
2026թ. հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար, հայտնում է ԱԳՆ-ն:
Նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում երկրները որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:
«Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը», – ասված է Երևանի հաղորդագրության մեջ:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել էր, որ ինտենսիվ և շատ դրական երկխոսություն կա Թուրքիայի հետ, ընդգծելով՝ «ժամանակն է, որ ունենանք մեծ, շոշափելի առաջընթաց գետնի վրա»: