
Թրամփի վարչակազմը հետ է կանչում մոտ 30 դիվանագետի դեսպանական և դեսպանատների բարձրաստիճան այլ պաշտոններից՝ արտերկրում ԱՄՆ դիվանագիտական դիրքորոշումը վերաձևավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է apnews.com-ը։
Ամենաշատ դեսպանները հետ են կանչվում Աֆրիկայի և Ասիայի երկրներից։ Փոփոխությունները վերաբերում են Հայաստանին, Մակեդոնիային, Չեռնոգորիային, Սլովակիային, Ալժիրին, Եգիպտոսին, Սենեգալին, Նեպալին, Ֆիլիպիններին, Վիտենամին:
Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Քրիստինա Քվինը իր թերևս ամենահայտնի արտահայտությունն արել է 2023-ի հուլիսի 4-ին Հանրայինի եթերում, երբ նա ասել է, որ հայերը կարող են ապրել ընտանեկան և համայնքային կյանքով Ադրբեջանի կազմում։
Հանրայինին տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը մեկնաբանել է այն մտահոգությունները, որ եթե Ղարաբաղը լինի Ադրբեջանի մաս, այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը անհնար կլինի՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը։
«Մենք հավատում և հույս ունենք, որ դա հնարավոր է։ Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է համատեղ աշխատեն դրան հասնելու համար։ Միացյալ Նահանգները կարծում է, որ սա ճիշտ մոտեցում է և խրախուսում է բոլոր կողմերին ապահովել [Լեռնային Ղարաբաղում ապրողների – խմբ.] իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Բոլոր կողմերն այս մասին հայտարարել են. հիմա մենք պարզապես պետք է գտնենք դա անելու ճիշտ ճանապարհը», – ասել է Քվինը։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը ռուս զինվորների հետ միասին լիակատար շրջափակման մեջ էր առել Արցախը։ Արդեն չկար գազ, “այլընտրանքային” ճանապարհ, համարյա չկար հոսանք, իսկ ջրից վտանգավոր հոտ էր գալիս, ուտելիքը վերջանում էր, իսկ Հակարի կամրջից հայեր էին առևանգվում, որոնք ի դեպ մինչ օրս Բաքվում են։ Բայց ԱՄՆ դեսպանի համար դա երջանիկ կյանքի նախադրյալներ էին՝ միայն խորհրդային սահմանները չփոխվեն։
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն։ Դա ապահովելու համար պետք է բանակցություններ վարվեն։
«Անձամբ ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իրենց անվտանգ զգան իրենց տներում և պետք է ներգրավված լինեն իրենց համայնքների կյանքում։ Այս սկզբունքները պետք է ապահովվեն բանակցությունների միջոցով», – ասել է Քվինը։
Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հնարավորության վերաբերյալ նա նշել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ ցանկացած բանակցություն և քննարկում առաջընթացի ճիշտ ուղին է։ Մնում է լիովին հասկանալ երկու կողմերին էլ հուզող հարցերը, որպեսզի նրանք կարողանան գտնել խաղաղ ապագայի ուղի, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության վերաբերյալ նա նշեց, որ ԱՄՆ-ն փորձում է գտնել ճանապարհներ և հնարավորություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները առաջ մղելու համար, սակայն Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ն նախընտրում է համագործակցել ԵՄ-ի հետ։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել գործել, և եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողական աշխատանքի այս ձևաչափով, ԱՄՆ-ն չի միջամտի դրան», – հայտարարեց Կվիենը։