«Վերադարձ» հայերի տներ և անձրևից վնասվող «թղթե տնակներ»

  • 11:04 03.01.2026

Ալիևի քարոզչական մեքենան տեսանյութ է տարածել, որտեղ Ալիևը իր ծննդյան օրը այցելում է Ստեփանակերտ «վերադարձած» ընտանիքին։ Կադրում երևում է 1990-ականներից հետո կառուցված մի տուն, որտեղ 35 տարի ապրել է հայ ընտանիք։

Ու՞ր են «վերադառնում» ադրբեջանական ընտանիքները։ Նրանցից քանի՞սն են ապրել Ստեփանակերտում մինչև 1990 թվականը։ Եվ որքա՞ն ճշմարտություն կա Բաքվի քարոզչական մեքենայի տեսանյութերում։

Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը տեսանյութ է հրապարակել Բաքվի կառավարության կողմից Աղդամի շրջանի մի գյուղում բնակելի շենքերի կառուցման հետ կապված լուրջ ռիսկերի մասին։ Թերթի տվյալներով՝ շենքերը կառուցվում են դյուրավառ նյութերից, մասնավորապես՝ պոլիստիրոլից (փրփուր)։

Նշվում է, որ առաջին հայացքից շենքերը բավականին ներկայանալի են թվում, բայց իրականում դրանք «թղթե տնակներ» են, որոնք կառուցվել են «ցուցադրության համար»։

Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանի իշխանությունները կառուցում են տներ, որոնք վնասվում են նույնիսկ թույլ տեղումներից։

«Մեծ վերադարձը» ակնհայտորեն չի ստացվում։ Ալիևը նույնիսկ բանտից ազատ է արձակում «Ղարաբաղում կռված» հանցագործներին, որպեսզի գոնե նրանք «վերադառնան»։ Սակայն ոչ ոք չի ուզում «վերադառնալ» մի վայր, որտեղ զինվորներն ու ոստիկանները ապրում են ուրիշների տներում, իսկ իրական սեփականատերերի հետ կապված ամեն ինչ ոչնչացվում է։