
Հայաստանում արցախցիների կեցության ապահովման, Արցախի իրավաքաղաքական եւ վերադարձի հարցերում ՀՀ իշխանության կողմից վարվող քաղաքականությունը շատ բացասական է գնահատում հասարակության 75,8 տոկոսը, մասամբ բացասական՝ 6,8, շատ դրական՝ 5,3, մասամբ դրական՝ 4,9 եւ չեն կողմնորոշվում 4,4 տոկոսը։ Այս տվյալները ստացվել են «Միասին» այլընտրանքայի հասարակական-քաղաքական շարժման հարցումների արդյունքում։
Հարցումների արդյունքում պարզվել է, որ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը շատ բացասական է գնահատում 75,8 տոկոսը, մասամբ բացասական՝ 9,8, շատ դրական՝ 1,2, մասամբ դրական՝ 7,4 եւ չեն կողմնորոշվել 5,7 տոկոսը։
Ըստ հարցումների՝ ՔՊ-ի եւ անձամբ Փաշինյանի վարկանիշը չի հասնում 10 տոկոսի։
«Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց․ «Ես համոզված եմ, որ նույն այս թվերն ունի նաեւ իշխանությունը, եւ սրանով են պայմանավորված այն բոլոր հիստերիկ դրսեւորումները, որոնք իրականացնում են այսօրվա վարչապետը եւ նրա ամբողջ թիմը»։
Հարցումների պատկերը ցույց է տալիս, որ ամենավտանգավորն այն է, որ մարդիկ չեն կողմնորոշվել ում ձայն տալ գալիք ընտրություններում։ Հարցվածների 50 տոկոսից ավելի սպասում է նոր նախընտրական միավորումների ձեւավորմանը եւ կողմնորոշված չեն։
Արամ Սարգսյանն ասաց, որ հարցումներն անցկացրել են սոցցանցերում՝ դեկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում, դրանց մասնակցել են կրթական ցենզ ունեցող քաղաքացիները։ Հարցումներին մասնակցածների 64,8 տոկոսը Երեւանից են։