Արցախի, հայկական շահերի մասին բարձրաձայնելն պիտակավորվում է որպես «պատերազմի հրձիգ»

  • 21:49 22.12.2025

Step1.am-ի հարցերին պատասխանել է հանրային գործիչ Արփի Թոփչյանը։

-Հայաստանում այսօր կա՞ն որեւէ ուժ կամ ուժեր, հանրային օջախներ, որոնք հանդես են գալիս Արցախի օկուպացիայի դեմ, Անկախության հռչակագրի հղումը ՀՀ Սահմանադրությունից հանելու դեմ, այսինքն՝ ազգային իրավունքների ջատագով ուժեր են։

-Արցախի եւ Ձեր նշած մնացած հարցերի շուրջ խոսակցություն կա, տարվում է, բայց դա բազմաշերտ գործընթաց է։ Կան այսպես կոչված ուժեր, որոնց համար Արցախի հարցը եւ մնացած ազգային թեմաները ներքաղաքական գզվռտոցի նյութ են, եւ ի սկզբանե ազգային-պետական խնդիրներ լուծելու իրական մտադրություն չկա։ Կան նաեւ անհատներ եւ հատուկենտ ուժեր, որոնք գիտակցում են այդ խնդիրների կարեւորությունը, բայց ռեսուրսների սղության պատճառով մնում են լուսանցքում։ Ընդհանուր կարող եմ ասել, որ հատվածական անհամաձայնություն եւ դժգոհություն իհարկե կա, սակայն դա քաղաքական կազմակերպված ձեւ չի ստանում։ Դրա հիմնական պատճառն այն է, որ մեծամասնությունը շարժվում է օրվա իշխանությունների առաջ քաշած օրակարգի եւ նարատիվների սահմանում, ռեակտիվ է արձագանքում հրապարակ նետված թեզերին եւ քարոզչական հնարքներին, ինչը չի կարող արդյունավետ լինել։

Մյուս պատճառն այն է, որ Արցախի հարցի մասին խոսելը, հայկական շահերի մասին բարձրաձայնելն անմիջապես պիտակավորվում է որպես «պատերազմի հրձիգ» լինելու մեղադրանք, եւ ցանկացած լուրջ քննարկում դառնում է անհնար։ Հանրությունը հետեւողական խաղաղեցվում է, նրա գլխի տակ փափուկ բարձ է դրվում, եւ մարդիկ հաճույքով կուլ են տալիս այդ կործանարար «քաղցր» հաբը։

-Այդուհանդերձ, շատերն են գիտակցում այսօրվա գործընթացների վտանգը, ինչո՞ւ այդ ուժերի համախմբում չկա՝ ավելի մեծ պայքար ծավալելու համար։

-Իմ կարծիքով՝ հիմնական խնդիրը Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ադեկվատ գնահատելու մեջ է։ Մեծամասնությունը վարվում է խաղաղ ժամանակների տրամաբանությամբ՝ չհասկանալով, որ այս ընթացքով շարունակելու դեպքում մի քանի տարուց ընդհանրապես հարցականի տակ է դրվելու հայկական պետության լինելիության հարցը։ Եթե չկա այս գիտակցումը, միջանձնային հարաբերությունները գալիս են առաջին պլան, եւ արդյունավետ քաղաքական փոխգործակցությունների հնարավորությունը դառնում է չնչին։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Արցախի հարցը փակելու մասին, սա ինչպե՞ս եք գնահատում։

-Արցախի հարցը փակելու մի ճանապարհ գոյություն ունի միայն, այն է՝ հայության՝ որպես քաղաքական գործոնի վերջնական ոչնչացում, ինքնության ուրացում, ազգային-պետական շահերից հրաժարում։ Ինչպես տեսնում ենք, օրվա իշխանությունները հետեւողական քայլեր են անում այդ ուղղությամբ, եւ հավաքական հայությունը պիտի որոշի. ինքը համաձայն է դրա հետ, թե՞ ոչ։

Ռոզա Հովհաննիսյան