«ՀՀ կառավարության դիրքորոշման պատճառով մեզ դժվարությամբ են դիտարկում որպես փախստականներ»․ արցախցիները Գերմանիայում

  • 21:39 22.12.2025

Փախստականի գերմանական ուղին

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Եվրոպա հասնելը երբեք դյուրին ճանապարհ չի եղել։ Յուրաքանչյուր պատմության հետևում ամիսներ տևած սպասում, անորոշություն և ծանր որոշումներ են։

«Սկզբից էլ մեր նպատակը Գերմանիա տեղափոխվելն էր»,- ասում է Կարինեն (անունը փոխված է), ով 2023 թվականին ընտանիքի հետ ստիպված է եղել լքել Արցախը։ Սակայն, ինչպես նշում է նա, ֆինանսական հնարավորությունների բացակայությունը երկար ժամանակ խանգարել է որոշում կայացնել։

Գույք վաճառելու հնարավորություն չունենալու պատճառով ընտանիքը նախ մեկնել է Ռուսաստան՝ գումար վաստակելու նպատակով։ Միայն դրանից հետո կարողացել են վերադառնալ և մտածել հաջորդ քայլի մասին։

2025 թվականին Ռուսաստանից վերադառնալուց հետո ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար վճարել են 5000 եվրո՝ վիզայի հարցը լուծելու համար, և Աթենքով հասել Գերմանիա։

«Լեզվին չէինք տիրապետում, բայց այստեղ ընդունվում են թե՛ անգլերեն, թե՛ գերմաներեն»,- նշում է Կարինեն։

Ընտանիքին ընդունել են Տրիեր քաղաքի ճամբարում։ Կարինեի խոսքով՝ մեծ աջակցություն է ցուցաբերել քույրը, որը շուրջ երեք տասնամյակ է ապրում Գերմանիայում։

«Նա մեզ դիմավորեց, ուղեկցեց ճամբար և իր օգնությամբ կարողացանք արագ կողմնորոշվել նոր միջավայրում»,- պատմում է նա։

Կարինեն ընդգծում է, որ փախստականների ընդունման գործընթացը կազմակերպված էր։

«Մեզ տրամադրվեց առանձին սենյակի բանալի, օրական երեք անգամ սնունդ՝ նորմալ ուտելիքով։ Առաջին հարցազրույցից հետո սկսեցինք ստանալ նպաստ՝ ամսական 92 եվրո յուրաքանչյուրիս համար, որով կարողանում էինք գնել կոշիկ, հագուստ։ Ճամբարում տրամադրված էին նաև հիգիենայի պարագաներ, սպասք և անկողնային պարագաներ»։

Օգոստոսին ընտանիքը տեղափոխվել է Պիտբուրգի ճամբար, որտեղ արդեն յուրաքանչյուր փախստական ինքն է պատասխանատու իր կենցաղային պայմանների և մաքրության համար։ Մինչ օրս շարունակում են բնակվել այդտեղ։

Երկրորդ հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ «Ցավոք, հայ փախստականները հաճախ զրկված են լուրջ իրավունքներից։ ՀՀ կառավարության դիրքորոշման պատճառով մեզ դժվարությամբ են դիտարկում որպես փախստականներ։ Հայաստանը պահանջում է յուրաքանչյուր արցախցու վերադարձ, սակայն Հայաստանում չեն կարող ապահովել ոչ անվտանգություն, ոչ սոցիալ-տնտեսական կայունություն»,- ասում է Կարինեն։

Ընտանիքի համար Գերմանիան ընկալվում է որպես օրենքի երկիր։

«Այստեղ, եթե մարդը ենթարկվում է օրենքներին, նրա իրավունքները պաշտպանված են, և նա կարող է արժանապատիվ կյանք վարել»,- նշում է նա։

Այս պահին ընտանիքը դեռ չունի փախստականի կարգավիճակ։ Սակայն նրանք մասնակցում են լեզվի դասընթացների, սովորում են գերմաներեն և ներգրավված են ինտեգրման ծրագրերում։

«Արդեն երեք ամիս է՝ ճամբարում ենք, սպասում ենք մեր դիմումի արդյունքներին։ Հարցազրույցի ընթացքում խնդրել ենք ինտեգրման հնարավորություն՝ պատրաստ ենք անել ամեն ինչ»,- ասում է Կարինեն։

Թե որքան կշարունակվի սպասումը և ինչ որոշում կկայացվի Կարինեի ընտանիքի գործով՝ դեռ անհայտ է։ Սակայն նրանց պատմությունը ևս մեկ վկայություն է այն բանի, որ փախստականի ճանապարհը ոչ միայն ֆիզիկական տեղափոխություն է, այլ երկարատև պայքար՝ իրավունքի, անվտանգության և արժանապատիվ կյանքի համար։

Մարիամ Սարգսյան