
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը փորձել են հարձակվել Նովգորոդի մարզի Վալդայում գտնվող նախագահական նստավայրի վրա։ Նա հավելել է, որ Մոսկվան արդեն իսկ որոշել է «պատասխան հարվածի» թիրախները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուտ է որակել Կիևի կողմից հարձակմանը մասնակցելու մասին պնդումը։
Լավրովը հայտարարել է. «Միևնույն ժամանակ, մենք մտադիր չենք դուրս գալ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացից։ Սակայն, հաշվի առնելով Կիևի հանցավոր ռեժիմի լիակատար դեգրադացիան, որը պետական ահաբեկչության քաղաքականություն է ընդունել, Ռուսաստանի բանակցային դիրքորոշումները կվերանայվեն»։
Ինչպես Զելենսկին կարճ ժամանակ անց Telegram-ում գրել է, հարձակման փորձի մեղադրանքները կարող են օգտագործվել Մոսկվայի կողմից՝ Ուկրաինայի դեմ նոր հարվածներ հասցնելու համար։
«Վերջերս մենք լսեցինք Ռուսաստանից մի քանի շատ վտանգավոր հայտարարություններ, որոնք ակնհայտորեն ուղղված էին նախագահ Թրամփի թիմի հետ մեր համատեղ աշխատանքի բոլոր նվաճումները խաթարելուն։ Մենք համատեղ աշխատում ենք խաղաղությունը մոտեցնելու համար», – գրել է նա։ «Այժմ ռուսները հորինել են ակնհայտորեն կեղծ պատմություն ռուս բռնապետի ինչ-որ նստավայրի վրա ենթադրյալ հարձակման մասին, ուստի նրանք ունեն պատրվակ շարունակելու հարձակումները Ուկրաինայի, մասնավորապես՝ Կիևի վրա, և հրաժարվելու պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց։ Սա ռուսական տիպիկ խաբեբա մարտավարություն է։ Նրանք արդեն հարձակվել են Կիևի, մասնավորապես՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքի վրա»։
Զելենսկին կոչ արեց միջազգային հանրությանը «հիմա բարձրաձայնել, որպեսզի ռուսները չխափանեն խաղաղության հասնելու շարժը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցնցված էր Ուկրաինայի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձի մասին հաղորդագրություններից, Թրամփ-Պուտին նոր հեռախոսազրույցից հետո ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքերը հաղորդել է RBC-ի թղթակիցը։
Իր հերթին Լավրովը պնդում է, որ թեկուզ զոհեր կամ վնասներ չկան, սակայն Մոսկվան մտադիր է արձագանքել այս հարձակմանը, և Ռուսաստանի պատասխան հարվածի թիրախներն ու ժամանակը արդեն որոշված են։