
«Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգը ևս հասունացել է։ Նկատի ունեմ՝ մասնավորապես, Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Դրանք երկաթուղիներ են, որոնք Հայաստանը կապում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Չեմ կարող ասել, որ այս պահին այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ որևէ քաղաքական որոշումներ կան, սակայն կարծում եմ, որ իրավիճակը հասել է այն կետին, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը փորձում է բաժանել ճանճերը կոտլետներից և ասել Պուտինին, որ թեկուզ Հայաստանի երկաթուղիները Ռուսաստանին է պատկանում, բայց “Մեղրիի ճանապարհը” դրան չի վերաբերվում՝ դրա տերը Թրամփն է։ Պուտինը ի պատասխան ժպտացել է, քանի որ Թրամփը որպես “երրորդ կողմ” կարող է հենց Պուտինին տրամադրել “Զանգեզուրի միջանցքի” վերահսկողությունը։ Առավել ևս, Բաքուն ու Անկարան բազմիցս ասել են, որ կողմ են ռուսական վերահսկողությանը։
Փաշինյանն էլ դա լավ գիտի, թեկուզ հակառուսական է ձևանում եվրոպացիների համար։ Փաշինյանը նաև գիտի, որ “տարածաշրջանի դեբլոկադա” չի լինի՝ կբացվի միայն “Թրամփի ճանապարհը”, այն էլ ավտոմոբիլային, որը Հայաստանին ոչինչ չի տալու տնտեսապես, իսկ ֆիզիկապես կտրելու է Հայաստանը Իրանից՝ ՀՀ տարածքի օտարմամբ։ Իսկ մնացած ճանապարհները ոչ ոք չի պատրաստվում բացել։ Առավել ևս՝ Ռուսաստանը, որը չի պատասխանել Փաշինյանի “հորդորին”՝ հասցնել երկաթուղին Երասխից մինչև Նախիջևան, Իջևանից՝ Ադրբեջանի, Ախուրիկից էլ՝ Թուրքիայի սահման։
Եթե Ռուսաստանը չկառուցի այդ հատվածները, Հայաստանը կմնա բոլոր ճանապարհներից դուրս, նաև Իրանից կտրված։ Եթե Վրաստանն էլ բարձրացնի տրանզիտի մաքսատուրքերը, կսկսվի լիակատար բլոկադա։
Ահա թե ինչու են վռազում թուրքերը։ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները՝ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների հետ Վաշինգտոնում դռնփակ քննարկում են անցկացրել՝ «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» թեմայով։ Հանդիպումը կազմակերպել է Ադրբեջան-Միացյալ Նահանգներ առևտրի պալատը։
«TRIPP-ը այն գործիքն է, որով մենք խաղաղությունը դարձնում ենք կայուն՝ տարանցիկ ճանապարհը վերածելով համատեղ բարգավաճման շարժիչի, – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Վինայ Չավլան՝ հավելելով։- Ամերիկյան ընկերություններն ու կապիտալը կարևոր են այդ տեսլականի համար, և գործող վարչակազմը հանձնառու է ապահովել նրանց մասնակցությունը»։
ԱՄՆ-ը ընկալում են “Թրամփի ճանապահը” որպես “խաղաղության երաշխիք”, որը ժամանակավորապես կանխել է Հայաստանի հարավի բռնակցման թե ռազմական, թե “խաղաղ հանձնման” տարբերակները։ Թե երբ այնտեղ կկառուցվի երկաթուղի, կկառուցվի արդյոք՝ միայն Աստված գիտի։
«Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը ընթանում է արագացված տեմպերով»,- հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։
«Ողջունելի է, որ օգոստոսին մեկնարկեց Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը, որը Զանգեզուրի միջանցքի մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին», – ասել է նա, չհիշատակելով Հայաստանը։
Թուրքական մամուլն իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։
Բոլորը ակտիվ իմիտացիա են անում։