
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց, «Ազատությանը» հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշեց, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ:
«Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, իհարկե, ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց, իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները», – ասաց Ամատունին:
Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով:
Բաքվի պահանջով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում:
Զառա Ամատունին մանրամասնեց, որ այս այցը կազմակերպել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխավոր գրասենյակը, ինչպես նաև «արդյունքն է մեր և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության»:
«Մենք պատրաստակամ ենք և բաց ենք՝ շարունակելու այս ուղղությամբ մեր ջանքերը», – հավելեց նա:
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 23 հայ գերի է պահվում:
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում կալանավորված Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը։
Իր և Վիգեն Էուլջեքչյանի կնոջ անունից նա շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին և Ադրբեջանի իշխանություններին՝ Ումբակի բանտում նրան այցելելու հնարավորության համար։
Նշվել է, որ այցի ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները կալանավորին տրամադրել են անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր, որոնք դրական ազդեցություն են ունեցել նրա ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության վրա՝ «այս զգայուն ժամանակահատվածում»։
Այսօր նաև Նիկոլ Փաշինյանն է ասել, իբր Հայաստանը տեղեկություն է հավաքում գերի Վագիֆ Բաբայանի առողջական վիճակի մասին, որին սրտի խնդիրներով տեղափոխել էին Բաքվի հիվանդանոց։
Լուսանկարում՝ Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի մոտ մարդիկ պահանջում են ազատել Հակարի կամրջից Կարմիր խաչի մեքենայից առևանգված Վագիֆ Բաբայանին։ Անցել է 2,5 տարի