Վեց փաստաթղթավորված փաստեր․ միջազգային հանրություն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված

  • 10:03 27.12.2025

Step1.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

-Պարոն Հասան-Ջալալյան, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախի հարցը փակում են, իսկ արցախցիների վերադարձի հարցը հավասարեցնում են ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերադարձի հարցին։ Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը, եւ արդյոք հնարավո՞ր է փակել Արցախի հարցը։

Նախ անդրադառնանք հարցին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե Արցախի հարցը փակում են։ Ադրբեջան-Արցախ հակամարտությունն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Իր ծագումից սկսած մինչ օրս հակամարտությունն ունեցել է կարգավորման՝ փաստաթղթային ձևակերպում ստացած թվով 14 փորձ, սակայն, դրանցից և ոչ մեկը չի ապահովել ցանկալի արդյունք: Դրա պատճառներից մեկը Արցախի նկատմամբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի վարած հակահայկական, ծավալապաշտական քաղաքականությունն ու խաղաղության հասնելու իրական նպատակի բացակայությունն է:

Ավելորդ չէ նշել, որ հակամարտության կարգավորման բոլոր փորձերը մշտապես խախտել է Ադրբեջանը: Չնայած կարգավորման բոլոր փորձերին, հակամարտությունը, որն ունի արդեն ավելի քան 107 տարվա պատմություն, դեռևս մնում է չլուծված: Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, այն փակված էջ չէ: Ասվածն ապացուցվում է հետևյալ փաստերով՝

Փաստ առաջին

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի վարած երրորդ ագրեսիոն պատերազմից հետո՝ 2022թ. փետրվարի 17-ին, Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին:»:

Փաստ երկրորդ

2022թ. հունիսի 8-ին կրկին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորաբար, արձանագրել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել, իսկ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք:

Փաստ երրորդ

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի վարած չորրորդ ագրեսիոն պատերազմից հետո՝ 2023թ. հոկտեմբերի 12-ին, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է՝
• «Խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտում է ադրբեջանական բանակի նախաձեռնած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ին:»:
• «Վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով և կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիովին հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները:»:
Մեջբերվածն անառարկելիորեն վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն ընդունում է, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ:
• Արցախի «…գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100.600 անձ այս բանաձևի ընդունման պահին լքել է իր նախնիների հայրենիքը…»:
• «Վեհաժողովը խորապես համոզված է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն:»:

Փաստ չորրորդ

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի վարած չորրորդ ագրեսիոն պատերազմից հետո՝ 2023թ. նոյեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ընդունել է որոշում, որով պարտավորեցրել է Ադրբեջանին կատարել հետևյալը՝

«Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի իր պարտավորությունների համաձայն՝

  • ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագորեն;
  • ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։»:

Ավելորդ չէ նշել, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել Միջազգային դատարանի վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում:»:

Հետևաբար, Ադրբեջանը պարտավոր է կատարել միջազգային դատարանի որոշումը: Այս պարագայում հարց է առաջանում. կատարե՞լ է Ադրբեջանը Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը, պատասխանն ավելի քան միարժեք է՝ ՈՉ:

Փաստ հինգերորդ

2024թ. դեկտեմբերի 17-ին և 2025թ. մարտի 18-ին Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին (Ազգային Խորհուրդ) և վերին (Կանտոնների Խորհուրդը) պալատները ընդունել են նույնաբովանդակ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով միջնորդություն՝ ուղղված Շվեյցարիայի կառավարությանը՝ Դաշնային Խորհրդին, համաձայն որի՝ «Դաշնային խորհուրդը պարտավոր է հնարավորինս շուտ, բայց առավելագույնը մեկ տարվա ընթացքում կազմակերպել միջազգային ֆորում Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար։ Այս ֆորումի նպատակն է թույլ տալ բաց երկխոսություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ միջազգային հսկողության ներքո կամ առանցքային միջազգային դերակատարների ներկայությամբ, որպեսզի բանակցեն տարածաշրջանում սերունդներ շարունակ ապրած հայ բնակչության հավաքական վերադարձի շուրջ։»։

Փաստ վեցերորդ

Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, 2025թ. հուլիսի 17-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» վերնագրով ռեզոլյուցիա, որով ամենախիստ կերպով դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի հայերի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը և դրան նախորդած Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շրջափակումը, ընդգծել է, որ այդ գործողությունները միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են։

Միաժամանակ ռեզոլյուցիայում կոչ է ուղղվել Բելգիայի կառավարությանը, որպեսզի վերջինս կոչով դիմի Ադրբեջանին, մասնավորապես՝

