
Զարինե Մեքիյանն Արցախի Բերքաձոր համայնքից է տեղահանվել։ Նա ծնվել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Տեղահանությունից հետո երեք երեխաների հետ ապրում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում։
2019 թվականից ղեկավարում էր Բերքաձոր համայնքը։
-2008 թվականից աշխատել եմ Ասկերանի շրջանի Բերքաձորի հիմնական դպրոցում՝ որպես դասվար։ 2016-ից դասավանդել եմ շախմատ առարկան, միաժամանակ աշխատել Բերքաձորի համայնքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար։ 2019 թվականին ընտրվել եմ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար։ Այդ պատասխանատու, միաժամանակ բարդ ու դժվարին աշխատանքը կատարել եմ պատվով՝ ի աջակցություն համայնքիս բնակիչների։ Փոքրիկ համայնք էր Բերքաձորը․ բնակիչների հետ ցանկացած հարց քննարկում էինք և հարցերին համատեղ լուծում տալիս։ Ես անչափ շնորհակալ եմ մեր համայնքի բնակիչներին՝ կողքիս լինելու, խոսքս հարգելու, իմ հանդեպ լավ վերաբերմունքի համար և հնարավորության դեպքում պատրաստ եմ նորից ծառայել իմ համայնքին։
2020 թվականի պատերազմն իր տխուր հետքը թողեց բերքաձորցիների սրտում։ Մենք կորցրինք մեր երկու լավագույն տղաներին՝ Արսենին ու Սերգեյին։ Երկու խելացի ու հայրենասեր զավակներ, ովքեր չխնայեցին իրենց ծաղիկ հասակը և պատերազմի հենց առաջին րոպեներից մեկնեցին կռվի դաշտ։ Երբ ավարտվեց 44-օրյա պատերազմը, դեկտեմբերի 1-ին համայնքի կանայք ու երեխաներն արդեն իրենց տներում էին։
Անբացատրելի զգացմունքներ էին, երբ մարդիկ իրար հանդիպում էին գյուղում։ Տխուր՝ բայց կարոտած ու թաց աչքերով, միաժամանակ ուրախ, որ տուն են վերադարձել։ Մտահոգված էինք՝ ի՞նչ անեն մեր մյուս հայրենակիցները, ովքեր տնավեր են դարձել։ Համեմատվելով նրանց հետ, մենք փորձեցինք ուժ գտնել, վերականգնվել, ապրել ու արարել Արցախի մեր փոքրիկ անկյունում։ Մարդիկ այդքանից հետո գտան իրենց զբաղմունքը՝ այգեգործություն, անասնապահություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն։ Համայնքը կարողացավ ընդունել տեղահանված մեր հայրենակիցներին՝ Հադրութից, Ակնաղբյուրից, Շեխերից, Շուշիից։
Դաժան զրկանքներ տեսած մեր ժողովուրդը նորից համախմբվեց։ Բերքաձորի համայնքի բնակիչների ցանկությամբ ու նախաձեռնությամբ Խաչքար տեղադրվեց գյուղամիջում՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսամարտիկների։
Շրջափակում
-2022 թվականի դեկտեմբերի 12-ին թշնամին փակեց Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Զրկվեցինք գազից, լույսից։ Մարդիկ, ովքեր հիվանդության պատճառով կամ սովորելու նպատակով ՀՀ-ում էին, երկար ժամանակ չկարողացան իրենց տները վերադառնալ, նույնիսկ երեխաներ մնացին ճանապարհի մյուս կողմում։ Թշնամին թույլ չէր տալիս վերադառնալ։ Որոշ ժամանակ հետո, դժվարին պայմաններ հաղթահարելով՝ մի մասը տուն հասավ։ Օրեցօր ապրելու պայմանները դժվարանում էին։ Արցախի կառավարությունը ստիպված ռեզերվում պահած պաշարներն սկսեց կտրոններով բաժանել, որպեսզի սովի չմատնվենք։ Ես, որպես համայնքի ղեկավար, Ասկերանի շրջվարչակազմից բերում էի համայնքին հասանելիք կտրոնները (շաքարավազի, ձեթի, բրնձի, ոսպի, միրգ-բանջարեղենի) և բաժանում բնակիչներին։
