Կառավարությունը հաստատեց «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման» ծրագիրը

  • 12:42 25.12.2025

Կառավարությունը տարեվերջյան նիստում այսօր հաստատեց «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման» ծրագիրը։

«Մի նոր ծրագիր ենք ներդնում Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածությունը խթանելու համար։ Շահառուները նրանք են, ովքեր օգտվել են մեր բնակապահովման ծրագրից։ Ծրագիրը փոքր բիզնես հիմնելու տրամաբանությամբ է, որպեսզի կարողանան իրենց կենսագործունեությունը հոգալ, եթե կարիք կա, նաեւ հավելյալ վարկային միջոցներ վերցնել՝ ավելի բարձր արժեքով տուն ձեռք բերելու, քան մեր հավաստագրերն են»,- կառավարության նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ կառավարության հիմնավորման՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի վերջիններիս տնտեսական կայունացմանը, արտագաղթի ու արտագնա աշխատանքի մեկնման ռիսկի նվազեցմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Նախագծով առաջարկվում է ինքնազբաղվածության խթանման ծրագիր իրականացնել ացրախցիների համար։ Մասնավորապես, ինքնազբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է աջակցության տրամադրում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ և ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումներով հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող, հավաստագիր ստացած եւ իրացրած ընտանիքների անդամ հանդիսացող,  «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որեւէ տեսակով Հայաստանի Հանրապետությունում չզբաղված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին 3 ամսվա ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձանց։ Նախատեսվում է, որ ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել 1 անգամ, ընդ որում՝ շահառու կարող է  լինել յուրաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամ։

Նախագծով առաջարկվում է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման նպատակով տրամադրել աջակցություն հետևյալ ուղղություններով՝

1) ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով, մասնավորապես, տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում՝ հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, արտադրանքի (արդյունքի) փաթեթավորման, առաքման, վճարման կամ այլ նորարարության հարցերով, այդ թվում՝ թվային ու արհեստական բանականության գործիքների ինտեգրման վերաբերյալ).

2)         գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։

Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ բիզնեսի ուսուցման և ուղեկցման աշխատանքները կազմակերպվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություն) հետ սույն ծրագրով սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն։ Կազմակերպությունների ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանները, ինչպես նաև մատուցվող ծառայությունների շրջանակը հրապարակվում են Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջում:

Նախագծով առաջարկվում է կազմակերպությանը վճարել՝

1) յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ,

2) յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։

Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար առաջարկվում է տալ դրամաշնորհ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը։ Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

Նախագծով առաջարկվում է ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին փոխանցել դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը՝ ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Գումարի մնացած մասն առաջարկվում է փոխանցել շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։ Առաջարկվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, շահառուին տրամադրել հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով, ընդ որում՝ փոխհատուցումը կտրվի ձեռք բերված հիմնական միջոցի գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ինքնազբաղվածության  հնարավորություն ընձեռել Ղարաբաղից տեղահանված շուրջ 200 անձի՝ նպաստելով վերջիններիս տնտեսական կայունացմանն ու արտագաղթի նվազեցմանը։

Ծրագրի շրջանակում աջակցությունը կարող է տրամադրվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ։

Միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ընդ որում` դիմումների ընդունման գործընթացը մինչև նշված ժամկետը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի իրակա­նացման համար նախատեսված ոչ ֆինանսական ցուցանիշի սահմանաչափը լրանալու դեպքում։