Ֆրանսիայի Աժ 29 պատգամավորներ ներկայացրել են նախագիծ՝ հայ գերիների հարցով

  • 23:08 26.12.2025

Ֆրանսիայի Ազգային ժողովում 29 պատգամավորներ ներկայացրել են բանաձևի նախագիծ՝ հայ գերիների հարցով, որի քննարկումը, ըստ ամենայնի, տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս մասին step1.am-ին ասաց Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 17-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց բանաձև, որով վերահաստատեց իր համերաշխությունը արցախահայության հետ և դատապարտեց 23 հայ ռազմագերիների կամայական ձերբակալությունը։ Նիցցա քաղաքն իր հերթին որոշեց քաղաքապետարանի շենքի ճաղավանդակներին հրապարակայնորեն ցուցադրել Բաքվում պահվող 23 հայ գերիների դիմանկարները՝ նրանց անվանելով այն, ինչ իրականում են՝ պատանդներ։

«Այս նախաձեռնությունները կարևոր են, քանի որ ցույց են տալիս, որ միջազգային լռության պայմաններում տեղական և ազգային մակարդակի կառույցները կարող են և պարտավոր են հարցը բարձրաձայնել՝ պաշտպանելով միջազգային իրավունքը և մարդու հիմնարար իրավունքները»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հնարավոր չի լինում ապահովել հայ գերիների ազատ արձակումը, Հովհաննես Գեւորգյանն ասաց․ «Հայ ռազմագերիների ազատ արձակումը մինչ օրս չի իրականացվում մի քանի պատճառներով։ Նախ՝ Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական և դիվանագիտական թույլ դիրքը չի ստեղծում այնպիսի ուժերի հարաբերակցություն, որի պայմաններում Ադրբեջանի իշխանությունները ստիպված կլինեն ազատ արձակել գերիներին։ Երկրորդ՝ Ադրբեջանը շարունակում է վարել թշնամական քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ, և ռազմագերիների ազատ արձակումը՝ առանց համարժեք փոխհատուցման, չի համընկնում նրա քաղաքական շահերի հետ, քանի որ այդ քայլը հայ ժողովրդին դրական լիցք կհաղորդի։ Եվ վերջապես, երրորդ՝ Ադրբեջանն այս կերպ ուղերձ է հղում արցախահայությանը․ վերադարձի դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել բանտում, քանի որ մասնակցել է Արցախի Հանրապետության ձևավորման և կայացման գործընթացին»։

ԱԺ բանաձեւի տեքստը եւ հիմնավորումը հետեւյալն է․

Հիմնավորումների ներկայացում․

Տիկնայք և պարոնայք, 2025 թվականի հունվարի 17-ին, միջազգային հանրության գրեթե լիակատար անտարբերության պայմաններում, Բաքվում՝ ռազմական դատարանի առաջ, մեկնարկեց 16 հայ բանտարկյալների քաղաքական դատավարությունը։

Այս 16 մեղադրյալների թվում են Արցախի նախկին Հանրապետության բարձր մակարդակի ութ ղեկավարներ։ Երեք նախկին նախագահներ՝ պարոն Արայիկ Հարությունյանը՝ պետության ղեկավար 2020-2023 թվականներին, պարոն Արկադի Ղուկասյանը՝ նախագահ 1997-2007 թվականներին, և պարոն Բակո Սահակյանը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը 2007-2020 թվականներին։ Դատապարտման վտանգի տակ են նաև խորհրդարանի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտաքին գործերի նախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության նախկին նախարար (2015-2018 թթ.) Լևոն Մնացականյանը, ինչպես նաև գործարար, բարերար և հովանավոր Ռուբեն Վարդանյանը, որը կարճ ժամանակով զբաղեցրել է պետական նախարարի պաշտոնը (2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվար)։ Նրանց մեծ մասը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը կայծակնային հարձակման արդյունքում լիակատար վերահսկողություն հաստատեցին Արցախի վրա՝ ստիպելով ավելի քան 100 000 հայերի բռնի կերպով լքել իրենց հայրենիքը և ապաստանել Հայաստանում։