Համայնքին կցված խանութ կար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի խաչմերուկում, որտեղ տիկին Տաիսան էր աշխատում։ Մի բարի ու հոգատար անձնավորություն էր, ով մեզ շատ էր օգնում․ սնունդ էր ստանում, անմիջապես զանգում էր, տեղեկացնում։ Երկու անգամ միրգ, բանջարեղեն էլ տրամադրեցին, բայց, ցավոք, կտրոններով արդեն ոչինչ հասանելի չէր։ Վառելիքի հայտ էի ներկայացնում, որ գոնե գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ զբաղվողները կարողանան հոգալ համապատասխան ծախսերը, սակայն դա ևս կարճ տևեց։
Մի օր Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից այցելեցին համայնքապետարան և ցանկություն հայտնեցին օգնել գյուղատնտեսության բնագավառում։ Ընդհանուր ժողով հրավիրեցի և ներկայացրեցի ծրագիրը։ Բնակիչները որոշեցին իրենց պատկանող սեփական վարելահողում (32 հա) ցանել կորնգան և գարի։ Մի քանի օրից հետո ԿԽՄԿ-ի կողմից գումարը փոխանցվեց, տրամադրվեց նաև կորնգանի սերմացու։
Դիմեցի ԱՀ Նախագահին՝ գարու սերմացու և պարարտանյութ տրամադրելու համար։ Առաջարկս անմիջապես դրական ընթացք ստացավ։ Պայմանները սուղ էին արդեն, և համայնքի բնակիչները, թեկուզ դժվարությամբ, բայց կարողացան համախմբվել և գործն ավարտին հասցնել։ Կարծես մի փոքր հույս բացվեց։ Հաջորդեց կարտոֆիլի սերմացուի տրամադրումը։ Շրջվարչակազմի գյուղբաժնից ստացանք ու կարտոֆիլի սերմացուն բաժանեցինք ընտանիքներին։ Հենց այդպես էլ ապրում էինք՝ իրար օգնելով, միշտ համախմբված ու կազմակերպված։
Ով ինչ ուներ, բաժանում էր, կիսվում եղածով՝ աղ, ձու, մակարոնեղեն, բրինձ, բանջարեղեն։ Առավել շատ ձեթի խնդիր կար։ Հացը առավոտյան բերում էին գյուղամեջ։ Քիչ քանակով, սակայն բոլորը ստանում էին, և մարդիկ չէին դժգոհում՝ մտածելով, որ կարևորը երեխաները սոված չմնան։ Արցախում կաթնամթերքի խնդիր ևս կար։ Տևական ժամանակ մեր հայրենակից Արմեն Հարությունյանը համայնքի բնակչությանը ապահովում էր կաթով, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում նրան։ Վերջին օրերին արդեն ամեն ինչի պակաս էր զգացվում։
Մեր դպրոցում դասավանդում էին ուսուցիչներ, ովքեր գալիս էին Ստեփանակերտից ու Ասկերանից։ Շրջափակման ժամանակ ոչինչ չէր խանգարում նրանց դասերը պատշաճ կազմակերպելու համար։ Նրանք գալիս էին՝ անտեսելով բոլոր դժվարությունները։ Երբեմն էլ ոտքով էին հասնում դպրոց։ Մեր համայնքի ուսուցիչները, բնակիչները իրենց այգուց հավաքած բերք ու բարիքից բաժին էին հասցնում քաղաքից եկած ուսուցիչներին։ Նրանք էլ իրենց հերթին էին ինչ որ բան բերում։
Հիշողություններ, որ կարելի է անվերջ թվարկել․․․
Մեկօրյա պատերազմ, բնակչության տարհանում
-Սեպտեմբերի 19-ը մեր սովորական օրերից մեկն էր։ Համայնքապետարանում էի՝ աշխատակիցներիս հետ։ Կեսօր էր։ Աղջիկս դպրոցից եկավ իմ աշխատասենյակ և ասաց, որ դասերը շուտ են ավարտել։ Չէր անցել 10 րոպե՝ արկերի ուժգին պայթյուններ լսվեցին, այն էլ շատ մոտիկ։ Անմիջապես գյուղի վրա էին կրակում՝ տարբեր տեղերից։ Հրետակոծություններն ավելի շատացան, օդում անօդաչուներ էին։ Չէի կողմնորոշվում այդ րոպեներին, որովհետև բառի բուն իմաստով կրակ էր թափվում գյուղի վրա։
