
Կրթամշակութային միջոցառում՝ Արցախի ժառանգության պահպանման համար
Արցախյան վերջին պատերազմի ծանր հետևանքները առավել ընդգծել են մեր մշակութային ժառանգության պահպանման կենսական անհրաժեշտությունը։ Այսօր համազգային պարտքն է ոչ միայն պահպանել և փաստագրել արցախյան մշակույթը, այլև ապահովել դրա փոխանցումն ապագա սերունդներին։
2026 թ․ հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում տեղի է ունենալու կրթամշակութային նշանակալի միջոցառում, որը կազմակերպում են «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն և «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցը։
Միջոցառման նպատակն է՝ խթանել արցախյան մշակութային ժառանգության պահպանման, վերարժևորման և հանրայնացման գործընթացները։ Նախաձեռնությանը միացել են նաև «Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ-ն և Արտակ Մկրտչյանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել կազմակերպչական աշխատանքներին։
Կազմակերպիչները կոչ են անում պետական, հասարակական, կրթական ու երիտասարդական կառույցներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ անձանց՝ միավորել ուժերը և նպաստել միջոցառման արդյունավետ իրականացմանը։ «Մեր մշակույթի պահպանումը մեր ինքնության երաշխավորն է։ Միասնաբար մենք կպահպանենք և կհաստատենք, որ ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ», – նշում են նախաձեռնության հեղինակները։
Հիշեցնենք, որ միջոցառումը տեղի կունենա հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մարիամ Սարգսյան