
Step1.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։
Սկիզբը՝ այստեղ https://step1.am/blog/2025/12/27/42208/
– Դուք հայտարարել եք, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, այն փակված էջ չէ։ Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում հակամարտության լուծման համար։
– Այո, Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, այն փակված էջ չէ, ուստի հակամարտության կարգավորման նոր ուղիների, արցախահայության Արցախում վերահաստատվելու հիմնական գաղափարի իրականացման հնարավորությունների արծարծումը հրատապ անհրաժեշտություն է:
Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման խաղաղ հնարավորությունը․
Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման խաղաղ հնարավորությունը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է:
Մինչև չլինի Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման կայուն, տևական և արդյունավետ միջոց, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն իր ահաբեկչական գործելաոճը, Արցախի Հանրապետության նկատմամբ իր ապօրինի հավակնությունները չի դադարեցնելու:
Ի՞նչ կարող են անել դրա համար միջազգային հանրության անդամ պետությունները. ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Իսկ ինչո՞ւ չեն ճանաչում, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չի ճանաչել և չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը:
Կարծում ենք՝ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու օտարերկրյա պետությունների քաղաքական վարքագծի մեջ կա տրամաբանություն: Եթե Հայաստանի Հանրապետությունը, որն աշխարհի ամենաշահագրգիռ պետությունն է Արցախի Հանրապետության նկատմամբ բոլոր առումներով, չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը, ապա ինչո՞ւ պետք է մյուս պետությունները ճանաչեն:
Հարկ է նշել, որ դեռևս 1992թ. Ուրուգվայը, Արգենտինան և Բրազիլիան պատրաստ են եղել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, պայմանով, որ առաջինը այն ճանաչի Հայաստանի Հանրապետությունը:
Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական՝ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման հարցով գլխավոր բանակցողներից մեկը՝ Ժիրայր Լիպարիտյանը, 2021թ. դեկտեմբերի 13-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:
Հայաստանի Հանրապետության այն ժամանկվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ուրուգվայի, Արգենտինայի և Բրազիլիայի վարչակազմերի առաջ քաշած վերոնշյալ պայմանին արձագանքել է պայմանով՝ ասելով «թող մեկ երկիր ճանաչի, ես Ղարաբաղի անկախությունը կճանաչեմ»:
Քանի որ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, նշված պետությունները նույնպես հրաժարվել են Արցախի անկախության ճանաչումից:
2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան… վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը… հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման:»:
Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Համաձայն ՄԱԿ-ի կողմից 1966թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի՝ մարդն ունի բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես` կյանքի իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք և այլն:
2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված ռեզոլյուցիայի (որոշման) 1-ին կետի համաձայն՝ միջազգային դաշնագրերով սահմանված մարդու իրավունքները չեն կարող արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե չիրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները:
Ասվածն ավելի առարկայական է դառնում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի համատեքստում: 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 18-ը Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով զանգվածաբար խախտվել էին Արցախի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը, որը սահմանված է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածով:
Եթե միջազգայնորեն ճանաչված լիներ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, ապա դա հիմնարար երաշխիք կհանդիսանար արցախահայության մնացյալ բոլոր իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքի, արդյունավետ երաշխավորման և պաշտպանության համար:
Հետևաբար, Արցախի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերի՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և Արցախի Հանրապետությունում նրանց խաղաղ, անվտանգ և ստեղծարար կենսագործունեությունն արդյունավետ կերպով ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է:
Երբ ասվում է, որ արցախահայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, նկատի է առնվում հետևյալը՝
Իսկ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը հասնելու հնարավորություններից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:
Հաշվի առնելով՝
Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Անհրաժեշտ է նշել, որ դեռևս 1992թ. Հայաստանի Հանրապետությունը որոշակի քայլ է կատարել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ուղղությամբ: 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշում:
Նշված որոշումը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա:
