Հարցը ոչ միայն նյութական կորուստն է, այլ հոգեկան ապրումները

  • 22:47 02.01.2026

Վերջին շրջանում արձանագրվում են արցախցիների վարձակալած բնակարաններից կատարված գողության դեպքեր։

Ամանորի նախաշեմին նման դեպք է կատարվել արցախցի նորաստեղծ մի ընտանիքի հետ։ Երիտասարդներն ընտանիք են կազմել մի քանի ամիս առաջ։ Նախ տուն են վարձակալել Աջափնյակ վարչական շրջանում, ապա տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Ամուսինը, ով Արցախի ՊԲ-ի սպա էր, այժմ տաքսու ծառայություններ է մատուցում, իսկ կինն աշխատանքի է անցել Երևանի տպագրատներից մեկում։ Նա գերազանցության դիպլոմներով է ավարտել ԱրՊՀ-ն և ԵՊՀ մագիստրատուրան։

Նորաստեղծ ընտանիքը ցանկանում էր, անկախ բոլոր դժվարություններից, հնարավորինս ինտեգրվել նոր իրականությանը, շարունակել աշխատել ու ստեղծել։ Սակայն երիտասարդ ամուսինները ցավալի անակնկալի եկան, երբ հայտնաբերեցին իրենց բնակարանից կատարված գողությունը, որը հասնում էր շուրջ 5 մլն դրամի (ոսկեղեն և խոշոր չափի գումար)։

Միանգամից թևաթափ եղան։  Տեղահանված, ամեն ինչ կորցրած, զրոյից նոր կյանք սկսող և Մայր Հայաստանում ապաստան գտած արցախցին չի կարողանում հասկանալ, թե ով հանդգնեց նման հանցագործություն ու ստոր քայլ կատարել։ Հարցը ոչ միայն նյութական կորուստն է, այլ այն մեծ վիրավորանքն ու հոգեկան ապրումները, որ զգում է բռնատեղահանված ընտանիքը։

Զույգը հորդորում է բոլորին զգույշ լինել, որպեսզի չհայտնվեն նման իրավիճակում ու չհիասթափվեն մարդկանցից։

Նրանք հույս ունեն, որ հարուցված քրեական վարույթի շրջանակում ՀՀ իրավապահ մարմինները կանեն հնարավորն ու անհնարինը հանցագործությունը բացահայտելու և իրենց վնասը վերադարձնելու համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