
2023 թվականի ամռանը Արցախում ալյուրի սուր դեֆիցիտ էր։ Շրջափակման վերջին ամիսներին արդեն թխվում էր «հաց», որը հացի հետ ոչ մի ընդհանուր բան չուներ՝ ոչ տեսքով, ոչ բաղադրությամբ․ ալյուրը փոխարինված էր թեփով։
Ինը ամիս շարունակվող հյուծող բլոկադայի նպատակներից մեկն էլ ադրբեջանական սննդամթերքը Արցախ բերելն էր՝ նվաստացման, մուրացիկության մատուցման և հնազանդեցման ամենաարդյունավետ զենքով։ Ի՞նչ արեցին արցախցիները։ Փակեցին այն ճանապարհը, որով պիտի ներմուծվեր ադրբեջանական «փրկության ալյուրը»։
120 հազար քաղաքացի սովից հյուծված էր, բայց ադրբեջանական ալյուրը չընդունվեց։ Այսօր, սակայն, Երևանում վաճառվում է ադրբեջանական բենզին։ Առանց որևէ պայքարի, առանց արձագանքի, առանց ըմբոստության։
Ստացվում է՝ արդյո՞ք Արցախն էր Հայաստանի և Ադրբեջանի թշնամանքի միակ պատճառը։ Եվ եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ հակառակորդ երկրի ղեկավարի՝ Սևանի, Երևանի և Հայաստանի այլ տարածքների նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումները չեն ընկալվում որպես անմիջական վտանգ։ Ինչո՞ւ դրանք չեն դառնում հանրային աղմուկի, ընդվզման, պահանջի թեմա։
120 հազար մարդու փախստական դառնալը, անտեսված, նսեմացված, հալածված ու անտուն մնալը, չորս պատերազմների ընթացքում հազարավոր նահատակների գինը, կարծես, հանգեցրել է մի իրականության, որտեղ քաղաքամայր Երևանում ազատ և անվրդով վաճառվում է թշնամական բենզինը։
Ադրբեջանական բենզինով լիցքավորված մեքենայով գնալ Եռաբլուր։ Սա՞ էր նպատակը։ Եթե սովի մեջ գտնվող Արցախը մերժեց ադրբեջանական ալյուրը՝ որպես արժանապատվության հարց, ապա ի՞նչ է տեղի ունեցել մեզ հետ այսօր, որ առանց ներքին դիմադրության ընդունում ենք նույն քաղաքականության շարունակությունը՝ այլ ձևով, այլ ապրանքով, բայց նույն իմաստով։
Հարցը ոչ բենզինն է, ոչ ալյուրը։ Հարցը այն սահմանն է, որտեղ ավարտվում է արժանապատվությունը։ Եվ եթե պետությունը չի պահում այդ սահմանը, ո՞վ պետք է պահի։
Մարիամ Սարգսյան
Լուսանկարում՝ Ասկերան, 2023-ի օգոստոս