Մարդիկ, իրենց կորցրած, գյուղամեջ էին վազում, ոմանք էլ պատսպարվեցին իրենց տներում, որովհետև վախենում էին տանից դուրս գալ, քանի որ հրետակոծությունները չէին դադարում։ Անելանելի վիճակ էր․ փորձում էի զանգել շրջվարչակազմի ղեկավարին, շրջանի ՔՊ պետին, բայց չհաջողվեց։ Փորձեցի այլ կապով կապվել, էլի՝ անարդյունք։
Առաջինը խափանել էր բոլոր կապերը։ Գյուղամեջում աղմուկ, աղաղակ էր, լացուկոծ։ Կանայք ու երեխաները շտապում էին մտնել մեր համագյուղացու՝ Դավիթի նորակառույց տան ներքնահարկը, որն այնքան էլ ապահով չէր, սակայն ուրիշ տեղ չկար։ Մի կերպ կապվեցի վարչակազմի ղեկավարության հետ, հաղորդեցի իրավիճակի մասին։ Անհապաղ պետք էր հեռանալ գյուղից, անհրաժեշտ էր տարհանել բնակիչներին։
Գյուղի 70-80 տոկոսն արդեն ավերված էր։ Կանայք ու երեխաներն աղոթում էին առ Աստված, որ գոնե ողջ մնան։ Երեխաներ կային, որոնց ծնողները Ստեփանակերտում էին․ մի կերպ հասան գյուղ։ Ապաստարանում չէր դադարում երեխաների լացուկոծը․ նրանք վախից կուչ էին եկել անկյուններում։ Դեռ ականջներիս մեջ հնչում են 13-ամյա վիրավոր Յուրիի խոսքերը՝ վա՜յ, ես լավ չեմ, ես գնում եմ․․․ և ուշագնաց է լինում։
Ինչպե՞ս կարող եմ մոռանալ այն վիրավոր տիկնոջ՝ Կարինեի հազիվ լսվող խոսքերը՝ ձե՜ռքս, ձե՜ռքս կտրվել է, վա՜յյ, ձեռքս չկա, չեմ զգում․․․․Ո՞նց կարելի է մոռանալ այն աղջնակին, որ վախից կուչ էր եկել և չէր կարողանում խոսել, չէր բարձրաձայնում իր իսկ վիրավոր լինելը․ ոտքերը տեղ-տեղ այրված ու բեկորներով խոցված էին։ Վիրավորներից մեկն էլ տղամարդ էր։ Նա լուռ տանում էր ցավը՝ պարանոցի հատվածում բեկորային վնասվածք էր ստացել։
Գյուղի տղամարդիկ սկսեցին առաջին օգնություն ցույց տալ վիրավորներին՝ կանգնեցնելով նրանց արյունահոսությունը։ Քիչ հետո շտապ օգնության մեքենաներով վիրավորներին տեղափեխեցին մայրաքաղաք։
Տղաներն սկսեցին շրջել թաղամասերով, որպեսզի մարդկանց տեղյակ պահեն, որ տարհանվում ենք։ Ասկերանից հրահանգվել էր․ պետք է շուտ տարհանել բնակչությանը։ Որոշ ժամանակ հետո ավտոբուսներ ուղարկեցին մարդկանց տեղափոխելու համար։ Այդ հարցում մեզ աջակցեց նաև Ստեփանակերտի քաղաքապետը՝ ուղարկելով ևս 2 ավտոբուս։ 45 րոպե հետո կազմակերպվեց բնակչության տարհանումը։ Տղամարդիկ մնացին գյուղում, կանայք ու երեխաները տարհանվեցին։ Գյուղը դեռևս հրետակոծության տակ էր ու ավերված։
Այդ օրը մնացինք ապաստարանում, բայց հույս ունեինք, որ շուտով կդադարի ամեն ինչ, սակայն, ցավոք, շարունակվեց մինչև հաջորդ օրվա կեսօրը։ Մենք շատ անհանգիստ էինք, որովհետև չգիտեինք, որտեղ են մեր երեխաները։ Շատերը դիրքերում էին․ նրանց հետ կապ հաստատել չէր լինում։ Չէի կարողանում կապ հաստատել եղբորս հետ, Ճարտարում գտնվող ծնողներիցս ոչ մի լուր չունեի։ Միայն գիտեի, որ Հարավ գյուղից դեպի Ննգի, Մարտունի, Ճարտար տանող ճանապարհն արդեն թշնամու վերահսկողության տակ է և Մարտունին Ստեփանակերտին կապող ճանապարհին արդեն ադրբեջանցիներ են։
Դեռ չէի կարողանում գտնել ինձ, երբ լսեցի, որ Ճարտարի մատույցներում զոհվել է հորաքրոջս փոքր տղան՝ Սամվելը, ում հետ անցկացրել եմ իմ ամբողջ մանկությունը։ Ճակատագիրն այնքան դաժան գտնվեց, որ նույնիսկ չկարողացա Ստեփանակերտից գնալ Ճարտար և վերջին անգամ հրաժեշտ տալ եղբորս ու ծննդավայրիս․ չեմ հաշտվում այդ մտքի հետ։ Անզոր էի ու անօգնական, որովեհտև դեպի Ճարտար տանող ճանապարհը փակ էր։
