Թուրքիան չի հասկանում, թե ինչու պետք է բացի Հայաստանի հետ սահմանը։

  • 19:45 27.12.2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության մեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը` ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այն է` 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։

Փոխանցվել է նաեւ, որ Թուրքիան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է մշակել, սակայն Անկարան պահանջում է, որպեսզի այդ փաստաթղթի ստորագրմանը Թուրքիա մեկնի անձամբ Փաշինյանը։

Եւս մի պահանջ էլ Քըլըչը ներկայացրել է` կապված երկաթուղու հետ: Պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի` Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։

Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջերս դիմել էր Ռուսաստանին, որը Հայաստանի երկաթուղիների սեփականատերն է, որպեսզի կառուցի  այդ հատվածները կամ թույլ տա Հայաստանին դա անել ինքնուրույն։ Ռուսաստանը, իհարկե, հրապարակավ չի արձագանքել այս առաջարկին։ Սակայն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունները պետք է բացվեն միայն 2020-2022 թվականների եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնագրերի համաձայն։

Ինչո՞ւ պետք է Թուրքիան բացի սահմանը, եթե Հայաստանի երկաթուղիները կապ ունեն միայն Վրաստանի հետ։ Ի՞նչ իմաստ ունի Թուրքիան բեռնափոխադրումների համար ճանապարհներ բացել, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ չկա։ Ի՞նչ իմաստ ունի Հայաստանով Վրաստան ճանապարհորդելը, եթե Թուրքիան վաղուց ունի ընդհանուր սահման Վրաստանի հետ։

Այս պայմաններում Թուրքիան կարող է միայն ձեռնարկել Էրդողանի ասած «խորհրդանշական» քայլերը, բայց ի՞նչ ազդեցություն կունենա դա տեղում։