
ԱՄՆ-ի գործողությունը Վենեսուելայում անսպասելի չէր. «բանակցությունները» և սակարկությունները ամիսներ շարունակ ընթանում էին, ակնհայտորեն՝ առանց որևէ արդյունքի: Փոքր հրթիռային հարձակումից հետո այսօր նախագահ Մադուրոն և նրա կինը դուրս բերվեցին երկրից։
Բառացիորեն այսօր առավոտյան համացանցում շրջանառվում էին լուսանկարներ, որտեղ Մադուրոն, ակնհայտորեն, հանդիպում էր Չինաստանի դեսպանի հետ և աջակցություն էր խնդրում: Չնայած Մոսկվան է համարվում Վենեսուելայի «պաշտոնական» դաշնակիցը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «դատապարտեց», բայց ձեռնպահ մնաց Կարիբյան ավազան ռազմանավեր ուղարկելուց: Մոսկվան այլևս այն չէ, ինչ Խրուշչովի ժամանակ էր, և այն մտադիր չէ վիճել Թրամփի հետ: Հատկապես հիմա, երբ Թրամփը ակտիվորեն առաջ է մղում «ուկրաինական կարգավորումը» Ռուսաստանի օգտին: Ամեն ինչ գին ունի. Դոնբասը Ռուսաստանին, իսկ Վենեսուելան՝ ԱՄՆ-ին:
ԱՄՆ-ի առաջարկները Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ ամփոփվում են պարզ սկզբունքի մեջ. ինչ կարող ես բռնագրավել ուժով, քոնն է։
Պանդորայի արկղը Արցախում բացվեց, երբ 2020 թվականին, հենց Թրամփի առաջին նախագահական ժամկետի ավարտին, Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ և բռնագրավեց Արցախի տարածքի երկու երրորդը։ Աշխարհը չճանաչեց Արցախի մի մասի բռնագրավումը, բայց նաև չդատապարտեց ռազմական լուծումը. Ալիևի դեմ պատժամիջոցներ չկիրառվեցին, Արցախում ռուսական զորքերի ներկայությունը չվիճարկվեց, իսկ 2022 թվականին Մակրոնն ու Միշելը համոզեցին Փաշինյանին Պրահայում ստորագրել փաստաթուղթ, որով Արցախն ու Նախիջևանը «ճանաչվում» էր որպես Ադրբեջանի մաս՝ հիմնվելով «խորհրդային սահմանների» վրա։ Իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում, նախաստորագրվեց համաձայնագիր, որը, եթե ստորագրվի, կօրինականացներ «հակամարտության» ռազմական լուծումն ու “սովետական սահմանները”։
Աշխարհը չդատապարտեց Ալիևին Արցախի 10-ամսյա շրջափակման, 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիայի, բնիկ հայ բնակչության տեղահանության համար։ Չնայած պաշտոնապես այդպես էլ չճանաչվեց ռազմական լուծման արդյունքը, Արցախում տեղի ունեցած իրադարձությունները բացեցին Պանդորայի արկղը։
2020 թվականի Արցախյան պատերազմից և ռուսական զորքեր մտցնելուց հետո 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և գրավեց դրա զգալի մասը։ 2023 թվականին հայերի Արցախից տեղահանվելուց անմիջապես հետո Իսրայելը գործողություն սկսեց Գազայում։ 2024 թվականին Թուրքիայի պրոքսիները տապալեցին Ասադին Սիրիայում։ 2025 թվականի հունիսին սկսվեց Իրան-Իսրայել պատերազմը։ Այժմ Թրամփը գործողություն է սկսել Վենեսուելայում։
Վերոնշյալ հակամարտություններից և պատերազմներից ոչ մեկը վերջնական լուծում չի ստացել, ավելին, հակամարտությունների լուծման ընդհանուր սկզբունք չի մշակվել։ Եթե ԽՍՀՄ-ի և սոցիալիստական բլոկի փլուզումից հետո ընդունվեց «խորհրդային սահմանների պահպանում՝ առանց ԽՍՀՄ-ի վերականգնման» սկզբունքը, ապա այժմ գործում է «ով ավելի ուժեղ է» կամ «ով ավելի շուստրի» է սկզբունքը։
Ընդհանուր իրավական սկզբունքի բացակայությունը քաոս է ստեղծում աշխարհում, որտեղ ոչ մի երկիր ապահովագրված չէ ռազմական լուծումից կամ ռեժիմի փոփոխության գործողությունից։ Սակայն ռազմական լուծումը երկկողմանի սուր է։ ԵՄ-ի, Իրանի և Թայվանի շուրջ շրջանակը սեղմվում է։