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը դեռևս 1992թ. հուլիսին ճանաչել է արցախահայության կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները:
Պետք է նշել, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, կամ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը չի կարող որևէ կերպ խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնորոշման սկզբունքը սահմանված է որպես նպատակ, իսկ տարածքային ամբողջականությունը՝ որպես սկզբունք: Այսպես, կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ մասով, մասնավորապես, սահմանված է. «Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են… 2. Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա…», իսկ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասով, մասնավորապես, սահմանված է. «Կազմակերպությունը և նրա անդամները, հետամուտ լինելով 1-ին հոդվածում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն…. 4. Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:»:
Մեջբերումներից պարզ է դառնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածում շարադրված սկզբունքները պետք է հիմք հանդիսանան կանոնադրության 1-ին հոդվածում շարադրված նպատակներին հասնելու համար: Այսինքն՝ տարածքային ամբողջականությունը, որպես ՄԱԿ-ի սկզբունք, պետք է հիմք հանդիսանա հասնելու ժողովուրդների ինքնորոշմանը որպես ՄԱԿ-ի նպատակի:
Փաստորեն, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ժողովուրդների ինքնորոշումը տարածքային ամբողջականության նկատմամբ ունի գերակա դիրք:
Տարածքային ամբողջականության նկատմամբ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակա դիրքի մասին է վկայում նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը:
Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին ընդունել է խորհրդատվական եզրակացություն միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման համապատասխանության վերաբերյալ:
Դատարանը քննության է առել նաև «տարածքային ամբողջականություն» հասկացությունը և տվել հետևյալ մեկնաբանությունը. «տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակը սահմանափակվում է միջպետական հարաբերությունների ոլորտով»:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին կարելի է խոսել միայն միջպետական հարաբերությունների ոլորտում, այսինքն՝ երկու կամ ավելի պետությունների միջև հարաբերությունների ոլորտում: Այդ ոլորտից դուրս չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Ավելի պարզ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը կարելի է կիրառել միայն պետությունների միջև հարաբերությունների մասին խոսելիս:
Քանի որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը միջպետական հարաբերությունների ոլորտում գտնվող հակամարտություն չէ, հետևաբար այս հակամարտության պարագայում չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին:
Այսպիսով, Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության լույսի ներքո օկուպանտ Ադրբեջանը Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում չի կարող խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մասին:
Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր: Այս քայլով առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, առ այն, որ եթե պայմանագրի կողմերից մեկը ագրեսիայի կենթարկվի որևէ երրորդ պետության կողմից, ապա պայմանագրի մյուս կողմը կունենա լեգիտիմ իրավունք և պարտականություն ռազմական աջակցություն տրամադրել ագրեսիայի ենթարկված կողմին և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, նրա փոխարեն, առավել ևս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերին:
Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն վեց հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:
Առաջին հարմար հնարավորությունը եղել է 1991թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ այդպիսով ազդարարելով նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի անկախության իրավական գործընթացի մեկնարկի մասին, որին ի պատասխան Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ ներգրավելով «…միջազգային ահաբեկչական ցանցերի` Թալիբանի և Ալ-Կաիդայի ավելի քան 2000 և ահաբեկիչ Շամիլ Բասաևի հարյուրավոր չեչեն գրոհայիններին:»:
Երկրորդ հարմար հնարավորությունը եղել է մինչև 1994թ. մայիսի 9-11-ը հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումը, երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը չէր դադարեցնում ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի մոտավորապես 9%-ը:
Սակայն, փոխանակ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը 1992թ. մարտի սկզբին հրապարակային հանդես է եկել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի կազմ մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու օգտին:
Այսպես, 1992թ. մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել “Комсомольская правда” ռուսալեզու թերթին և, մասնավորաբար, ասել հետևյալը. “Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, ведь при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнидеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне.”.