  • «կատարել իր միջազգային պարտավորությունները՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների։
  • երաշխավորել Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի իրավունքները և թույլատրել միջազգային դիտորդների ներկայությունը և հայ բնակչության արագ, անվտանգ և անարգել վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ համաձայն Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման։
  • անհապաղ սկսել անկեղծ, համապարփակ և թափանցիկ երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ նրանց անվտանգության և մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքների նկատմամբ հարգանքն ապահովելու համար։»:

Այսպիսով, հիշատակված վեց փաստաթղթավորված փաստերն առանձին-առանձին և բոլորը միասին վկայում են, որ միջազգային հանրությունն, ի հեճուկս օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան, նավթային դիկտատոր Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված:

Ինչ վերաբերում է հարցին, որ արցախցիների վերադարձի հարցը հավասարեցնում են ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերադարձի հարցին, ապա անհրաժեշտ է նշել, որ արցախահայության՝ իր հազարամյակների բնօրրան՝ Արցախ վերադարձի հարցը որևէ աղերս չունի ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) Հայաստան վերադառնալու հարցի հետ:

Արցախահայությունն ունի իր նախնիների դարավոր հայրենիք վերադառնալու անառարկելի իրավունք՝ ամրագված հետևյալ միջազգային իրավական ակտերով՝

  • համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը»:
  • Համաձայն «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 134-րդ հոդվածի՝ «Բարձր Պայմանավորվող Կողմերը ռազմական գործողության կամ օկուպացման ավարտին պետք է ձգտեն ապահովել բոլոր ներկալվածների վերադարձը իրենց բնակության վերջին վայրը կամ նպաստել հայրենադարձությանը»:
  • Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմի 1966թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից»:

Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել նաև հետևյալը:

Օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի նավթային դիկտատոր, ազգությամբ քուրդ Իլհամ Ալիևի Հայաստանին ուղղված պահանջներից մեկն էլ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) բնակություն հաստատելու մասին պահանջն է:

Առաջին անգամ նա այդ մասին հրապարակային խոսել է 2025թ. սկզբին: 2025թ. հունվարի 7-ին՝ այսպես կոչված ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ, նա, մասնավորաբար, հայտարարել է. «…ներկայիս Հայաստանի տարածքը արբեջանցիների պատմական հողերն են, որոնք մի ժամանակ բացարձակ մեծամասնություն էին կազմում այդ հողերում: Այսօր մենք ասում ենք, որ 300 հազար արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջաններ։ Բայց, ընդհանուր առմամբ, այդտեղից հեռացած և Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց և նրանց թոռների ու ժառանգների թիվը մի քանի անգամ ավելի է, քան 300 հազարը»:

Նշված պահանջը նա հնչեցնում է պարբերաբար:

Հիմնվելով հարցին վերաբերելի պաշտոնական աղբյուրների վրա՝ փորձենք պարզել՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանը Ապշերոնի սուլթանի հայտարարությունն առ այն, ըստ որի` Հայաստանում ինչ որ մի ժամանակ բնակվել են 300 հազար ադրբեջանցիներ (կովկասյան թաթարներ):

Համաձայն 1989թ. հունվարի 12-19-ը ԽՍՀՄ-ում անցկացված վերջին՝ յոթերորդ մարդահամարի տվյալների՝ 1989թ. հունվարի 12-ի դրությամբ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) թվաքանակը կազմել է 84.860 մարդ, կամ ընդհանուր բնակչության 2.5%-ը:

Միաժամանակ հարկ է նշել, որ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների (կովկասյան թաթարների), իսկ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակի վերաբերյալ ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալները վերապահմամբ կարելի է լիարժեքորեն ճշգրիտ համարել: Ինչո՞ւ:

Բանն այն է, որ Խորհրդային Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի կողմից Արցախի հայության նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացված խտրական, հակահայկական, թշնամական քաղաքականության պատճառով 1988 թվականին սկսված արցախյան շարժման հետևանքով տեղի էին ունեցել Խորհրդային Ադրբեջանում ապրող հայերի և Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) կտրուկ տեղաշարժեր, մասնավորապես՝ Խորհրդային Ադրբեջանի վարչակազմի կողմից պետական մակարդակով ծրագրված և 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ, նույն թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը Գանձակ քաղաքներում և Խորհրդային Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում իրականացված հայերի ցեղասպանության հետևանքով մեծ թվով հայեր բռնագաղթել էին իրենց բնակության վայրերից, իսկ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) ճնշող մեծամասնությունը, ի տարբերություն Խորհրդային Ադրբեջանում ապրող հայերի, վաճառելով իրենց առաձնատներն ու բնակարանները, իրենց կամքով ապահով, անվտանգ հեռացել էին Խորհրդային Հայաստանից՝ իրենց հետ տանելով նաև իրենց շարժական գույքն ու ունեցվածքը:

