Վենեսուելայում ԱՄՆ գործողության ընթացքում 32 կուբացի է զոհվել. հաջորդը Կո՞ւբան է

  • 09:44 05.01.2026

Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ, որի արդյունքում գերևարվեց նախագահ Նիկոլաս Մադուրոն, սպանվել է 32 կուբացի, որոնք առաքելություն էին իրականացնում Վենեսուելայի կառավարության խնդրանքով, հաղորդում է Cubadebate-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One ինքնաթիռում հայտարարել էր, որ գործողության ընթացքում «շատ կուբացիներ» են զոհվել։

The New York Times-ը, հղում անելով վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի։

Թրամփը հայտարարել է, որ Կուբան «ընկնում է»։

«Կուբան, կարծես, ընկնելու է։ Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք մնալու ջրի երեսին, քանի որ Կուբան այս պահին եկամուտ չունի։ Նրանք իրենց ամբողջ եկամուտը ստացել են Վենեսուելայից, վենեսուելական նավթից», – ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում։ Բայց հիմա նրանք ոչինչ չեն ստանալու, վստահեցրել է նա։

Մինչ այդ, Մար-ա-Լագոյում, Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ Կուբայում «իրավիճակը լավ չէ», և որ երկրի ժողովուրդը «տառապել է շատ, շատ տարիներ»։ Նա երկիրը նկարագրել է որպես ծանր վիճակում գտնվող։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն (որի ծնողները կուբացի ներգաղթյալներ էին) հայտարարել է. «Եթե ես ապրեի Հավանայում և լինեի կառավարությունում, ես կանհանգստանայի՝ գոնե մի փոքր»։ Հարցին, թե արդյոք Կուբան ԱՄՆ-ի հաջորդ թիրախն է Վենեսուելայից հետո, պետքարտուղարը նշել է, որ Կուբայի կառավարությունը հսկայական խնդիր է։

Ռուբիոն նաև ասել է, որ Վենեսուելան այլևս չի լինի Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի, Իրանի և այլ երկրների ֆորպոստը։ ԱՄՆ-ն, ըստ էության, «մաքրում» է Արևմտյան կիսագունդը։ Բայց արդյո՞ք դա լքում է Արևելյան կիսագունդը։