Մեջբերումից պարզ է դառնում, որ 1992թ. մարտ ամսվա դրությամբ՝
Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման նման մոտեցմամբ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել այն պարագայում, երբ 1988թ. Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ և Գանձակ քաղաքներում, 1990թ. մայրաքաղաք Բաքվում տեղի էին ունեցել հայերի ցեղասպանություն և բռնի տեղահանություններ, իսկ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել էին Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունը:
Երրորդ հարմար հնարավորությունը եղել է 2016թ., երբ նույն թվականի ապրիլի 2-ին օկուպանտ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, երկրորդ անգամ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության դեմ և մինչև ապրիլի 5-ը չի դադարեցրել ռազմական գործողությունները:
Ի՞նչ է արել Հայաստանի վարչակազմը: ՀՀ երրորդ նախագահը, փոխանակ անմիջապես ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, պատերազմի 3-րդ օրը՝ 2016թ. ապրիլի 4-ին, իր աշխատավայր է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին և բառացիորեն ասել հետևյալը. «…մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:»:
Ինչո՞ւ դա արվեց, ո՞րն էր դրա նպատակը: Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է բավականին հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:
Եթե Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, ապա որևէ առանձին երկիր, որևէ միջազգային կառույց հիմք չէր ունենա քննադատելու, կամ առավել ևս դատապարտելու Հայաստանի նման քայլը: Ինչո՞ւ, քանի որ Ադրբեջանը դուրս էր եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցային ձևաչափից և դիմել ուժի՝ այդպիսով խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներից մեկը, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին սկզբունքը, որն ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին դրված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կողմից առաջարկված և հակամարտող կողմերի կողմից ընդունված կոնֆլիկտի կարգավորման հիմքում:
Չորրորդ հարմար հնարավորությունը եղել է 2020թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 27-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների օգնությամբ երրորդ անգամ հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և մինչև նույն թվականի նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի ևս, մոտավորապես, 75%-ը:
Հինգերորդ հարմար հնարավորությունը Հինգերորդ հարմար հնարավորությունը եղել է 2022թ., երբ նույն թվականի դեկտեմբերի 12-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի ամբողջական դադարեցման մասին» եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) հայտարարությունը, հանձինս ուժային կառույցների նախկին և ներկա մի խումբ ծառայողների, ովքեր հանդես էին գալիս իբրև էկոակտիվիստներ, արգելափակել է Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածը, իսկ 2023թ. ապրիլի 23-ին Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող ճանապարհահատվածում՝ Հակարիի կամրջի հարակից հատվածում, տեղադրել է ապօրինի հսկիչ անցագրային կետ:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից այսպես կոչված էկոակտիվիստներով, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից ապօրինի հսկիչ անցագրային կետի տեղադրմամբ արգելափակելով Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղին՝ Ադրբեջանն ավելի քան ինը ամիս շարունակ շրջափակման մեջ է պահել արցախահայությանը՝ ենթարկելով նրանց ցեղասպանության:
Վեցերորդ հարմար հնարավորությունը կրկին եղել է 2023թ. սեպտեմբերի 19-ին: Այդ օրն օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:
Սակայն, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2023թ. սեպտեմբերի 19-ին ժողովրդին ուղղված ուղերձում, մասնավորաբար, հայտարարել է. «…պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: …Բայց ինչպես ասել եմ և ասում եմ, հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»:
Իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, կրկին ժողովրդին ուղղված ուղերձում էլ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «…Ամեն դեպքում մենք, կրկին ասում եմ, տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին»:
Այսինքն՝ Ադրբեջանն Արցախի հայությանը ենթարկում է ցեղասպանության, սակայն Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարում է, որ «…տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին»:
Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Ցավոք, բոլոր առնվազն վեց հարմար հնարավորություններն էլ Հայաստանի Հանրապետությունը բաց է թողել օրվա իշխանության քաղաքականապես անհեռատես և անհիմն հաշվարկների արդյունքում:
Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա բոլոր վարչակազմերը հայտարարում էին և հայտարարում են, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա կհանգեցնի պատերազմի ընդդեմ Ադրբեջանի, քանի որ դրանով Հայաստանը կհամարվի ագրեսոր և այլն:
Ժամանակը ցույց տվեց, որ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա բոլոր վարչակազմերի մոտեցումները քաղաքականապես սնանկ են և հիմնազուրկ:
Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը կոպտագույն սխալ են թույլ տվել և շարունակում են թույլ տալ՝ չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը նրա անկախության հռչակման պահից սկսած մինչ օրս:
Համոզիչ չէ Արցախի Հանրապետությունը չճանաչելու մասին ցանկացած փաստարկ, ում կողմից էլ այն կներկայացվի: Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, գրեթե անհնար է ակնկալել, որ այն կճանաչվի որևէ երրորդ պետության կողմից:
Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ գրեթե 30 տարի զբաղվում էր կանֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը: Սակայն Սդրբեջանը հարցը փորձեց լուծել ուժային ճանապարհով՝ պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ: Փաստացի Ադրբեջանը դուրս եկավ խաղաղ բանակցային ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությունից: Այս պարագայում հարց է առաջանում. միջազգային հանրությունը Ադրբեջանին համարե՞լ է ագրեսոր, պատժամիջոցներ կիրառե՞լ է Ադրբեջանի նկատմամբ վեճերի խաղաղ կարգավորման մասին և ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտում և միջազգային իրավական այլ ակտերում արձանագրված սկզբունքները: Պատասխանն ավելի քան հստակ է՝ ոչ:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, ըստ որի Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման դեպքում Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ, հարկ ենք համարում նշել հետևյալը. պատերազմը Ադրբեջանի հետ չի ավարտվել: Ադրբեջանը մշտապես պատերազմ է վարել ընդդեմ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, իսկ Արցախի օկուպացիայից հետո էլ պատերազմ է վարում ընդդեմ Հայաստանի: Պարզապես այդ պատերազմն այսօր ակտիվ ռազմական գործողությունների վարման փուլում չէ:
Ի վերջո, եթե ՀՀ նախկին վարչակազմերից որևէ մեկը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Հայաստանի որևէ ապագա ղեկավար, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը, չէր կարող հայտարարել, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը: Ինչո՞ւ, քանզի նախքան այդ հայտարարությունը, Հայաստանի Հանրապետությունը համապատասխան իրավական ակտի ընդունմամբ արդեն պաշտոնապես ճանաչած կլիներ Արցախի անկախությունը: Եվ եթե այդ պարագայում Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, հանդես գար Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությամբ, ապա նման հայտարարությունը չէր կարող ունենալ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ առավել ևս իրավական նշանակություն, իսկ նման հայտարարության հեղինակը կհայտնվեր անհասկանալի իրավիճակում:
Ի դեպ, Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար Ռուսաստանի Դաշնության նախագահը երեք անգամ ուղղակի, երեք անգամ անուղղակի կերպով քննադատել է Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերին:
2022թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքի Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածն Ադրբեջանի կողմից փակելու մասին հարցը:
Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամների ներկայացուցիչները և ոչ մշտական անդամների առանձին ներկայացուցիչներ:
Բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների:
Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կոչերը հասցեական էին՝ ուղղված Ադրբեջանին, մնացածների, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կոչերը՝ անհասցե: Ավելին՝ Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել հասնել նրան, որ միջանցքը մասնակի բացվել է:
Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքը Ադրբեջանի կողմից ապօրինաբար արգելափակելու մասին հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երկրորդ անգամ քննարկվել է 2023թ. օգոստոսի 16-ին:
Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր՝ հինգ մշտական և տասը ոչ մշտական անդամ-երկրների ներկայացուցիչները: Ինչպես առաջին անգամ, երկրորդ անգամ ևս բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների:
Արգելափակված միջանցքը բացելու մասին Ֆրանսիայի, Մալթայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կոչերը հասցեական էին՝ ուղղված Ադրբեջանին, մնացածների, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կոչերը՝ անհասցե:
Նկատի ունենալով, որ հարցի՝ երկու անգամ քննարկման ժամանակ փակված միջանցքը բացելու վերաբերյալ Ադրբեջանին հասցեական կոչեր են ուղղել միայն Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մալթայի ներկայացուցիչները՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցով հարկ է առաջնահերթորեն աշխատանքներ տանել հենց այդ պետությունների հետ:
Նշված պետությունների ցանկին պետք է ավելացնել նաև Ուրուգվային որպես հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն:
Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վարչակազմերը Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցով առաջնահերթորեն պետք է աշխատանքներ սկսեն Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մալթայի և Ուրուգվայի հետ:
Այսպիսով, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման խաղաղ հնարավորությունը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, իսկ դրան հասնելու հնարավորություններից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:
Կա նաեւ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման ոչ խաղաղ կամ ուժային հնարավորությունը։
Շարունակելի