
Անցած շաբաթ «Հանգանակ» հասարակական կազմակերպությունում անցկացվեց հերթական հոգեբանական խմբային թերապիայի հանդիպում՝ մանդալա թերապիայի ձևաչափով, որը մեր շահառուների ամենասիրված և հոգեհարազատ մեթոդներից մեկն է։ Գույների, ձևերի և լուռ կենտրոնացման միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան արտահայտելու այն զգացմունքները, որոնք երբեմն դժվար է բառերով փոխանցել։
ՙՙՀանդիպումը վարում էր հոգեթերապևտ դոկտոր Անահիտ Լալայանը, ով ստեղծել էր խորապես հանգստացնող մթնոլորտ՝ միացնելով մեղմ և հաճելի երաժշտություն։ Երաժշտությանը զուգահեռ լսվում էին նաև թռչունների և անտառի ձայները, որոնք նպաստում էին մասնակիցների ներքին հանգստությանը, կենտրոնացմանը և բնության մեջ գտնվելու զգացմանը։ Այս խաղաղ միջավայրը նպաստեց հուզական բացությանը և ստեղծագործական ընթացքին։
Հանդիպման ընթացքում շահառուները ստեղծեցին իրենց մանդալաները և հետո բացատրեցին ընտրված գույների նշանակությունը։ Նրանց խոսքերը խորապես հուզիչ էին։ Շատերը խոսեցին հայրենիքի կորստի ցավի, կարոտի և ներսում կուտակված տխրության մասին, սակայն միաժամանակ ընդգծեցին հույսն ու հավատը։ Բոլոր մասնակիցներն առանց բացառության նշեցին տուն վերադառնալու իրենց հավատը՝ որպես ուժի և դիմացկունության աղբյուր։
Հանդիպման ամբողջ ընթացքում տիրում էր ջերմ և ընկերական մթնոլորտ։ Մեր կամավորները մասնակցեցին հանդիպմանը և հյուրասիրեցին շահառուներին համեղ թեյով, ինչը ստեղծելէ հոգատարության և հարմարավետության միջավայր։ Հանդիպման ավարտից հետո մասնակիցները երկար ժամանակ մնացին սեղանի շուրջ՝ զրուցելով միմյանց հետ, կիսվելով հիշողություններով և վերջին նորություններով։
Այս հանդիպման ընթացքում ստեղծված բոլոր մանդալաները պահվում են Հանգանակում, գումարվելով շահառուների նախորդ պարապմունքի ժամանակ ստեղծած մանդալաներին։ Միասին դրանք ձևավորում են հիշողության, ցավի, հույսի և հավատի յուրահատուկ հավաքածու՝ արտահայտված գույների և ստեղծագործության միջոցով։
Մանդալա թերապիան Հանգանակում պարզապես ստեղծագործական գործընթաց չէ․ այն ապաքինման, փոխկապվածության և համատեղ հույսի ճանապարհ է։ Մենք արդեն զգացել ենք դրա ուժը մեր նախորդ մանդալա պարապմունքի ընթացքում, որը դարձավ հիշողության և ստեղծագործության կարևոր էջ մեր շահառուների համար։
Հանգանակում մենք հավատում ենք, որ ապաքինումը հաճախ սկսվում է գույնից, լռությունից, մեղմ ձայներից և միասին լինելու զգացումից, և որ նույնիսկ կորստի մեջ հույսն ու հավատը շարունակում են մնալ մարկանց հոգիներում՚,՚ հայտնում են կազմակերպությունից:
Հիշեցնենք, որ «Հանգանակ» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ իրականացնում էր «Սոցիալական և բժշկական օգնություն Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին» նախագիծը։ Նախագիծը նպատակ ուներ բավարարել տարեցների բժշկական և սոցիալական հիմնական կարիքները, ապահովել համապարփակ սոցիալական և առողջապահական ծառայություններ՝ դեղորայքի և սննդի մատակարարման հետ մեկտեղ։
2023 թվականի հոկտեմբերի 25-ի բռնատեղահանումից հետո կազմակերպությունը գրանցվեց Երևանում որպես «Հանգանակ» բարեգործական ՀԿ, և այժմ շարունակում է առաքելությունը, Հայաստանում իրակնացնելով մի շարք ծրագրեր ու միջոցառումներ և աջակցելով ավելի քան 240 շահառու տարեցների: Հանգանակը համագործակցում է նաև «Էմպաթիա» հիմնադրամի հետ, որը մասնագետներին տրամադրում է աշխատանքային տարածք: Բացի այդ, հիմնադրամի համահիմնադիր Անահիտ Լալայանը կամավորական հիմունքներով աշխատում է կազմակերպության թիմում, շահառուներին տրամադրելով հոգեբանական աջակցություն:
Պատրաստել է Արսեն Աղաջանյանը