճանապարհ ընկանք։ Երկար ու դժվար ճանապարհ անցանք։ Մարդկանց էինք հանդիպում, ովքեր մարդկային կորուստենորվ էին հեռանում Արցախից։ Ճանապարհին մեր գյուղից մի կնոջ ևս հանդիպեցինք։ Նա առողջական խնդիրներ ուներ ու չկարողացավ դիմանալ, ճանապարհին մահացավ։
Մինչև Հակարին անցնելը մտածում էինք, որ տղամարդկանց թույլ չեն տա անցել․ ասում էին, ինչ որ ցուցակ կա։ Առաջինը տղայիս մեքենան հասավ Հակարի։ Չստուգեցին անգամ․ ընդամենը հարցրին՝ քանի՞ հոգի եք։ Իսկ երբ մեր մեքենան մոտեցավ, ամուսնուս տարան, նկարեցին և որոշ ժամանակ հետո բաց թողեցին։ Ճանապարհին լսեցինք պայթյունի մասին։ Իմացանք, որ մեր քեռու տղան ևս զոհ է դարձել։
Տիկին Լիանետան անցյալը սրտի մեջ պինդ պահած ցանկանում է շարունակել ապրել՝ ինչքան էլ դա դժվար լինի
-2023-ին նոր ցավ ապրեցինք, քանի որ եղբայրս՝ Դավիթը, գերության մեջ է։ Ես համոզված եմ՝ իմ եղբայրը որտեղ էլ լինի, պահում է հայի պատիվը։ Դավիթն ինձանից բավականին փոքր է, և նա ինձ համար սոսկ եղբայր չէ, ասես ավագ զավակս լինի։ Մենք բոլորս հավատում ենք հրաշքի և սպասում, որ վերադառնան մեր բոլոր գերիները։
Ծանր եմ տանում, որ զոհված եղբորորդուս՝ Արտակի հետ կապված ահագին նկարներ էի հավաքել ու պահում էի իմ ստեղծագործական տետրի մեջ, որը, ցավոք, չեմ բերել իմ հետ, տանն են մնացել մեր մանկության ալբոմները։ Արցախում են մնացել նաև իմ գրքերը, որոնք հավաքել եմ ողջ կյանքիս ընթացքում։
Անկախ ամեն ինչից՝ մենք պարտավոր ենք ապրել։ Հաջողությամբ աշխատանք եմ գտել ու համոզվել, որ այնքան էլ դժվար չի աշխատանք գտնել։ Որովհետև այստեղ համոզվել են, որ արցախցին պատասխանատու և իր գործին նվիրված մարդ է ու ամեն տեղ կարդարացնի իրեն։ Ցավալին միայն այն է, որ մի տեսակ անտարբերությամբ են նայում մեր ցավին։ Երբեմն այնպիսի անհեթեթ հարցեր են տալիս, որ պատասխանելն անգամ վիրավորական է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