2023 թվականի նոյեմբերին Հայաստանը հայտարարեց, որ մոտ 55 իր քաղաքացի պահվում է Բաքվում որպես ռազմագերիներ՝ վեց քաղաքացիական անձ, 41 զինծառայող և Արցախի Հանրապետության ութ ղեկավարներ։ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին, դիվանագիտական բանակցությունների վերսկսման շրջանակում, երկու երկրները իրականացրին գերիների փոխանակում․ Հայաստանը ազատ արձակեց երկու ադրբեջանցի զինծառայողների, իսկ Ադրբեջանը՝ 32 հայ ռազմագերիների։ Այսօրվա դրությամբ Բաքվի բանտերում շարունակում են մնալ 23 հայ բանտարկյալներ։ Նրանցից յոթը արդեն դատապարտվել են ծանր ազատազրկման՝ 15-ից 20 տարվա ժամկետներով։ Ներկայում դատվող 16 բանտարկյալներին մեղադրանքներ են ներկայացվել «ահաբեկչության», «անջատողականության», «ռազմական հանցագործությունների», «մարդկության դեմ հանցագործությունների», «Ադրբեջանի դեմ հանցագործությունների», «ստրկության» և «մարդկանց բռնի անհետացման» հոդվածներով, որոնց մեծ մասը ենթադրում է ծայրահեղ երկարատև ազատազրկում կամ նույնիսկ ցմահ բանտարկություն։ Այս դատավարությունը լիովին տեղավորվում է Ադրբեջանի վարած քաղաքականության շրջանակում, որի նպատակն է համակարգված կերպով ժխտել Հայաստանի և Արցախի գոյությունը։ Այն հանդիսանում է Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ բնակչության վերացման քաղաքականության շարունակությունը՝ նույն կերպ, ինչ պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացումը։ Դատավարության ընթացքը և այս բանտարկյալների պահումը կարող են երկարաժամկետ հեռանկարում խաթարել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված համատեղ հայտարարության իրականացումը։ Այդ փաստաթուղթը, որը հայտարարում է տասնամյակներ շարունակվող հակամարտության «ավարտը», որևէ կերպ չի անդրադառնում բանտարկյալների ճակատագրին։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾ

Ազգային ժողովը, հղում կատարելով Սահմանադրության 34-1 հոդվածին, հղում կատարելով կանոնակարգի 136-րդ հոդվածին, հիշեցնելով, որ այս անձինք ազատազրկված են միայն այն պատճառով, որ հայ են կամ զբաղեցրել են պաշտոններ Արցախի Հանրապետությունում, հաշվի առնելով, որ նրանք պետական պատանդներ են, որոնց ճակատագիրը պայմանավորված է քաղաքական և տարածքային շանտաժով ու գործարքներով, հաշվի առնելով, որ նրանք այսօր դատվում են անհիմն կամ ամբողջությամբ կեղծված մեղադրանքների հիման վրա, արձանագրելով, որ նրանց կալանավորման պայմանները թույլ չեն տալիս կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվող հազվադեպ զանգերի, արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2025 թվականի սեպտեմբերի 3-ին փակել է իր Բաքվի գրասենյակը՝ դրանից առաջ, արդեն 2025 թվականի հունիսից, զրկելով բանտարկյալներին այդ եզակի կապի միջոցից, հաշվի առնելով, որ մեղադրյալներից մեկի փաստաբանը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին խոշտանգումների հարցով՝ դատապարտելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող վատ վերաբերմունքը, որը որակվում է որպես «խոշտանգում, դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունք», արձանագրելով, որ նրանք դատվում են ռազմական դատարանի կողմից, մինչդեռ նրանց մեծ մասը երբևէ զինվորական համազգեստ չի կրել, արձանագրելով, որ նախնական լսումները անցկացվել են գաղտնի՝ ազգային անվտանգության անվան տակ, հաշվի առնելով, որ դատավարությունը, թեև ձևականորեն փակ չէ, արգելված է միջազգային դիտորդների, ոչ կառավարական կազմակերպությունների և օտարերկրյա լրատվամիջոցների համար, հաշվի առնելով, որ պաշտպանների փաստաբաններին գործի նյութերը տրամադրվել են դատավարության մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ առաջ, իսկ օտարերկրյա փաստաբաններին արգելված է մուտք գործել Ադրբեջանի տարածք, արձանագրելով, որ մեղադրական նյութերը կազմված են ադրբեջաներեն կամ ռուսերեն լեզուներով և միայն բանավոր կերպով են թարգմանվում մեղադրյալների համար, հիշեցնելով, որ Ադրբեջանի դատական համակարգի անաչառության և անկախության բացակայությունը տարիներ շարունակ դատապարտվում է ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք մատնանշում են «ռեժիմի լիակատար վերահսկողությունը դատական իշխանության նկատմամբ», հաշվի առնելով, որ Հայաստանը թափանցիկ և կառուցողական կերպով ներգրավված է խաղաղ գործընթացում Ադրբեջանի հետ, հաշվի առնելով, որ 2025 թվականի մարտին խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունից և 2025 թվականի օգոստոսի 8-ի համատեղ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը շարունակում է հետաձգել դրա իրականացումը՝ ներկայացնելով նոր պահանջներ, հաշվի առնելով, որ Ֆրանսիան պետք է աջակցի միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղության ջանքերին՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և բնակչությունների հիմնարար իրավունքները, հաշվի առնելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի երկարամյա գործընկերներ, հաստատում է իր աջակցությունը Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով վտարվել է իր հազարամյա հայրենիքից։

Հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է կիրառվի Արցախի հայ բնակչության նկատմամբ, և որ միջազգային հանրության պարտականությունն է պահանջել Ադրբեջանից ապահովել հայ բնակչության վերադարձի իրավունքը Արցախ՝ անվտանգության լիարժեք երաշխիքներով։ Դատապարտում է Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարների կամայական կալանավորումը և դատավարությունը և պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, կոչ է անում Կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել իր կողմից պահվող հայ բանտարկյալներին։