Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ բանակցել Ուկրաինայի հարցով

  • 12:44 21.12.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ուկրաինայի պատերազմի հարցով։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կիրակի՝ դեկտեմբերի 21-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ «Նա (Մակրոնը – խմբ.) ասել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ։ Հավանաբար շատ կարևոր է հիշել, թե ինչ է ասել նախագահը ուղիղ գծի ընթացքում։ Նա ևս պատրաստակամություն է հայտնել երկխոսել Մակրոնի հետ։ Հետևաբար, եթե կա փոխադարձ քաղաքական կամք, ապա դա կարելի է գնահատել միայն դրական», – ասել է Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ երկու առաջնորդների միջև հնարավոր շփումները պետք է լինեն «միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ», այլ ոչ թե «դասախոսություններ»։ «Պուտինը միշտ պատրաստ է մանրամասն, անկեղծորեն և հետևողականորեն բացատրել իր դիրքորոշումները զրուցակիցներին», – նշել է նախագահի մամուլի քարտուղարը։

Հուլիսին Մակրոնը և Պուտինը ունեցել են իրենց առաջին հեռախոսազրույցը երեք տարվա ընթացքում։ Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը, Թեհրանի և Թել Ավիվի միջև հակամարտության սրումը և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Կողմերը համաձայնել են պահպանել կապը՝ Մերձավոր Արևելքի հարցում իրենց դիրքորոշումները համակարգելու համար։

Ուրբաթ՝ դեկտեմբերի 19-ին, Մակրոնը հանդես եկավ Պուտինի հետ շփումների վերականգնման օգտին՝ նշելով, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների վերսկսումը բխում է թե՛ եվրոպացիների, թե՛ ուկրաինացիների շահերից։