
2013 թվականին Աննայի (անունը փոխված է) ընտանիքը որոշում ընդունեց, որը վերջնականորեն փոխեց նրանց կյանքը․ նրանք գնեցին Ֆրանսիայի միակողմանի տոմս՝ հստակ գիտակցելով, որ Արցախում մշտական ապրելը այլևս հնարավոր չէ։
Սահմանային լարվածությունը և ապագայի անորոշությունը ստիպեցին ընտանիքին իրենց հեռանկարը կապել Եվրոպայի հետ, որտեղ այդ տարիներին փախստականի կարգավիճակն ընկալվում էր որպես հարաբերական անվտանգության երաշխիք։
«Մենք ընտանիքում հինգ հոգի էինք, և յուրաքանչյուրիս փաստաթղթերի պատրաստման համար վճարեցինք 4 500 եվրո։ Ստեփանակերտի բնակարանը վաճառեցինք ու մի քանի ճամպրուկով մեկնեցինք Ֆրանսիա»,- պատմում է Աննան։
Ֆրանսիա ժամանելու առաջին օրերն ավելի շատ հույս էին ներշնչում, քան վախ։ «Ամեն ինչ ասֆալտապատ էր, գյուղերը՝ խնամված, կարգավորված»,-հիշում է նա։
Սակայն, ինչպես նշում է, այդ զգացողությունը երկար չտևեց։
«Երբ դիմում ես պետությանը և մտնում ապաստանի համակարգ, սկսվում է երկար ու բարդ գործընթաց։ Մեր ընտանիքում հինգ չափահաս կար, և մեզ առաջարկեցին ժամանակավորապես բնակվել տարբեր քաղաքներում։ Հայրս չհամաձայնվեց, ու մենք մոտ երկու ամիս ապրեցինք ծանոթի տանը՝ առանց հստակ պատկերացման, թե ինչ է լինելու հետո»,- ասում է Աննան։
Տարիներ շարունակ Եվրոպան ապաստան է տվել պատերազմներ և հետապնդումներ տեսած մարդկանց։ Այդ ճանապարհը շատերի համար եղել է դժվար, երբեմն՝ նվաստացնող, երբեմն՝ արժանապատիվ։ Սակայն այսօր, հատկապես Արցախից բռնի տեղահանված հայերի համար, նույն հարցը կրկին օրակարգում է՝ որտե՞ղ փնտրել պաշտպանություն և ո՞ւր է հնարավոր սկսել նոր կյանք։
Այս հոդվածում ներկայացվում է Եվրոպայի ապաստանի համակարգի կառուցվածքն ու իրական մարտահրավերները՝ օրենքների, պաշտոնական տվյալների և մարդկանց անձնական փորձի միջոցով։
Ինչն է Եվրոպան դարձնում ընտրության ուղղություն
Շատ փախստականների համար Եվրոպան առաջին հերթին ընկալվում է որպես իրավական պաշտպանություն ապահովող տարածք։ Ուժեղ ինստիտուցիոնալ համակարգերը, դատարանների անկախությունը, միջազգային իրավունքի մեխանիզմները և սոցիալական երաշխիքները, ըստ ԵՄ Փախստականների գործակալության (EUAA), շարունակում են մնալ վստահության կարևոր գործոններ։
Իրավական միջավայրից բացի, վճռորոշ դեր են խաղում նաև տնտեսական պայմանները։ Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները տարիներ շարունակ ունեն աշխատուժի պահանջարկ, ինչը նոր ժամանածներին հնարավորություն է տալիս աստիճանաբար ներգրավվել աշխատաշուկայում։
ՕԵԴ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենց այս գործոնն է հաճախ ազդում ներգաղթի վերջնական որոշման վրա։
Առողջապահական և սոցիալական համակարգերի հասանելիությունն ևս կարևոր նշանակություն ունի։ Ֆրանսիայում գործում է անվճար բժշկական օգնության հատուկ ծրագիր (AME), իսկ ընդունման կենտրոնները (CAO) ողջ երկրում տրամադրում են ժամանակավոր կացարան և հիմնական աջակցություն՝ մինչև ապաստանի դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։
Ապաստանի ընթացակարգերը․ ինչի են բախվում դիմորդները
Ֆրանսիա
• Դիմում ներկայացնելուց հետո անձը ստանում է demandeur d’asile կարգավիճակ։
• Տրամադրվում է ժամանակավոր կացարան CAO-ում և ADA ֆինանսական աջակցություն՝ օրական 6.80 եվրո, իսկ կացարանի բացակայության դեպքում՝ հավելյալ 14.20 եվրո։
• Համակարգը բախվում է ծանրաբեռնվածության․ աջակցությունը հաճախ բավարար չէ, իսկ աշխատելու իրավունքը սահմանափակված է առաջին վեց ամիսներին։
Գերմանիա
• BAMF-ի կողմից դիմումների քննությունը միջինում տևում է 8.7 ամիս (2024), ընդհանուր գործընթացը կարող է ձգվել մինչև 12 ամիս։
• 2025 թվականին գրանցվել է ավելի քան 100 000 բողոք, ինչը վկայում է համակարգի ծանրաբեռնվածության մասին։
• Բնակարանային և քաղաքական ճնշումները հատկապես սուր են Բեռլինում։
• Church Asylum-ի շրջանակում որոշ եկեղեցիներ տրամադրում են ոչ օրինական, սակայն բարոյական հիմքով պաշտպանություն։
Նիդեռլանդներ
• IND-ի որոշման սպասումը հաճախ գերազանցում է մեկ տարին և որոշ դեպքերում հասնում մինչև 15 ամիս, չնայած օրենքով սահմանված է 6 ամիս։
• Ընտանեկան վերամիավորումը նախատեսված է երեք ամսում, սակայն գործնականում կարող է տևել շուրջ երկու տարի։
Աննայի ընտանիքը փախստականի պաշտոնական կարգավիճակին սպասել է գրեթե երկու տարի՝ երկու անգամ բողոքարկելով մերժման որոշումները։
Վերջին տարիներին Եվրոպայում փախստականների թեման ավելի ու ավելի հաճախ է հայտնվում քաղաքական շահարկումների կենտրոնում։ Ապաստանի համակարգը շարունակում է գործել, սակայն այն ծանրաբեռնված է, իսկ սպասման ժամկետները՝ երկար։
Թվերի և պաշտոնական հաշվետվությունների ետևում մնում են մարդիկ՝ ընտանիքներ, որոնք տարիներ շարունակ ապրում են անորոշության մեջ։
Աննայի ընտանիքի պատմությունը ցույց է տալիս, որ ապաստանի ճանապարհը միայն փաստաթղթերի և իրավական կարգավիճակի մասին չէ։ Դա երկարատև փորձություն է, որտեղ հույսը հաճախ բախվում է համակարգի սահմաններին, իսկ անվտանգ ապաստան հասկացությունը մնում է հարաբերական։
Մարիամ Սարգսյան