
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել, այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում։ Այս մասին հայտնում է Ազատութոյունը։
Օրենքի նախագծի հիմնավորումներում չի նշվում, թե ինչու է այս փոփոխությունն իրականացվում։ Միջգերատեսչական քննարկումների ընթացքում սա ֆիքսել է նաև Արդարադատության նախարարությունը՝ շեշտելով, որ «ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել Նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները»։
Պարզ չէ, արդյո՞ք Կառավարության կողմից բերված կարգավորումները վերաբերվում են մինչ այս պահը Մայր Աթոռին հանձնված հողերին։ Ըստ Ազատության, կառավարությունն այլևս սեփականության իրավունքով և անհատույց հողեր չի տա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ կկնքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրա կողմերի իրավունքներով, պարտականություններով ու ժամկետներով։