2023-ի պատերազմում Բերքաձոր համայնքը կրկին կորուստ ունեցավ։ Մենք կորցրինք Գագիկին։ Երկար ժամանակ լուր չունեինք։ Հարազատները փնտրում էին, հույս պահում, սակայն, ցավոք, լուր ստացանք, որ նա զոհվել է Մարտակերտում։ Մինչև սեպտեմբերի 27-ը դեռ հույս ունեինք, որ հարցին լուծում կտան, ու բոլորս նորից կգնանք մեր տները, սակայն մեր հույսերը չարդարացան։ Թշնամին արդեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու մատույցներում էր և կարող էր լինել ամենասարսափելին՝ ցեղասպանություն։ Որպեսզի ավելի քան 120000 արցախցի փրկվեր ոսոխի ճիրաններից, Արցախը ստիպված էր հայաթափվել։ Բռնեցինք գաղթի ճամփան՝ երկար, ցավոտ, տառապանքներով լի։
Տեղահանվելուց հետո՝ Հայաստանում
-Սկզբից տեղավորվեցինք մեր ընտանիքին հարազատ մարդկանց օջախում, որտեղ մեզ ջերմ ընդունեցին։ Նրանց հարկի տակ մնացինք ավելի քան մեկ տարի։ Իսկ որքա՞ն կարելի է նեղություն պատճառել մարդկանց։ Տեղափոխվեցինք վարձակալած բնակարան ու մինչև այսօր ապրում ենք այդտեղ։ Սկզբից աշխատանքի եմ անցել Առինջի միջնակարգ դպրոցում, բայց արդեն 2-րդ ուսումնական տարին է, ինչ աշխատում եմ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում։ Դպրոց, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր։ Այն մի կրթօջախ է, որ համերաշխ ու մի մեծ ընտանիք է հիշեցնում։ Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել դպրոցի տնօրեն պարոն Տաշչյանին՝ իր մեծ ընտանիքում ինձ ընդգրկելու համար։ Այստեղ ես տեսնում եմ խելացի ու լավ մարդկանց և ակամայից նրանց համեմատում իմ Բերքաձորի ներդաշնակ կոլեկտիվի հետ։
Տեղահանությունից հետո ես չեմ խզել կապը համայնքի բնակիչների հետ։ Հաճախակի ենք հանդիպում, շփվում իրար հետ։ Տեղյակ եմ՝ ով որտեղ է բնակվում, աշխատում, սովորում։ Նույնիսկ առաջարկություններ են անում, որ հնարավորության դեպքում մի ընդհանուր տարածքից տներ ձեռք բերենք, որ իրար մոտ լինենք, պահպանենք համախմբվածությունը, համայնքի դրվածքները։
Իհարկե, բոլորս էլ հանդիպում ենք խնդիրների։ Բնակապահովման ծրագիրը՝ կոնկրետ իմ պարագայում (4 հոգանոց ընտանիք), անհասանելի է։ Տրամադրվող գումարը շատ քիչ է տուն ձեռք բերելու համար։ Պետք է մշակեն այնպիսի ծրագիր, որ հասանելի լինի բոլորին, որպեսզի ոչ մի արցախցի անտուն չմնա։
9 ամիս ապրեցինք շրջափակման մեջ, պայքարեցինք, որ մեր երեխաները սովի չմատնվեն, խաղաղ ցույցեր կազմակերպեցինք, բայց անօգուտ․ աշխարհը լուռ էր, մեր ձայնն այդպես էլ ոչ ոք չլսեց։ Գոնե հիմա մի քիչ արդար լինեն ու հայ գերիների հարցը լուծեն։ Բաքվի բանտում կեղծ մեղադրանքներ են հնչեցնում։ Ինչո՞ւ որևէ երկիր Ալիևին չի մեղադրում 120000 մարդու իր տնից զրկելու համար։ Կորցրինք մեր պապենական Արցախ աշխարհը։ Մեր փոքր հայրենիքից եկանք մեծ հայրենիք, գոնե հայ գերիներին էլ հնարավորություն տան վերադառնալու։
Շուտով հրաժեշտ ենք տալու 2025 թվականին։ Ես ցանկանում եմ, որ եկող տարին բարեբեր տարի լինի։ Չեմ կորցնում հույսս, որ արցախցիների համար վերջապես մի լույս կբացվի, և որ ամենակարևորն է՝ երբեք չի մարի Արցախ վերադարձի հավատը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