ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է «ARMENIA Security Partnership Act»–ը

  • 17:11 22.12.2025

Ինչպես հայտնում են ՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից, ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է «ARMENIA Security Partnership Act» – ն՝  Ադրբեջանին ամերիկյան օգնության սահմանափակման և Հայաստանի անվտանգության ամրապնդման նպատակով

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։ Օրինագծին ակտիվորեն առաջ է մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում։

Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ քայլերի թվում են՝

  • բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը,
  • ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
  • Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,
  • հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ օրինագիծը «դադարեցնում է Ադրբեջանի շարունակական ագրեսիան խրախուսող քաղաքականությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնավորում է խաղաղության կոնկրետ չափորոշիչներով ու պատասխանատվությամբ»։

Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում Հայաստանի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։

«ARMENIA Security Partnership Act»-ի համահեղինակների թվում են նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոն և այլք։ Սպասվում է օրինագծի նկատմամբ լայն երկկուսակցական աջակցություն առաջիկա շաբաթներին։

Օրինագիծը ներկայացվում է այն պայմաններում, երբ փորձ է արվում վերականգնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ չնայած Արցախի ամբողջական հայաթափմանը, հայ գերիների պահմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիային, միջազգային իրավունքի շարունակական խախտումներին և այլնին։