Հայաստանում ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) թվաքանակի վերաբերյալ առավել ճշգրիտ և ամբողջական պատկեր ստանալու համար նպատակահարմար է հիմք ընդունել 1989 թվականից շատ առաջ ցարական Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում անցկացված մնացյալ բոլոր մարդահամարների արդյունքները:

Ցարական Ռուսաստանում առաջին անգամ 1897 թվականին, ապա Խորհրդային Միությունում առաջին անգամ 1926 թվականին, երկրորդ անգամ 1937 թվականին անցկացված մարդահամարների արդյունքներն ամփոփող փաստաթղթերում չի հիշատակվում «ադրբեջանցի» ազգություն: Նշված փաստերը հիմք են տալիս պնդելու, որ մինչև 1937 թվականը ներառյալ ո՛չ ցարական Ռուսաստանում և ո՛չ էլ ԽՍՀՄ-ում գոյություն չի ունեցել «ադրբեջանցի» ազգություն:

Առաջին անգամ «ադրբեջանցի» ազգության մասին հիշատակվել է 1939 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված մարդահամարի ժամանակ: Համաձայն 1939թ. հունվարի 17-ին ԽՍՀՄ-ում անցկացված երրորդ մարդահամարի տվյալների՝ 1939թ. հունվարի 17-ի դրությամբ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 130.896 մարդ, կամ ընդհանուր բնակչության 10.2%-ը:

Համաձայն 1959 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված չորրորդ մարդահամարի տվյալների՝ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 107.748 մարդ, կամ ընդհանուր բնակչության 6.1%-ը:

1970թ. հունվարի 15-22-ը ԽՍՀՄ-ում անցկացված հինգերորդ մարդահամարի տվյալների համաձայն՝ 1970թ. հունվարի 15-ի դրությամբ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 148.189 մարդ, կամ ընդհանուր բնակչության 5.9%-ը:

Իսկ 1979թ. հունվարի 17-24-ը ԽՍՀՄ-ում անցկացված նախավերջին՝ վեցերորդ մարդահամարի տվյալների համաձայն էլ՝ 1979թ. հունվարի 17-ի դրությամբ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 160.841 մարդ, կամ ընդհանուր բնակչության 5.2%-ը:

Այսպիսով, հիմնվելով թվով հինգ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականներին, ԽՍՀՄ-ում անցկացված մարդահամարների վերը հիշատակված պաշտոնական տվյալների վրա՝ կարող ենք պնդել, որ Ապշերոնի սուլթան Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, թե Հայաստանում երբևէ բնակվել են 300 հազար ադրբեջանցիներ, նվազագույն քննադատությանը չդիմացող կեղծիք է և սուտ:

Ի տարբերություն ադրբեջանցիների (կովկասյան թաթարների), հայերն Ադրբեջանում պատմականորեն ունեցել են բավականին մեծ ներկայություն: Այսպես, համաձայն 1939 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված երրորդ մարդահամարի տվյալների՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 388.025 մարդ, կամ ընդհանուր բնակչության 12.1%-ը:

Համաձայն 1959 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված չորրորդ մարդահամարի տվյալների՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 442.089 մարդ, կամ ընդհանուր բնակչության 11.9%-ը:

1970 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված հինգերորդ մարդահամարի տվյալների համաձայն՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 483.520 մարդ, կամ ընդհանուր բնակչության 9.4%-ը:

1979 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված նախավերջին՝ վեցերորդ մարդահամարի տվյալների համաձայն՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 475.486 մարդ, կամ ընդհանուր բնակչության 7.8%-ը:

1989 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված վերջին՝ յոթերորդ մարդահամարի տվյալների համաձայն էլ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 390.505 մարդ, կամ ընդհանուր բնակչության 5.5%-ը:

Այսպիսով, նկատի ունենալով Խորհրդային Ադրբեջանում հայերի վերաբերյալ ԽՍՀՄ մարդահամարի պաշտոնական տվյալները, ըստ որոնց` հայերը Խորհրդային Ադրբեջանում ունեցել են պատկառելի ներկայություն, Հայաստանի գործող, կամ ապագա վարչակազմը պետք է Ադրբեջանի վարչակազմի հետ բանակցություններում Արցախի Հանրապետության ավելի քան 150 հազար հայերի՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադառնալու հարցի հետ միասին քննարկման առարկա դարձնի նաև մոտավորապես 500 հազար հայերի՝ իրենց պատմական հողեր՝ Ադրբեջանի երբեմնի հայաշատ բնակավայրեր վերադառնալու հարցը:

Շարունակելի